Երեկ Երեւանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ փետրվարի 3-ի առավոտյան ՀՀ ոստիկանությունը Հ. Գեւորգյանին կալանավորել էր` պատճառաբանությամբ, թե իբր լրագրողը հունվարի 23-ից հետախուզման մեջ է եղել ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
Ինչեւէ, միայն երեկ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը որոշում է կայացրել փոխել Հ. Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ նրան ազատել կալանքից: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը փետրվարի 6-ին որոշում է կայացրել փոփոխել Հ. Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Նկատի ունենալով, որ Հ. Գեւորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր` դատախազի գնահատմամբ նման պայմաններում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Ուստիեւ, որոշում է կայացվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասված է ՀՀ դատախազության մամլո հաղորդագրության մեջ: Իսկ այդ պարագայում արդյո՞ք ապօրինի չէր Հ. Գեւորգյանին 3 օր կալանքի տակ պահելը: Մեր այս հարցին ի պատասխան, Հ. Գեւորգյանի փաստաբան Վահե Գրիգորյանն ասաց. «Իրեն պահել են կեղծ տեղեկատվության, դատարանին մոլորության մեջ գցելու արդյունքում ձեռք բերած կալանքի որոշման հիման վրա»: Փաստաբանը նշեց նաեւ, որ Հ. Գեւորգյանի` անազատության մեջ մնալու 72 ժամը գերազանցվել էր, այսինքն` լրագրողին ձերբակալել էին փետրվարի 3-ի առավոտյան ժամը 11:30-ին, իսկ կալանքը փոփոխելու արձանագրությունը կազմվել էր փետրվարի 6-ին, ժամը 12:09-ին: Հարցին, թե Հ.Գեւորգյանի հետ կատարված դեպքն իրավական հարթության վրա դիտարկելիս ի՞նչ խախտումներ կառանձնացներ, փաստաբան Գրիգորյանը պատասխանեց. «Անձնական ազատության իրավունքի խախտումը, որ տեղի էր ունեցել դատարանի որոշման հիման վրա, որը ձեռք էր բերվել նախաքննության մարմնի կողմից տրամադրված կեղծ տեղեկատվության հիման վրա: Այսինքն` քննիչի կողմից դատարանում ներկայացրել էին այնպիսի նյութեր ու տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»: Իսկ ինչ վերաբերում է Ոստիկանության այն պնդմանը, թե Հայկ Գեւորգյանին Ոստիկանություն ներկայանալու մասին ծանուցագիր էին ուղարկել, սակայն լրագրողը չէր ներկայացել, փաստաբանը նկատեց. «Ծանուցագրերից եւ ոչ մեկը օրենքի տառին չէր համապատասխանում: Այդ ծանուցագրերը օրենքով նախատեսված ձեւով չէին կազմված: Խոսքը միայն մեկ ծանուցագրի մասին է»: Իսկ երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բակում Ոստիկանությունից իր «թաքնվելուն» անդրադարձավ նաեւ Հ. Գեւորգյանը` նկատելով. «Հինգշաբթի օրերին երկու անգամ «թաքնվել» եմ Կառավարությունում, երկու անգամ «թաքնված եմ եղել» ասուլիսներում, ամեն օր թերթի էջերում եմ «թաքնված» եղել` բացի շաբաթ եւ կիրակի օրերից»: «Ձերբակալությունը նախապատրաստել են ամսի 13-ից մինչեւ 2-ը` 20 օր, եւ նույնիսկ էդ պայմաններում իրենք դա իրականացրել են ահռելի խախտումներով»,- ասել է Հ. Գեւորգյանը: Վերջինս իր հետ կատարվածը որակեց իբրեւ զգուշացում: «Ավելի շատ զգուշացում էր: Չեմ կարծում, թե այդպես ինձ պատժում են»,- նշեց լրագրողը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով` Հ. Գեւորգյանի հետ կատարվածը մարդու իրավունքների հստակ խախտում է: «Շատ անսպասելի դեպք էր: Եվ եթե խոսենք մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից, ապա առաջին հերթին շատ կասկածելի միջադեպ է, եւ այդ միջադեպի հետ կապված ամենազարմանալին այն էր, որ այդպիսի օպերացիա է կատարվել, եւ մարդուն 3 օրով ապօրինի զրկել են ազատությունից: Մանավանդ, ինչքան ինձ հայտնի է, նրան թույլ չի տրվել նաեւ առաջին զանգը կատարելու, եւ երկար ժամանակ խոչընդոտվել է փաստաբանի ներկայությունը: Սա արդեն հստակ խախտում է: Եվ երկրորդ` ըստ էության, Ոստիկանությունը խափանման միջոց է կիրառել ձերբակալումը, որը լրիվ անհասկանալի է այս դեպքում: Այսինքն` մենք գործ ունենք Ոստիկանության ապօրինի գործողությունների հետ»,- ասաց Ա. Իշխանյանը: Նրա կարծիքով` կատարվածը պայմանավորված է ոչ թե նախընտրական փուլում ակտիվ լրագրողների դեմ արշավով, այլ ոստիկանապետ Վովա Գասպարյանի անձնական խնդրով: «Չեմ կարծում, թե այս փուլում իշխանություններին պետք էր, որ աղմուկ բարձրացնեին: Իմ պատկերացմամբ` սա ոստիկանապետի անձնական նախաձեռնությունն էր, թերեւս, շատ հավանական է, տղայական վրեժ լուծելու մտածելակերպով,- նշեց իրավապաշտպանը` ավելացնելով,- Եթե հասարակությունը, լրագրողները այս հաբը կուլ տային, այդպիսի մեծ աղմուկ չբարձրանար, գուցեեւ դա շարունակություն կունենար, եւ «դաս» կլիներ մյուսների համար»: Երեկ դեպքի առնչությամբ պաշտոնական տեղեկություններ փորձեցինք ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղ, սակայն, մեզ ասացին, որ որեւէ բան չեն կարող ասել, եւ պետք է հետեւել կատարվող քննության արդյունքներին: