Հին աստվածներ

07/02/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երիտասարդ մի քիմիկոս իր ուսուցչին հայտնում է, թե պատրաստվում է այնպիսի նյութ ստեղծել, որի մեջ կլուծվեն անխտիր բոլոր նյութերը: Ուսուցիչը հետաքրքրվում է. «Իսկ ինչի՞ մեջ ես նախատեսում պահել հայտնագործածդ նյութը»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում առաջարկել է ստորագրահավաք սկսել. «Առաջարկում եմ (…) դիմենք ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` պահանջելով (՞-Լ.Ա.) իրենցից Հայաստանին վերադարձնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը»: Երիտասարդ քիմիկոսի պատմությունն այստեղ տեղին է ոչ այն իմաստով, որ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը Հայաստանում վայել ներկայացնելու տեղ չենք գտնի: Այն կա: Խնդիրն այն է, թե որքանով այս նախաձեռնությունն իմաստ ունի առհասարակ:

Նախարար Արմեն Աշոտյանն առաջինը չէ, ում անհանգստացնում է Անահիտ աստվածուհու արձանի բեկորների աշխարհագրությունը: Մայր Անահիտի բրոնզաձույլ արձանի բեկորները Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու կոչով ՀՀ կառավարությանը դեռեւս 2010 թվականով թվագրված նամակ է ուղարկվել Հայ արիական միության կողմից (այն կարող եք ընթերցել HayAry.org կայքում): Նամակում իշխանություններին կոչ է արվում` անել ամեն ինչ` հայրենիք վերադարձնելու Անահիտ աստվածուհու արձանի մասերը: «Այս ձեռնարկը լուրջ պատմական քայլ կլինի` Հայոց Ազգային արժեքները վերագնահատելու, նրանցով զորեղանալու եւ մեր ազգային միասնությունն ու կամքը վերահաստատելու ճանապարհին»: Ամենեւին կասկածի տակ չառնելով նամակագրի կամ կրթության եւ գիտության նախարարի հայրենասիրական մղումները` ինձ թույլ եմ տալիս նկատել, որ նման նախաձեռնությունները որեւէ ձեւով չեն կարող նպաստել «հայ ժողովրդի զորեղանալուն եւ մեր ազգային միասնությունն ու կամքը վերահաստատելուն»:

Մեզ թվում է` պետական համակարգում անտարբերություն է, տգիտություն ու կոռուպցիա, արտագաղթը զանգվածային է, որովհետեւ բազմաթիվ նշանավոր հայերի աճյունները դեռ չե՞նք վերաթաղել հայրենիքում կամ, դիցուք, Անահիտ աստվածուհու արձանը Լոնդոնի Բրիտանական թանգարանո՞ւմ է: Այն դեպքում, երբ կարող էր լինել Հայաստանի պատմության թանգարանում: Սա ցավալի մոլորություն է: Ժամանակին, եթե հիշում եք, հայրենասիրական ելույթներով, ճռճռան հիմնավորումներով հայրենիք բերվեցին զորավար Անդրանիկի, Սոսե մայրիկի աճյունները: Ինչ-որ մեկը կասի՞, թե դրանից մեր «ազգային միասնությունն ու կամքը վերահաստատվեցին»: Դժվար թե: Մեզ այս վիճակում անզոր են օգնել անգամ օրերս Պանթեոնում հանգրվանած բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքներն ու Սկյութարի հայկական գերեզմանոցի նրա շիրմից բերված հողը:

Մեր հայրենակիցներից քանի՞սը գիտի, որ Երեւանի Կոմիտասի անվան Պանթեոնում է Կոմիտասի գերեզմանը, կամ Օպերայի սրճարանների արանքում մոլորվածը մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրմաքարն է: Նույն տրամաբանությամբ բացարձակ ոչինչ չտվող նախաձեռնություն կամ ցանկություն է Բրիտանական թանգարանի նմուշներից մեկը, թող որ` Անահիտ աստվածուհու արձանի մասերը, Հայաստան բերելը:

Նախ` աշխարհի լավագույն թանգարանների բոլոր նմուշները հասանելի են յուրաքանչյուրին` վիրտուալ` ամենայն մանրամասնություններով, բոլոր տեղեկություններով, գիտական հղումներով: Վիրտուալն ու բնօրինակը, հասկանալի է, չես համեմատի. լրիվ այլ զգացողություն է մեկ մետր հեռավորությունից դիտել, օրինակ, Միքելանջելոյի «Պյետան»` Վատիկանի թանգարանում, կամ Միլանի դոմինիկյան հայտնի եկեղեցու պատին` Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը»: Սակայն սրանք նրբություններ են, որոնք կարող են սկզբունքային լինել իսկական արվեստասերների, նեղ մասնագետների համար: Շարքային սպառողի, այդ թվում եւ` արվեստ սպառողի համար չի կարող ճակատագրական համարվել` Անահիտ աստվածուհու արձանը դիտում է ինտերնետո՞վ (եթե երբեւէ դիտել է), թե՞ Ազգային պատկերասրահի շենքում, ուր, ի դեպ, կա Բրիտանական թանգարանում պահվող բեկորների կրկնօրինակը: Դրանից, խոշոր հաշվով, ոչինչ չի փոխվում: Ցավոք սրտի: Պիտի որ հայտնի լինի` մենք ունենք Հայաստանի ազգային պատկերասրահ: Այնտեղ պահվում է 25.000 կտավ: Այստեղ, Երեւանի կենտրոնում, կարելի է տոմս գնել (ի դեպ, անհամեմատ էժան, քան Բրիտանական կամ եվրպական որեւէ այլ թանգարանի տոմսերն են) եւ մանրամասնորեն դիտել Տինտորետտոյի, Ստրոցցիի, Ռուբենսի, Մարկ Շագալի, Օգյուստ Ռոդենի, Կանդինսկու, Այվազովսկու, Սարյանի, Կալենցի, Մինասի, Քոչարի եւ արվեստի բազում այլ նմուշներ: Հենց այստեղ են Եգիպտոսի եւ Հին Հունաստանի, Իրանի, Չինաստանի, Ճապոնիայի խեցեգործական, փայտե եւ այլ հավաքածուներ, հայ միջնադարյան որմնանկարչության եւ մանրանկարչության անկրկնելի գործեր: Եթե լարենք մեր հիշողությունը եւ փորձենք մտաբերել, թե երբ ենք վերջին անգամ այցելել Ազգային պատկերասրահ եւ ցուցասրահներում քանի՞ այցելու ենք տեսել` կտավի ապակուն սեփական արտացոլանքից բացի: Հասկանալի է, չենք հաշվում «Դալին եւ սյուրռեալիստները» ցուցադրությունը. սա այլ պատմություն է, որն, ավելի շուտ, հիշեցնում է Պաոլո Կոելիոյի երեւանյան այցը: Եթե այսքանից հետո ինչ-որ մեկը կարծում է, որ Անահիտ աստվածուհու վերադարձից հետո մեզ մոտ բարոյական կամ արժեքների վերագնահատման առումով ինչ-որ բան կարող է փոխվել, ուրեմն եկեք ստորագրություն հավաքենք: Եվ, թեեւ անհավանական է, հույս փայփայենք, որ բրիտանացիները մեզ կվերադարձնեն մեր Անահիտ աստվածուհուն:

Հ.Գ. Ի դեպ, մինչեւ 1995թ. Անահիտ աստվածուհին մեզ անհամեմատ մոտ էր: Այն մեր սրտի հարեւանությամբ էր: Ավելի կոնկրետ` ծոցագրպանում: 5000-անոց թղթադրամի վրա: