Սպանություն՝ սպիտակ խալաթներով

25/11/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նկարում պատկերված երիտասարդն Արման Քրմոյանն է։ Դեռ մի քանի ամիս առաջ նա իդեալական կին եւ ընտանիք ուներ: Տարիներ առաջ Արմանը ծանոթացել է Հ. Աճառյանի անվան համալսարանի Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն բաժնի ուսանողուհի Սյուզաննա Բադալյանի հետ: Սիրահարվել եւ կարճ ժամանակ անց ամուսնացել են, մեկնել հարսանեկան ճանապարհորդության:

«Սյուզաննան աշխույժ, կենսուրախ աղջիկ էր եւ կյանքը շատ էր սիրում: Նա կարողանում էր կյանքի ամեն վայրկյանը վայելել: Մեր նորաստեղծ ընտանիքի հետ կապված գեղեցիկ զգացումներ էինք ապրում: Ես այնքան երջանիկ էի…»,- ասում է Արմանը: Ամիսներ առաջ միակ բանը, որ ամուսինը կարողացավ Սյուզաննայի համար անել՝ սպիտակ զգեստ, սպիտակ դագաղ եւ սպիտակ «կատաֆալկա» բերելն էր, որովհետեւ ապրիլի 14-ին Սյուզաննան բժիշկների ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով ծննդաբերության ժամանակ մահացավ: 28-ամյա կնոջն այդ օրը Արմանը գտավ վիրահատական սեղանին` արնաքամ եղած: Այս ողբերգական պատմությունն Արմանին բազմիցս խնդրել են հրապարակել, սակայն վերջինիս ցավն այնքան ուժեղ է եղել, որ միայն լուռ տառապել է: Արմանը, ի վերջո, որոշեց մեզ պատմել իր ընտանիքի հետ կատարված դաժան պատմությունը, որպեսզի մեղավորները պատժվեն եւ Սյուզիի նման շատ մայրեր պաշտպանված լինեն փողի մոլուցքով տառապող անփույթ բժիշկներից:

Ես սիրել եմ Սյուզիին

Ամուսնությունից 5 տարի առաջ Սյուզաննայի հոր ընկերը մտերիմներին խորհուրդ է տալիս օրգանիզմը մաքրելու համար խոտաբույսեր օգտագործել: Մինչ դեղաբույսերի օգտագործումը Սյուզաննային խորհուրդ է տրվում սոնոգրաֆիայով հետազոտվել: Հետազոտության ընթացքում բժիշկներն ասում են, որ Սյուզաննայի մի երիկամի մոտ ինչ-որ գոյացություն կա: Մինչդեռ Սյուզին գանգատ չի ունենում եւ իրեն կատարյալ առողջ է զգում: Բժիշկներն առաջարկում են անհապաղ վիրահատել եւ գոյացությունը հեռացնել: Բժիշկների խոսքերով՝ չվիրահատելու դեպքում Սյուզին կարող է ապրել ընդամենը մեկ տարի, ոչ ավելի: Հարազատները չեն համաձայնում վիրահատության գնալ, գերադասում են, որ աղջիկը մեկ տարի էլ ապրի, եւ ռիսկի չեն դիմում: Եվ, չնայած բժիշկների այդ պնդումներին, անցնում են տարիներ, իսկ Սյուզին իրեն շատ առողջ է զգում: 5 տարի անց աղջիկը հանդիպում է Արմանին, սիրահարվում է: Մինչ ամուսնանալը Սյուզին Արմանին բժիշկների ներկայացրած վիճակը պատմում է: «Մենք սիրահարված էինք, եւ եթե անգամ բժիշկներին հավատայի, վստահ լինեի, որ նրան կարճ ժամանակ է մնացել՝ միեւնույն է, կամուսնանայի, որովհետեւ սիրում էի Սյուզիին: Բայց եթե նրան ճանաչեիք՝ կհասկանայիք, որ այդ ժիր աղջկա մեջ այնքան կյանք կար, որ մահվան վտագի մասին մտածելը ծիծաղելի էր: Նա իրեն շատ լավ էր զգում, շատ առողջ էր»: Շուտով Սյուզին հղիանում է: Արմանը Սյուզիին տանում է համապատասխան բժշկի՝ խորհրդատվության: Սյուզին հղիության հետ կապված որեւէ դժվարություն կամ խնդիր չի ունենում: Հետազոտությունից պարզվում է, որ երիկամների վիճակը նորմալ է, բնական ճանապարհով ծննդաբերում է: Ծնվում է նրանց առաջին զավակը՝ Հարությունը:

Ուռոլոգիական բաժնում կեսարյան հատում են անում

2004թ. Սյուզին կրկին հղիանում է: 8 ամսական հղիության ընթացքում որովայնի շրջանում ցավեր են սկսվում, թեւթեւ ջերմում է: Այս անգամ բժիշկները խորհուրդ են տալիս կեսարյան հատում անել՝ բացատրելով, որ սաղմը մեծանում է եւ, դիպչելով երիկամին, ցավ է առաջացնում: Նրանք պատճառաբանում են, որ կեսարյան հատումով ծննդաբերությունից հետո Սյուզիի օրգանիզմի ցավերը կհանգստանան: Արմանը Սյուզիին տանում է Մարգարյանի անվան հիվանդանոց, որպեսզի կեսարյան հատումն իրականացնեն: Բժշկուհին, երիկամի մասնագետ չլինելու պատճառով, Արմանին խորհուրդ է տալիս` կնոջը սկզբում տանել Էրեբունի բժշկական կենտրոնի ուռոլոգիայի բաժին` Սյուզիի երիկամը ստուգելու, որից հետո կեսարյան հատումն անել: Արմանը պատմում է. «Բժշկուհին ասաց՝ այնտեղ իմ ծանոթ բժիշկն է, ուռոլոգ Երվանդ Հարությունյանը, լավ մասնագետ է: Թող ստուգի, հետո կգաք, կեսարյան հատում կանենք»: Չարաբաստիկ այդ Երվանդ Հարությունյանի մոտ գնացինք, կինս բացատրեց, թե մարմնի որ մասն է ցավում: Երվանդը գլյուկոզա՞, թե՞ ինչ-որ ցավազրկող կաթիլային դեղ ներարկեց. 10-15 րոպեից կինս իրեն շատ լավ էր զգում»,- պատմում է Արմանը: Իսկ երբ ամուսինները ցանկացել են վերադառնալ Մարգարյանի անվան հիվանդանոց, ուռոլոգիայի բաժնի վարիչ Երվանդ Հարությունյանն Արմանին խորհուրդ է տվել Սյուզիին պառկեցնել հենց իրենց հիվանդանոցում եւ ոչ թե Մարգարյանում: Արմանը հիշում է՝ «Երվանդն ասաց՝ Արման ջան, ինչի՞ նորից գնաք Մարգարյան, թող ստեղ պառկի, մենք այստեղ լավ ծննդատուն ունենք, լավ գինեկոլոգ, մասնագետներ կան… Այնքան համոզիչ, ճոխ նկարագրեց, որ համաձայնեցինք: Ասաց՝ կեսարյանը նարկոզով է արվում, կցավազրկենք, կտրվածք է լինելու, երեխային կհանենք, իսկ ավելի ուշ, ասենք` մեկ ամիս անց, երիկամը կնայենք, եթե կարիք լինի՝ ավելորդ բանը կհեռացնենք: Ասաց՝ առավոտյան կեսարյան կանենք, եթե կարիք լինի` երկրորդ վիրահատությունը կանենք: Առավոտյան էխոյից հետո բժիշկն ասաց` երիկամին կից երակը լայնացած է, ենթադրում ենք, որ տրոմբ է, եթե կտրենք` կարող է կտորը գնա, կպնի սրտին, սրտի կլապանը փակվի եւ մահ լինի: Երբ բժիշկն այդպես ասաց, կինս ասաց՝ թող երիկամիս մատով չկպնեն, միայն կեսարյան հատում անեն՝ ծննդաբերեմ»: Թե՛ ամուսինները, թե՛ հարազատները համաձայնում են միայն կեսարյան հատումով ծննդաբերությունն անել՝ բացառելով երկրորդ վիրահատությունը: Սակայն Երվանդ Հարությունյանը հիվանդի մոտ երիկամի պրոբլեմ տեսնելուն պես ամեն կերպ համոզում է, որ Սյուզիին իրենց հիվանդանոցում պահեն, թերեւս գիտակցելով, որ հոգատար ամուսինը պատրաստ է ամբողջ կարողությունը ծախսել կնոջ եւ որդու առողջությունը պահպանելու համար: Արմանը ցավով է հիշում այդ ողջ ընթացքում բժիշկների անտարբերությունը: Այդ ընթացքում բժիշկները չեն խորհրդակցել, եւ որեւէ մեկը չի հետաքրքրվել Սյուզիի որպիսությամբ: Երբ Արմանը Սյուզիին տեղեկացրել է բժիշկների՝ միաժամանակ երկրորդ վիրահատություն անելու առաջարկի մասին, Սյուզին Արմանին եւ հարազատներին խնդրել է` բժիշկներին թույլ չտալ երիկամների վիրահատությունն անել: Արմանի ընկերներն այդ ընթացքում Գերմանիայից զանգահարել-ասել են` եթե երիկամների վիրահատության հարց առաջանա՝ Սյուզիին կարող են տեղափոխել Գերմանիա: Արմանը Ե. Հարությունյանին տեղեկացրել է, որ երիկամների վիրահատություն չանեն, որովհետեւ Սյուզիին անհրաժեշտության դեպքում տանելու է Գերմանիա: Ուռոլոգ Ե. Հարությունյանն ասել է՝ «Ի՞նչ կարիք կա Գերմանիա տանելու, մենք լավ մասնագետներ ունենք, հիվանդանոցը տեխնիկայով, դեղորայքով ապահովված է, մենք վերազինված ենք ամեն տեսակի սարքավորումներով»: «Ու միայն հիմա եմ իմանում, որ կեսարյան հատումը ծննդատանն է արվում, ոչ թե ուռոլոգիական բաժնի վիրահատարանում: Ես չգիտեի, որ կեսարյան հատումով ծննդաբերությունը միայն անում են ծնարանում, ինձ համար բոլոր սպիտակ խալաթավորները բժիշկ են, եւ շատ բաներից չեմ հասկանում, դա հետագայում իմացա: Սյուզին վատ կանխազգացում ունենալով` ինձ ասաց՝ «Արման ջան, խնդրում եմ, թույլ չտաս մատով անգամ երիկամիս կպնեն»: Նա լացում էր, որովհետեւ ոչ մի բժիշկ իր կարծիքը չէր հարցնում: Նրանք դրա համար Սյուզիի եւ նրա հարազատների համաձայնությունը, առավել եւս` ստորագրությունը, չունեին»:

«Մինչեւ մահ միասին կլինենք»

Սյուզիին պառկեցնելով պատգարակի վրա` ուռոլոգիական բաժամունքի վիրահատարան են տանում, որպեսզի կեսարյան հատումով ծննդաբերություն անեն: Արմանը՝ Սյուզիի ձեռքը բռնած, փորձում է նրան ինչ-որ կերպ հուսադրող խոսքեր ասել, ոգեւորել երկրորդ զավակի ծնունդից առաջ: Ասում եմ՝ «Սյուզի ջան, մենք եկեղեցում խոստացել ենք մինչեւ մահ միասին լինել: Չէի ուզում իրեն մենակ զգար: Նա իմ խոսքերից շատ էր ուրախանում ու ուժ էր ստանում»: Սյուզիին տանում են վիրահատարան` կեսարյան հատումն անելու: Պայմանավորվածության համաձայն, երկրորդ վիրահատություն չպետք է լիներ, եւ երիկամներին ձեռք չպիտի տային: 20 րոպե անց վիրահատարանից մեկը երեխան գրկին վազում է 300 մետր հեռավորության վրա գտնվող ծննդատուն: Արմանին շնորհավորում են՝ ծնվել է երկրորդ որդին: «Ինձ տարան երեխային տեսնելու, հեռախոսով նկարեցի, որ առաջինը ես Սյուզիին ցույց տամ: Ուրախ-ուրախ սպասում եմ, որ Սյուզիին հանեն վիրահատարանից: Բժիշկները դուրս եկան, դեղերի ցուցակ տվեցին, ասացին՝ գնա առ բեր: Վազեցի բերեցի, հետո նորից, թե՝ մի հատ պլազմա, 2 փաթեթ արյուն բեր: Հարցնում եմ՝ ինչի՞ համար են սրանք, բա թե՝ անցնում ենք 2-րդ վիրահատությանը: Ասում եմ՝ բայց չէ՞ որ մենք պայմանավորվել ենք, որ չանեք: Բժիշկները թե՝ կեսարյան հատումը շատ լավ է անցել, բայց մենք գտնում ենք, որ 2-րդ վիրահատությունը պիտի լինի: 2 ժամ անցել է, ձեն-ձուն չկա, մեկ էլ բժիշկներն անձայն դուրս եկան-գնացին: Ետեւներից վազում եմ, հարցնում եմ՝ «Ի՞նչ կա բժիշկ: Սա թե՝ «Արման ջան, կներես, սիրտը կանգնեց»: Ասում եմ՝ ո՞նց, տրո՞մբն է պայթել: Ասում է՝ երեւի էլի կամ բեկոր է, մի անհանգստացի, արհեստական ապարատ ենք միացրել, որ սիրտն աշխատի` կանջատենք, կարող է իրա հունով աշխատի»: Շոկի մեջ էի, ոչինչ չէի հասկանում, ինչ-որ անկապ բաներ էին ասում, ասացի՝ ուզում եմ կնոջս տեսնել, ասացին՝ քեզ չի կարելի այնտեղ մտնել, չկարողացա ինձ տիրապետել, մտա վիրահատարան` տեսնեմ՝ ոչ մի ապարատ էլ միացրած չէ, Սյուզին անշարժ, արնաքամ, կարծես 4 օրվա դիակ լիներ: Չեմ կարող բառերով նկարագրել, ամեն բան աչքիս առաջ է, պատկերը սոսկալի էր: Ի՞նչ եղավ կնոջս հետ, կյանքիս ընկերոջ, նորաստեղծ ընտանիքիս հետ ի՞նչ արեցին…»: 28-ամյա Սյուզին մահանում է, իսկ որդին՝ Հրանտը, ապրում է, արդեն 7 ամսական է:

«Ես հո գլխիցս ձեռք չե՞մ քաշել»

Հաջորդ օրը հարազատները գնում են Էրեբունի բժշկական կենտրոնի դիահերձարան` Սյուզիի դիակը տուն տանելու: Դիահերձող բժիշկն ասում է, որ Սյուզիի մարմինը չի ընդունել: Դիահերձող բժիշկն Արմանին ասել է՝ «Ես ավել բան չեմ կարող ասել, ես հո գլխիցս ձեռք չե՞մ քաշել, որ դիակն ընդունեմ: Գնա բժիշկների հետ խոսիր»: Բժիշկներն Արմանին այսպես են պատասխանել. «Դե լավ, ինչի՞ ես անհանգստանում, ուզո՞ւմ ես Մասիվի կամ «Լեչ կոմիսիայի» դիահերձարան ուղարկենք»: Արմանի կասկածները, որ Սյուզիի մահվան պատճառը բժիշկների «փող կլպելու» պատճառով ինքնագլուխ նախաձեռնած երկրորդ վիրահատություն սկսելն էր, էլ ավելի են հաստատվում: Որոշում է դիմել Հերացու փողոցում գտնվող Դատաբժշկական փորձաքննության կենտրոն: Բժիշկներն այս որոշումից խիստ մտահոգվում եւ Արմանին խորհուրդ են տալիս. «Ինչո՞ւ ես գնում այնտեղ, պիտի Դատախազություն գնաս, սանկցիա բերես, տանես, ժամանակ կորցնես»: Արմանն ասում է՝ «Ինչե՞ր եք խոսում, ես կնոջս եմ կորցրել, իսկ դուք ժամանակ կորցնելու մասի՞ն եք խոսում»:

Արմանը դիմեց «Կենտրոն» համայնքի դատախազություն, այն դեպքում, երբ կարգի համաձայն` բժիշկները պետք է դիմեին հենց Էրեբունի համայնքի դատախազություն, որպեսզի մահն արձանագրեին եւ մահվան առիթով դատաբժշկական փորձաքննություն կատարեին: Դիահերձումից հետո պետք է տրվեր մահվան վկայական, որպեսզի հուղարկավորության արարողությունն արվեր: Արմանը չէր կարողանում առանց մահվան վկայականի անգամ գերեզմանատուն վերցնել: Իր նախաձեռնությամբ Արմանը երիտասարդ կնոջ դիահերձումը կազմակերպեց ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնում (Հերացու փ.): Դիահերձումն անելուց հետո մինչ օրս մահվան պատճառի վերջնական եզրակացությունը ամուսնուն՝ Արմանին, չեն տվել, անընդհատ ասելով՝ դեռ պատրաստ չէ: Դիահերձարանից մահվան տեղեկանք տվեցին, որում որպես մահվան նախնական պատճառ գրեցին՝ «Սուր, անեմիկ վիճակ: Թրոմբոզ»: Գերեզմանոցից մահվան վկայական էին ուզում, իսկ դիահերձարանը վկայական չէր կարող տալ՝ առանց մահվան պատճառի մասին որեւէ բան նշելու: Այդ պահին ցավից գլուխը կորցրած Արմանին ընդամենը «թղթի կտոր» էր պետք՝ կնոջը հուղարկավորելու համար:

Քիչ անց պարզվեց, որ «Կենտրոն» համայնքի դատախազությունը դեպքի մանրամասներն ուղարկել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազություն, քանի որ դեպքը տեղի է ունեցել հենց այդ համայնքում:

Արդեն յոթ ամիս գործը դատախազությունում է: Եվ արդեն ցանկանում են գործը կարճել:

Բժիշկների ոչ պրոֆեսիոնալիզմի եւ «փող կլպելու» մոլուցքի պատճառով նման դեպքեր մեր օրերում, պարզվում է, հաճախ են պատահում, սակայն բժիշկների եւ դատաբժշկական քննիչների «մաֆիան» միշտ հաղթող է դուրս եկել, եւ նման գործերը, որպես կանոն, փակվել են: 28-ամյա Սյուզաննա Բադալյանի դաժան մահվան, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ կապված մանրամասները, այս ողբերգական դեպքի առնչությամբ Դատախազության գործելակերպի, բժիշկների «մաֆիայի» մասին ուշագրավ փաստարկները հետեւողականորեն կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարներում: