Շարունակում են պայքարել

07/02/2012

Երեւանի Նալբանդյան, Թումանյան, Սայաթ-Նովա, Ավագ Պետրոսյան փողոցների շենքերի բնակիչները երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել են, որ Երեւանի քաղաքապետարանի հետ իրենք որեւէ համաձայնության չեն եկել, եւ շարունակում են դեմ արտահայտվել այդ տարածքում նախկին մանկապարտեզի փոխարեն բարձրահարկ, թվով 4 կառույցներից բաղկացած շենք կառուցելուն: Նրանք պատմել են, որ Երեւանի քաղաքապետը վերջերս նրանց հետ հանդիպում է ունեցել ոչ թե այն պատճառով, որ իրենց լսի, այլ ներկայացնի, թե իրենք համաձայնե՞լ են արդյոք առաջարկվող արդեն 7 հարկանի բարձրահարկ կառուցելու նախագծին: «Սկզբում նախատեսվել էր 16 հարկանի շենքի կառուցում, ապա դարձրեցին 9-ը եւ հիմա էլ առաջարկում են 7 հարկանի շենք: Բայց մենք ոչ մի կերպ չենք համաձայնի, քանի որ, ըստ սեյսմիկ ծառայությանը մեր կողմից դիմած պատասխանի, տարածքը սեյսմակայուն չէ»,- նշել է բնակիչներից մեկը: Բնակիչները համաձայն են, որ տարածքում վերականգնվի մանկապարտեզը, որին կավելացվի եւս երկու հարկ: Վերեւի երկու հարկերը կնախատեսվի տեղի այն բնակիչների համար, որոնց խոսք է տրվել սեփական տների փոխարեն բարձրահարկում տեղ հատկացնել: Քաղաքապետարանից ասուլիսին մասնակցել է գլխավոր ճարտարապետի խորհրդական Աշոտ Հակոբյանը, ով ներկայացրել է տարածքի քարտեզը, ըստ որի, այստեղ այս պահին առկա են մի շարք անօրինական կառույցներ` ավտոտնակներ, բնակելի տներ, բարաքներ: «Խնդիրը պարզ է. բակային տարածքում շենք են կառուցում: Ողջունելի է քաղաքացիական նման ակտիվությունը, բայց ո՞ւր էին այս նույն բնակիչները, երբ այս տարածքում անօրինական կառույցներ էին տեղադրվում: Դա մի միջավայր է, որտեղ ոչ մի խաղահրապարակ չես տեսնի»,- ասել է Հակոբյանը, ինչին հակադարձելով` բնակիչները նշել են, որ եթե իրենք ակտիվ չեն եղել, ապա դա չի նշանակում, որ քաղաքապետարանը իրավունք ունի խնդրին նման շարունակություն տալ:

Նրանք հայտարարել են, որ պատրաստ են սեփական միջոցներով տարածքը կանաչապատել, խաղահրապարակ կառուցել: Մինչդեռ քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ մանկապարտեզի վրա եւս երկու հարկ հազիվ թե կառուցվի, քանի որ ոչ մի ներդրող նման համաձայնություն չի տա: