Հեռու մնացեք Հրազդանից

07/02/2012

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Սասուն Միքայելյանը չի կարող դառնալ Հրազդանի քաղաքապետ: «Ես համոզված եմ, որ ինքը չի ընտրվելու, որովհետեւ այդ հնարավորությունը չունի: Հրազդանցիները շատ խելացի, գրագետ մարդիկ են, հրազդանցիների աշխարհընկալումը` շատ ընդգրկուն, եւ չեմ կարծում, որ Միքայելյանին հնարավորություն կտան քաղաքապետ դառնալու»,- ասել է նա` միաժամանակ հավելելով, որ ինքը, Միքայելյանի ընտրվելու դեպքում, նրա հետ աշխատելու խնդիր չի ունենա: Հիշեցնենք` Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 12-ին: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են Հրազդանը 10 տարի ղեկավարած, գործող քաղաքապետ, իշխող ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանն ու ՀԱԿ անդամ Ս.Միքայելյանը: Կ. Շահգալդյանը կարծում է, որ 1996-1999թթ. Հրազդանը ղեկավարած Միքայելյանը դեռ այն ժամանակ չի կարողացել լավ աշխատել, «ուր մնաց, թե հիմա աշխատի»: Հակադարձելով Շահգալդյանին` Ս. Միքայելյանը մարզպետին հորդորել է հանգիստ թողնել Հրազդանը եւ Կոտայքի մարզը: «Թող հեռու գնա էս երկրից, էս տարածքից, էս ժողովրդի կյանքը կերավ, հերիք է: Արամին էլ դարձրել է իր խամաճիկը, իրար հետ մարդ են բռնել տալիս, ահաբեկում են, ամեն ինչ անում են»,- ասել է Ս. Միքայելյանը: Նա մասնավորապես ասել է, որ իր 2 համակիրներին ազատել են աշխատանքից: Մինչդեռ մարզպետը պնդում է, որ խախտումների մասին տեղյակ չէ, ու եթե լինեն էլ, ապա ինքն իր իրավասության շրջանակներում պատրաստ է դրանք վերացնել: «Երթեր են անում, հանդիպումներ են անում, մենք որեւէ տեղ խոչընդոտ հարուցե՞լ ենք, կարծում եմ, որ ոչ: Կարող է մեկն էլ ինքնագործունեությամբ է զբաղվել: Թող մեզ հստակ ինֆորմացիա տան, կզգուշացնենք, նույնիսկ կպատժենք այն անհատներին կամ ղեկավարներին, որոնք հանդգնում են օրենքը խախտել»,- ասել է Շահգալդյանը: