«Զինծառայողների` ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերը շարունակում են քայքայիչ ազդեցություն ունենալ Հայաստանի բանակի վրա, եւ այս համատեքստում նորակոչիկներին ստորացման, ծաղրուծանակի ենթարկելու, ինչպես նաեւ անընդունելի վարքագծի այլ դրսեւորումները հանրության մեջ մտահոգություն են առաջացրել` կապված զինվորական կարգապահության անկման եւ հրամանատարության ոչ պատշաճ գործելաոճի հետ»,- նման գնահատական է պարունակվում բրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» հետազոտական կենտրոնի փորձագետների կողմից Հայաստանի զինված ուժերին վերաբերող հրապարակման մեջ: Վերլուծաբանների կարծիքով, նշված խնդրի լուծման` իշխանությունների ակնհայտ անկարողությունը կարող է ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի պաշտպանության համակարգի բարեփոխման` արդեն իսկ սկսված գործընթացի, այնպես էլ առհասարակ` տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի վրա: Զինծառայողների նվաստացման եւ մահվան փաստերը, ըստ «Օքսֆորդ անալիտիկա»-ի, Հայաստանի հանրության շրջանում բուռն եւ զգայական բանավեճերի տեղիք են տվել: «Ու մինչ հանրային զայրույթն ու քաղաքական ճնշումն ահագնանում է, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իսկապես պայքարում է խնդրի լուծման համար», – գրում են վերլուծության հեղինակները` ավելացնելով, թե ի լրումն այս ամենի, խնդիրը տարակարծությունների տեղիք է տվել հենց նախարարության ներսում, ինչը դրսեւորվում է երկու հակառակորդ խմբավորումների առկայությամբ: Միաժամանակ, բրիտանացի փորձագետները նշում են, որ խնդիրը ցայտուն է դարձել հենց նախարար Օհանյանի որդեգրած` առավել թափանցիկ, բաց եւ բարեփոխական գործելաոճի արդյունքում: «Իրականում ոչ մարտական պայմաններում մահացությունների ընդհանուր թիվն այժմ ավելի քիչ է, քան անցած տարի: 2011 թվականին մահվան միայն 26 դեպք է արձանագրվել, մինչդեռ 2011-ին այդ թիվը 43 էր»,- արձանագրում է «Օքսֆորդ անալիտիկա»-ի վերլուծությունը, որի հեղինակներն անդրադարձել են նաեւ ՀՀ զինված ուժերի «պահպանողական թեւին», որտեղ գերակշռում են հին սերնդի զինվորականները: Այդ թեւի ներկայացուցիչները, զեկույցի հեղինակների գնահատմամբ, դեմ են ցանկացած իրական բարեփոխման, քանի որ դա կարող է քայքայել կամ վտանգել Հայաստանի ռազմական կառույցում վերջիններիս ազդեցությունն ու իշխանությունը: Հենց նրանք էլ, ըստ զեկույցի, խոչընդոտում են բարեփոխումների ընթացքը, եւ վտանգ կա, որ Սեյրան Օհանյանը կարող է դառնալ իր իսկ որդեգրած թափանցիկ գործունեության զոհը: «Օքսֆորդ անալիտիկա»-ի փորձագետները խնդիրը դիտարկում են նաեւ առաջիկա ընտրությունների համատեքստում: «Այժմ հարց է` նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարին կցուցաբերի՞ անհրաժեշտ աջակցություն այս լուրջ մարտահրավերը հաղթահարելու համար»,- հարցնում են «Օքսֆորդ անալիտիկա»-ի հեղինակները` իրենց կողմից նշելով, որ հակառակ պարագայում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում այս խնդիրը կարող է համախմբել բազմաթիվ ուժերի` սկսած աջ ազգայնականներից` մինչեւ լիբերալ-դեմոկրատներ: