Նացիստական Գերմանիայում բնակվող, հրեաների հետ կատարվածը տեսած ու «գերմանացու» ինքնություն եւ խիղճ ունեցող քրիստոնյան իրեն տեսնես ինչպե՞ս կզգար:
Ամենայն հավանականությամբ, ամենաճնշող զգացումը ամոթը կլիներ: Ամոթ` ընդհանրապես մարդկությունից ու հատկապես գերմանացի լինելուց: Նույնիսկ, եթե մեկն եք, ով իրեն կապված չի զգում ազգայնական հույզերի հետ, կան որոշ իրավիճակներ, որոնք մարդուն նման ամոթի հետ մենակ են թողնում: Որովհետեւ հայտնի է, թե ձեր ինքնությունը չունեցող մարդիկ ձեզ ինչպես են նայում, զգում եք, որ ձեզանից ակնկալում են որոշակի զգայունություն: Երբ ԱՍԱԼԱ-ի սպանություններն էին տեղի ունենում, ինձ նման շատ հայեր թե մարդկությունից, թե ճակատագրի բերումով ունեցած ինքնությունից ամոթ զգալու կետի հասան: Որովհետեւ բացահայտ անարդարությունները չի կարելի արդարացնել ինքնությամբ: Նույնիսկ, եթե իրադարձությանը հետեւի ցասումը, տեղի ունեցածը մի քիչ «մարդկայնացնում» է այն, սակայն դա օգնում է մեզ հասկանալ այն իրագործողի ներքին աշխարհը, բայց սպանության ահավորությունն ու խղճի ծանրությունը չի վերացնում:
Սակայն ինքնության գաղափարականացման ժամանակ էլ հանդիպում ենք ավելի վնասված մարդկային կերպարների: Որովհետեւ ինքնության զգացական հիմքը վերանում է, նրա փոխարեն ստեղծված ու հաճախ պետության ձեռքով ձուլած կաղապարի մեջ է այն դրվում: Այսպիսով, ինքնությունը դառնում է ոչ թե ինքնություն ապրող, այլ ապրելու ստիպված ու իր ապրելն ապացուցել ցանկացող մի բեռ: Սակայն նման ինքնություն ունեցողները դժվարանում են առերեսվել իրենց իրական վիճակի հետ ու այս դեպքում ստիպված են լինում իրենց ինքնության ներսը լցնել հաճախ պետության կողմից շարունակաբար մատնանշվող «թշնամիներով»…
Մի միջավայրում, որտեղ ծաղկում են ապրում նման ինքնությունները, ինքնությունը որպես պատրվակ բերող սպանությունների հետեւում արդեն զգացում չեք կարող գտնել: Այսպիսով, կարող եք պլանավորել մեկի սպանությունը` վերջինիս զուտ հայ լինելու ու հեղաշրջման միջավայր պատրաստելու տեսանկյունից հարմար մեկը լինելու համար, եւ հանգիստ կերպով անեք այնպես, որ նրան սպանի մեկը, որ այդ հային ընդհանրապես չի ճանաչում: Սպանության պատճառը երեւում է, թե սպանվողի հայ լինելն է, թեեւ գուցե եւ իրականում սպանության բուն պատճառը մարդասպանի «թուրք» լինելն է: Երբ թուրք ինքնությունը մարդկային միջակությունից ու բնական խառնվածքից հեռացրեցիք ու պետականացրեցիք, դիմացի մարդու ինքնությունն իր իմաստը կորցնում է: Այն մարդուն իրականում հայ լինելու համար սպանած չեք լինի… Այն մարդուն սպանելով` ձեր մտքում հայ կսարքեք:
Հրանտին սպանողի հետ այդպես եղավ, սակայն գործը դրանով չավարտվեց: Տրաբզոնից մինչեւ Ստամբուլ ու Անկարա, հատուկ ոստիկանությունից մինչեւ անվտանգություն ու հետախուզություն ձգվող մարդաշատ շղթայում տասնյակ մարդիկ այս սպանության մասին նախապես տեղեկացան ու լռեցին: Գուցե մեծ մասը իր սրտի չկոշտացած հատվածով զգաց այս գործողության խիղճը վիրավորող լինելը, սակայն արդյունքում մահացողը հայ էր… Եթե հայ էր, ապա մեկն էր, ով կարող էր թե ավելի հեշտ ու առանց բեռի զգացման սպանվել, թե այս սպանության ի կատար ածումը ենթադրում էր պետական մտահղացում, իսկ թուրք ինքնությունը այդ պետական մտահղացումից դուրս պատկերացնելը հեշտ բան չէր:
Գործը դրանով էլ չավարտվեց… Դատավարության ողջ ընթացքում ապացույցները թաքցվեցին, գունաթափվեցին ու աղավաղվեցին: Պաշտոնական ատյանները ոչ մի հարցի պատասխան չտվեցին, ավելին` իրողությունների երեւան գալը արգելակելու համար ձեռքից եկածն արեցին: Տեղյակ մարդկանց դատարան գալը հնարավոր չեղավ, իսկ կառավարությունն էլ այս հարցում պնդել չցանկացավ:
Արդյոք բոլորը նման համաձայնեցված կերպով ինչպե՞ս կարողացան վարվել: Այսքան տարբեր հիմնարկությունների այդքան բազմաքանակ մարդկանց ընդհանուր աղբյուրը ո՞րն էր: Այս սպանության վերաբերյալ իրականության բացահայտվելու հավանականությունը ինչո՞ւ նրանց այդքան անհանգստացրեց: Որովհետեւ նրանք «թուրք» էին.. Չակերտներում է այս թուրք ինքնությունը: Ժողովրդի կյանքով ու միավորումով ստեղծվածը չէ սա, այլ հակառակը` որպես պետության անդամության խորհրդանիշ օգտագործվողը, ներսը մշակույթով չէ, այլ գաղափարական թեքումով լցված թրքություն է:
Մինչ այս ամենը տեղի էր ունենում, Դինքի ընտանիքը համառությամբ ջանք էր գործադրում, որպեսզի սպանության հետնաբեմը լուսավորվի: Եթե ցանկանային դառնալ հայ ազգայնականության ձայնը, կմերժեին դատարանը, «թուրք պետությանը» կթողնեին իրենց հետ դեմ առ դեմ: Սակայն նրանք այդպես չարեցին… Իրենց սեփական հողում, իրենց սեփական միջավայրում եղած թուրքերի հետ ապրելու իմաստալի ու գնահատելի ուղին ընտրեցին: Իմանալով, որ այս դատավարությունը Թուրքիայի պատիվն է, հնարավորություն տվեցին մաքրել Թուրքիայի պատիվը:
Սակայն դատարանը լավ գիտեր, թե ինչն է պետք պահպանել: Ասելով, որ կազմակերպվածություն չկար` արդարացրեց կազմակերպությանը, որի գոյությունը բոլորն էլ գիտեին: Որովհետեւ կազմակերպություն ասվածը պետությունն ինքն էր, ու անհնար է մտածել, որ թուրքական դատարանը կմեղադրի թուրքական պետությանը: Սակայն այս վճիռն այժմ մեզ ասում է, որ ծաղրածուն, որին մենք որպես թագավոր գիտեինք, մերկ է… Այս վճիռը թուրք պետությանն ամբողջապես մեղսակից է դարձնում: Խելամտությունից ու խղճից դուրս այսպիսի արդարացման արժեքը բոլորի անհատական ինքնության մտապատկերում իր ուրվագիծը կթողնի: Կրկին նույն կետում ենք: 2007թ. հունվարի 19… Կրկին կա երկու տարբեր թուրք: Դեռ իրար հետ հաշիվները չպարզած, իրար հետ չառերեսված երկու թուրք: Մեկը կրում է այս հողի հարստությունն ու սիրտը, մյուսն էլ` այս հողը կրտող մտայնության անմարդկայնությունը:
Սա մի հնարավորություն է: Թող այս պատյանն արդեն պատռվի… Չբավարարվենք` ասելով, թե այս երկրում մարդիկ կան, կարողանանք ասել, որ այդ մարդիկ տերն են իրենց սեփական ճակատագրի:
Էթյեն ՄԱՀՉՈՒՓՅԱՆ
«Զաման» պարբերական