Բուժիչ նամակներ

07/02/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Բազմաբույր բուժարար խնկածաղիկը

Գիտական անվանումն է` Origanum vulgare։ Բույսը լավ մեղրատու է` 1 հա մացառուտից մեղվատվությունը` 70-190 կգ։ Որոշ երկրներում բույսը մշակում են, այդ դեպքում մեկ մեղվաընտանիքը կարող է հավաքել օրական 2 կգ մեղր։ Ունի կանաչավուն երանգով սաթի գույն, բուրումնավետ է եւ շատ համեղ։ Բյուրեղիկները մանր են, սպիտակ։ Բույսի եթերային յուղն օգտագործում են Lգorian բրենդային օճառի եւ լոսյոնի մեջ, որոնք ունեն հակամանրէ հատկություն։ Եվրոպական բազմաթիվ երկրներում օգտագործվում է որպես գնային առումով մատչելի բուրումնավետ համեմունք։ ՀՀ-ում աճում է ամենուր. թփուտներում, մարգագետիններում, բացատներում, լեռնալանջերին։ Մինչեւ 90 սմ բարձրությամբ ուղղահայաց ցողուն ունեցող բազմամյա խոտաբույս է։ Տերեւները` երկարավուն-ձվաձեւ, սրածայր, վերեւից` մուգ-կանաչ, ներքեւից` մոխրագույն կանաչ, եզրերը` մանր-ատամնավոր։ Ծաղկում է հունիս-սեպտեմբեր ամիսներին։ Ծաղիկները մանր են, ծիրանագույն, բարդ երանգավորումով։ Կազմում են վահանիկներ, որոնք հավաքված են հուրանաձեւ ծաղկաբույլերի մեջ։

Պտղի բաժակիկում կան չորս` մինչեւ 0,55 մմ երկարությամբ եռանիստ ընկուզիկներ։ Պարունակում է 1-2 տոկոս եթերային յուղեր, դաբաղանյութեր, մեծ քանակությամբ ասկորբինաթթու` 565 մգ` 100 գ հումքի մեջ, սպիրտներ, ներկանյութեր, ֆենսոլներ, տիմոլ, այլ։ Սերմերում պարունակվում է 28 տոկոս ճարպ։ Որպես բուժիչ հումք` ծառայում է վերգետնյա մասը, մթերում են ծաղկման շրջանում։ Կտրում են հողի մակերեսից 20-30 սմ բարձր գտնվող մասը, փնջեր կազմում եւ կախում օդափոխվող ծածկի տակ։ Չորանալուց հետո անջատված ծաղիկները եւ տերեւները տրորում եւ պահում են կիպ փակված ապակե տարայում։ Այս դեպքում օգտակար հատկությունները պահպանվում են 3 տարի, այլ դեպքերում` 1 տարի։ Չի կարելի պահել այլ դեղաբույսերի կողքին։ Նույն տարածքից հաջորդ մթերումը պետք է կատարվի 2 տարի անց։

Բույսն ունի ցավազրկող, վերքամոքիչ, հականեխիչ, խորխաբեր, լեղամուղ, հակաբորբոքային, միզամուղ, թարմացնող հատկություններ։ Հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում աղեստամոքսային համակարգի գործունեությունը։ Կիրառվում է անքնության, նյարդային խանգարումների, ռեւմատիզմի, ընկնավորության, ստամոքսում ծակծկոցների, ստամոքսաբորբի, լյարդի բորբոքման, դեղնախտի, կապույտ հազի դեպքում։

Խորհուրդ է տրվում կլիմաքսի, խոլեցիստիտի, հեպատիտների, թոքախտի, անգինայի, հեւոցի, հազի դեպքում։ Արտաքին` օգտագործվում է ռախիտի, ցանի, քոսի, չիբանի, կորյակների, դիաթեզի, էկզեմայի, վիտիլիգոյի բուժման համար։

Հակացուցված է հղիներին, սրտի ծանր հիվանդությունների դեպքում, անչափահաս երեխաներին։ Եթերային յուղը հակացուցված է հիպերտոնիայի դեպքում։

Դեղատոմսեր

Թուրմ. 1 ճ/գ խոտը 20 րոպե թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ։ Ունի բազմակողմանի ազդեցություն։

Գլաուկոմա. Մանրացրեք, խառնեք 1-ական ճ/գ խնկածաղկի, սպիտակ ճագոմի եւ դառնափուշ սովորականի խոտերը, ավելացրեք 500 մլ եռջուր, թրմեք 1-2 ժամ։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց հետո։ Շարունակեք 7 օր եւ ընդմիջեք 1 շաբաթ։

Կլիմաքս, կոլպիտ. Մանրացրեք, խառնեք կաղնու կեղեւը, խնկածաղկի խոտը, տուղտ սովորականի արմատը (6։4։1)։ Հումքի 5 ճ/գ-ն 3-5 րոպե թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Նախատեսված է ներլվացման համար։

Քրոնիկ փորկապություն.

– 1ճ/գ մանրացրած խոտը 8 ժամ թրմեք 150 մլ գոլ ձիթապտղի յուղի մեջ։ Քամեք։ Խմեք 5-ական կաթիլ` սնվելուց առաջ։

– Յուղամզվածքի 5 կաթիլ կաթեցրեք բամբակի վրա եւ դրեք ցավոտ ատամին։

Պառկելախոց. Մանրացրեք, խառնեք 4-ական ճ/գ խնկածաղկի, սրոհունդի, երիցուկի խոտերը (ծաղիկները), 30 օր թրմեք չզտված բուսայուղի մեջ, հաճախակի թափահարեք։ Արդյունավետ միջոց է պզուկների, մանր վերքերի բուժման համար։

Աթերոսկլերոզ. Խոտի 1 ճ/գ-ն թրմեք 1 շաբաթ 300 մլ օղու մեջ մութ տեղում։ Քամեք։ Խմեք 20-30 կաթիլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։ Օգտակար է նաեւ նյարդային ծանրաբեռնվածության եւ կլիմաքսի ժամանակ։

Միջատների խայթոց. Պատրաստեք 20 տոկոսանոց խնկածաղկով օղու ոգեթուրմ։

Աղիների բորբոքում. Մանրացրեք, խառնեք հազարատերեւուկի ծաղկաբույլը, սամիթի եւ չամանի սերմերը, խնկածաղկի խոտը (2։2։1։1)։ Հումքի 5 ճ/գ-ն թրմեք 2 ժամ ջերմապահում, 1 լ եռջրով։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` փոքր կումերով։ Օգտակար է որովայնի փքվածության, «աղմկելու» դեպքում։

Վիտամինային լոգանք. Մանրացրեք, խառնեք 2-ական ճ/գ սոճու բողբոջներ, օշինդրի, եղեսպակի, խնկածաղկի, հազարատերեւուկի, ուրցի խոտերը, խնկեղեգ ճահճայինի արմատը։ Խառնուրդին ավելացրեք 3 լ եռջուր, 10-15 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Լոգանքի ջրի ջերմաստիճանը պետք է լինի 36-38 C, տեւողությունը` 15 րոպե։ Կատարեք օրը մեջ։ Օգտակար է կլիմաքսի շրջանում, ունի հանգստացնող հատկություն, ամրացնում է օրգանիզմը։

Խնկածաղկի եթերային յուղը շատ օգտակար է կանանց` հատկապես կլիմաքսի շրջանում։ Կարգավորում է ճարպերի տրոհման եւ հեռացման գործընթացները, կանխարգելում գիրացումը, արդյունավետ միջոց է ցելյուլիտի դեմ։ Մաշկի վրա քսելիս կառաջացնի կարճատեւ (2-3 րոպե) այրոցի զգացում։ Կատարեք սառը (2-4 կաթիլ) եւ տաք (1-2) ինհալացիաներ` 3-5 րոպե տեւողությամբ։ Մերսման համար 15 գ հիմքային բուսայուղին ավելացրեք 4-5 կաթիլ եթերային յուղ։ Լոգանքների մեջ` կրկին 4-5 կաթիլ։ Օգտակար է ավելացնել լոսյոնի, օճառահեղուկի, քսուքի մեջ` 2-3 կաթիլ` 15 գ հիմքի մեջ։

Անքնություն. Մանրացրեք խոտը, հումքի 5 ճ/գ-ն թրմեք 1-1,5 ժամ` 3 լ եռջրում, փաթաթեք սրբիչով։ Լվացեք գլուխը քնելուց առաջ։

Երիտասարդացնող թուրմ

– 2 ճ/գ խոտը թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով։ Առավոտյան եւ երեկոյան մաքրեք դեմքը։

– Լվանալուց հետո ցայեք մազերը, ավելացրեք լոգանքին։ Նպաստում է մազերի աճին եւ թեփի վերացմանը։ Մազերը դառնում են ավելի փափուկ եւ թավշյա։

– Կարեւոր է իմանալ, որ խնկածաղիկն ունի ներկող հատկություն, արեւայրուքի երանգ է հաղորդում։