Երեկ առավոտյան տնից դուրս գալիս քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել են «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի վրա եւ ոլորելով նրա ձեռքերը` տարել են անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ պարզվել է, որ Հայկին տարել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, մեղմ ասած` անհեթեթ պատճառաբանությամբ. պարզվում է` հունվարի 23-ից Հայկ Գեւորգյանը գտնվում է հետախուզման մեջ` ինչ-որ քաղաքացու վրաերթի ենթարկելու կասկածանքով: Միայն երեկ երեկոյան ժամը 20-ին Ոստիկանությունը «կատարվածի» մասին երկարաշունչ մի հաղորդագրություն տարածեց, որը ավելի ծիծաղելի է դարձնում տեղի ունեցածը: Ինչպես երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրեց «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Ոստիկանության կողմից որպես «հանցագործություն» որակված դեպքը տեղի է ունեցել հետեւյալ կերպ. հունվարի 13-ի առավոտյան Հայկին մոտեցել է ՃՈ մի աշխատակից եւ ասել, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է ԱՊՊԱ կտրոնը, որին ի պատասխան` Հայկն ասել է, որ «դա ժամանակի խնդիր է», եւ ինքը դա կանի միայն այն ժամանակ, երբ ոստիկանապետը նույնպես իր ավտոմեքենայի դիմապակուն կփակցնի ԱՊՊԱ-ի կտրոնը: Տեսուչը փորձել է տուգանել, սակայն, դրան ի պատասխան` Հայկն ասել է, որ ինքը խնդիր չունի, միայն, եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նույնպես պետք է տուգանեն կտրոնի բացակայության պատճառով: Ըստ Ն. Փաշինյանի, Հայկը նույն օրը գնացել է Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից դուրս գալուց հետո մեքենայով հետընթաց է կատարել եւ տեսել, որ ինչ-որ մեկը կանգնած է ավտոմեքենայի հետեւում: Վերջինս լսելով շարժիչի ձայնը, չի շարժվել տեղից: Հայկը ազդանշան է տվել, սակայն` անարդյունք: Հայկը իջեցրել է պատուհանը եւ այդ քաղաքացուն խնդրել է մի կողմ քաշվել, որից հետո քաղաքացին մի կողմ է քաշվել: Սակայն, երբ Հայկը հետընթաց կատարելով փորձել է դուրս գալ տարածքից, լսել է, թե ինչպես է տվյալ քաղաքացին բղավել` «վախ, վախ»: Տեսնելով, որ մեքենան չի հարվածել տվյալ քաղաքացուն, Հայկը հեռացել է: Խմբագրությունը դեպքից մի քանի օր անց Ոստիկանությունից ծանուցում է ստացել, եւ, քանի որ ավտոմեքենան գրանցված է Ն. Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի անունով, վերջինս հրավիրվել է ոստիկանական բաժանմունք: Փաշինյանը պահանջել է հստակեցնել, թե ինչ կարգավիճակով են հրավիրում: «Նշված է միայն` հրավիրել, հրավիրում են սրճարան, ուստի պահանջեցինք նշել, թե ինչ կարգավիճակով, վկայի՞, մեղադրյալի՞»,- երեկ հրավիրված ասուլիսում նշել է Ն. Փաշինյանը` հավելելով, թե արդեն երկու օր հետո ծանուցագիր է ստացվում Հայկի անունով, որտեղ, սակայն, դարձյալ չի նշվում, թե ինչ կարգավիճակով: Փաշինյանի պահանջներին ի պատասխան` քննիչը որեւէ հակափաստարկ չի ներկայացրել, եւ այդ օրվանից ի վեր Ոստիկանությունը չի անհանգստացրել Հայկին` մինչեւ երեկ առավոտյան: «Առավոտյան հարեւանները տեսնում են, որ Հ. Գեւորգյանին ոստիկանական 4-5 մեքենաներ են շրջապատել եւ կալանավորել: Վովա Գասպարյանն իսկական մասկի-շոու է կազմակերպել»,- երեկ հայտարարել է Ն. Փաշինյանը` ավելացնելով, թե «այդ հրահանգը տրվել է ինչ-որ մեկի կողմից «դեղի ազդեցության տակ»: Այս պատմության մեջ, ի թիվս բազմաթիվ անհեթեթությունների, ուշագրավ է նաեւ Հայկի նկատմամբ հետախուզում հայտարարելու հանգամանքը, քանի որ սկսած հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 2-ը` Հայկը լրագրողական պարտականությունները կատարելիս ելումուտ է արել բազմաթիվ պետական գերատեսչություններ (ՀՀ կառավարություն, Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարություն եւ այլն), որտեղ ծառայություն են իրականացնում Ոստիկանության կամ իրավապահ այլ մարմինների աշխատակիցներ, եւ միայն այցելուների ինքնությունը ճշտելուց հետո են թույլատրում մուտք գործել տվյալ շենք: Մի խոսքով` ակնհայտ է, որ իշխանությունը կամ իշխանության որոշ օղակներ ընդամենը փորձում են հաշվեհարդար տեսնել Հայկի նկատմամբ` նրա լրագրողական գործունեության համար: Սա այն դեպքերից է, երբ ողջ լրագրողական հանրությունը պետք է միանա Հայկին անհապաղ ազատ արձակելու պահանջի շուրջ:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ: