Իրավական տեսանկյունից
Իրավական գնահատականը հիմնված է սահմանադսրության նախագծով ապահովվող երաշխիքների եւ վտանգների վերլուծության վրա եւ տրված է այն համոզմունքից ելնելով, որ գործող Սահմանադրությունում ամեն մի ավելացված կամ հանված բառ ունի կոնկրետ քաղաքական կամ տնտեսական նպատակ:
Երկքաղաքացիության դրական կողմերը անհայտ են, իսկ վտանգները ակնհայտ
Հոդված 30-ը սահմանում է, որ ՀՀ-ում թույլատրվելու է երկքաղաքացիությունը: Բայց զարմանալի է, որ այդ մոտեցման կողմնակիցները, բացի բարոյական անհասկանալի պարտքից եւ պոպուլիստական հայտարարություններից, դեռ ոչ մի անգամ իրենց նեղություն չեն տվել բացատրել, էլ չեմ ասում հիմնավորել, թե մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը կամ սփյուռքահայերին ինչ է տալու երկքաղաքացիությունը:
Երկքաղաքացիությունը Հայաստանին եւ Հայ ժողովրդին առարկայական եւ գնահատելի ոչ մի բան չի տալու: Միամտություն կլինի ենթադրել, թե երկքաղաքացիությունը նվազեցնելու է արտագաղթը՝ գնացողները միեւնույն է գնալու են: Արդյունքում Հայաստանում մշտապես բնակվողների թիվը կարող է էլ ավելի նվազել եւ մենք ավելի խոցելի եւ հեշտ կառավարելի ենք դառնալու այս անգամ նաեւ դրսից՝ համապատասխան ուժերի կողմից: Կարծում եմ, որ դա վնասում է մեր ազգային անվտանգությանը, թեեւ գուցե հենց դաէ ձեռնտու սահմանադրության «բարեփոխիչներին»:
Ճիշտ է, նվազեցնելով մշտական բնակիչներին, մենք աշխարհի աչքին հնարավորություն կունենանք «թոզ փչել»՝ ասելով, որ ունենք 4 կամ 5 կամ էլ՝ եսիմ ինչքան միլիոն քաղաքացիներ, բայց չէ որ երկրի հզորությունը դրանից չի աճելու: Ճիշտ է, արդյունքում աճելու է ընտրողների թիվը ի հաշիվ դրսում ապրողների, ինչը ոչ Հայաստանի եւ ոչ էլ հայաստանցիներին ոչ միայն ոչ մի բան չի տալու, այլ նաեւ շատ վտանգավոր է:
Արտասահմանցիները, պահպանելով իրենց երկրի քաղաքացիությունը, ձեռք են բերելու մեզ հետ համարյա հավասար իրավունքներ եւ լինելով մեզանից ֆինանսապես շատ ավելի հզոր, կարող են մեր աղքատ հայաստանցուց շատ հեշտ գնել Հայաստանի հողերը: Բնիկներին Հայաստանում կարող է մնալ ընդամենը մի ոտատեղ եւ մենք, կամ դառնալու ենք նրանց կալվածքների մշակ, կամ փախչելու ենք արտասահման:
Պատկերը կամբողջանա, եթե հաշվի առնենք, որ երկքաղաքացիությունը ոչ միայն հայերին է տալիս հնարավորություն դառնալ ՀՀ քաղաքացի, հողի սեփականատեր եւ ընտրել նախագահ, այլ նաեւ օտարներին: Այլ ազգի ներկայացուցիչներին կարելի է մերժել տասն անգամ կամ հազար անգամ, բայց միշտ եւ բոլորին մերժելը առնվազն ազգային խտրականություն կդիտարկվի, ինչը մերժվում է բազմաթիվ միջազգային փաստաթղթերի եւ նույն եվրոպացիների կողմից: Եթե հաշվի առնենք տարածաշրջանային բարդ հարաբերություններն ու արտաքին աճող վտանգները, ապա իմ կարծիքով երկքաղաքացիությունը Հայոց պետականության համար առաջացնում է նոր եւ շատ լուրջ վտանգներ:
Չեմ կարծում նաեւ, որ սփյուռքահայերը, դառնալով մեր երկրի քաղաքացի, միամտաբար կարծեն, որ մեր իշխանությունները կպաշտպանեն նրանց իրավունքները, եթե այդ նույն իշխանությունները ոչ միայն չեն պաշտպանում, այլ ամեն օր խախտում են սեփական ժողովրդի ամենահիմնարար եւ անօտարելի իրավունքները:
Ամենալուրջ մտահոգությունս կապված է այն բանի հետ, որ այս ձեւով նախագծում ամրագրված երկքաղաքացիությունը եւ այս իշխանությունների կողմից իրենց շահերին համապատասխան դրա կիրառումը ի վերջո կարող է հանգեցնել հայաստանցիների եւ սփյուռքահայերի միջեւ լուրջ տարաձայնությունների առաջացմանը:
Նախագիծը վերացնում է շուկայական տնտեսության հիմքերը
Հոդված 31-ով սահմանված է, որ պետության կարիքների համար սեփականությունը կարող է օտարվել «դատարանի» որոշմամբ՝ բոլոր դեպքերի համար միեւնույն օրենքով սահմանված կարգով: Ի տարբերություն դրան գործող Սահմանադրությունը նախատեսում է սեփականության օտարում՝ օրենքի հիման վրա, ինչը պարտադրում է ամեն առանձին դեպքում Ազգային Ժողովի կողմից օրենքի ընդունում: Եթե գործող Սահմանադրության օրոք բազմաթիվ քաղաքացիների իրավունքները խախտվել են, ապա միանգամայն պատկերացնելի է թե ինչ կլինի, եթե այս նախագիծը ընդունվի: Սեփականությունը որպես շուկայական տնտեսության հիմնական ինստիտուտ նոր նախագծով փաստացի ավելի վատ է պաշտպանված, ինչը լուրջ հիմք է հանդիսանում հետագայում կամայական վերաբաշխումների, որը կարող է ունենալ շատ վտանգավոր հետեւանքներ շուկայական տնտեսության կայացման ու զարգացման համար:
Նույն հոդվածը սահմանում է, որ օտարերկրացիների հողի սեփականության իրավունքը կարող է սահմանվել օրենքով նախատեսված դեպքերում: Համոզված եմ, որ փոքր Հայաստանի համար այդ իրավունքը ամեն առանձին դեպքում նույնպես պետք է թույլատրվի ԱԺ-ի կողմից ընդունվող օրենքի հիման վրա: Անհիմն են այն հայտարարությունները, թե ոչ ոք մեր հողերը չի գնելու, քանի որ հենց այսօր արտասահմանցիները մեծ հողակտորներ են ձեռք բերում, գործող Սահմանադրության արգելքի պայմաններում ստիպված լինելով ձեւակերպել այն որպես ՀՀ քաղաքացու սեփականություն: Ամեն դեպքում կարծում եմ սա անվտանգության լավ երաշխիք է, որը անհրաժեշտ է ամբողջությամբ պահպանել:
Գործող Սահմանադրությունը երաշխավորում է ազատ տնտեսական մրցակցությունը, որը տնտեսությունում ուղղակի չի թույլատրում մենաշնորհներ, ինչի շնորհիվ մեզ հաջողվեց Սահմանադրական դատարանի որոշմամբ Արմենթելը զրկել մենաշնորհի իրավունքից, որը, ցավոք սրտի, չի կատարվել: Չձեւավորված շուկայական տնտեսության եւ ազատ մրցակցության բացակայության պայմաններում մենաշնորհ պետք է ունենա միայն պետությունը եւ այդ ենթակառույցները պետք է հանդիսանան հանրային սեփականություն: Ի տարբերություն գործող Սահմանադրության, այս նախագծի 33.1 հոդվածով նախատեսվում է, որ հանրության շահերը պաշտպանելու համար օրենքով կարելի է սահմանափակել մրցակցությունը եւ թույլատրել մենաշնորհներ: Բոլորիս համար պարզ է, թե այս Ազգային Ժողովը՝ «հանրության շահերից» ելնելով, ում համար է թույլ տալու մենաշնորհի իրավունք: Եթե գործող Սահմանադրության արգելքի պայմաններում համարյա բոլոր ոլորտներում ձեւավորվել են մենաշնորհներ, ապա ինչ կլինի այսպիսի փոփոխություններից հետո: «Բարեփոխիչների» կարծիքով ոչ մի բան չի լինի, պարզապես այդ մենաշնորհները կօրինականացվեն: Գործող Սահմանադրության տեսանկյունից Արմենթելի գործարքը հակասահմանադրական է եւ դա իր որոշմամբ հաստատել է Սահմանադրական դատարանը, բայց այդպիսին է նաեւ բաշխիչ ցանցերի մասնավորեցումը: Այս նախագիծը ոչ միայն դրանք կօրինականացնի, այլ նաեւ հնարավորություն կտա մասնավորեցնել մենաշնորհ հանդիսացող նոր ոլորտներ, օրինակ ջրամատակարարման ու գազամատակարարման ներքին ցանցերը, երկաթգիծը եւ այլն, ինչը մեր երկրիում տիրող պայմաններում կարծում եմ լավ բան չէ: Մեզ մնում է «ողջունել» այսպիսի բարեփոխումները, որոնք նույմպես ակնհայտ եւ բավարար հիմք են հանդիսանում նախագիծը մերժելու համար:
Նախագիծը վտանգում է մեր քրիստոնեական բարոյականությունը
Նախագիծը գործող Սահմանադորւթյան հետ համեմատելուց եւ սահմանադրական փոփոխությունները ուսումնասիրելիս զարմանում ես, որ փոփոխության է ենթարկվել ամուսնությանը վերաբերվող հոդվածը: Անմիջապես հարց է առաջանում՝ այդ հոդվածը, որի հետ հայ ժողովուրդը10 տարի որեւէ պրոբլեմ չի ունեցել, ինչու է փոփոխվել եւ ինչ նպատակով: Գործող Սահմանադրությամբ ամրագրված է «Կանայք եւ տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:», իսկ նախագծի 35 հոդվածով «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:»: Ելնելով նրանից, որ ոչ մի փոփոխություն հենց այնպես՝ առանց հատուկ նպատակի չի կատարվում, եւ եթե ուշադիր համեմատենք եւ ուսումնասիրենք, թե ինչ բառեր են ավելացված եւ ինչու, ապա «Ամուսնական տարիքի հասած..», կամ «..իրենց կամքի ազատ արտահայտությամբ..» բառերի բացակայությունը անցած տարիներին մեր ժողովրդի համար ամուսնանալու դեպքերում խոչընդոտներ չեն ստեղծել: Մնում են գեղեցիկ եւ անմեղ թվացող «…ընտանիք կազմելու իրավունք» բառերը: Բայց ուշադիր նայենք ինչ է ստացվում՝ փաստացի կանայք եւ տղամարդիկ ազատորեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք են ստանում: Միջազգային իրավունքի տեսակետից ամուսնությունը հնարավոր է միայն տղամարդու եւ կնոջ միջեւ եւ միայն այդ իրավունքն է միանշանակ ամրագրված գործող Սահմանադրությունում: Իրենց կամքի ազատ արտահայտությամբ ընտանիք կազմելը իրավունքի տեսանկյունից կարող է նշանակել «ընտանիքի» հետեւյալ տարբերակներ՝ ծնողներ եւ երեխաներ, մայր եւ դուստրեր, քույրեր, հայր եւ որդիներ, եղբայրներ, ինչպես նաեւ ընտանիք է՝ կինը կնոջ հետ եւ տղամարդը տղամարդու հետ:
Հայ մարդու համար դժվար է հավատալ, բայց այդ հոդվածի փոփոխությունների նպատակն ու հետեւանքը հենց դա է եւ սահմանադրորեն հիմք է ստեղծվում ազատորեն միասեռ ընտանիքներ կազմելու եւ օրինականացնելու համար: Կարծում եմ, որ Եվրոպա գնալը հենց դրանով չի պայմանավորվում: Արեւմուտքում վերջերս մի եկեղեցականի դատապարտեցին ազատազրկման միայն նրա համար, որ հրաժարվեց պսակել երկու տղամարդու, որոնք ընտանիք էին ուզում ստեղծել: Սա առավել եւս հավանական է դառնում, եթե հիշենք, որ մեր իշխանությունները եվրոպացիների առջեւ պարտավորություններ ստանձնելուց հետո, կայծակնային արագությամբ, առաջին հերթին օրիկանացրեցին սեռական փոքրամասնությունների իրավունքները: Հենց դա անուղղակի հաստատվեց, երբ մեր արտգործնախարարը մի ուսանողուհու հարցին միասեռ ընտանիքները նախագծով օրինականացնելու վերաբերյալ չժխտելով պատասխանեց, որ ուսանողուհին կարող է չանհանգստանալ, քանի որ նա կարող է ամուսնանալ տղայի հետ:
Կլինեն մարդիկ, որոնք կասեն, թե ինչու եմ ես բռնանում այլոց ազատությունների վրա: Գուցե նրանք ճիշտ են, բայց այդ դեպքում նախագծի հեղինակները պարտավոր են գոնե անկեղծորեն հասարակությանը տեղյակ պահել այդ փոփոխության մասին, որպես «եվրոպացի» դառնալու պայման: Այսպիսի փոփոխությունների մասին ժողովրդին պարտադիր տեղյակ պահելուց հետո նա կարող է որոշել, թե արդյոք այս նախագիծը հնարավոր է կոչել «բարեփոխումներ» եւ ինչպես վերաբերվել հանրաքվեին:
ՀՀ նախագահի ընտրություններում երկքաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանափակել անհնար է
Հոդված 50-ը ուղղակի սահմանում է «Հանրապատության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով»: Այս բառացի մեջբերված դրույթից հստակ երեւում է, որ օրենքով որեւէ կերպ հնարավոր չէ սահմանափակել երկքաղաքացիների մասնակցությունը ՀՀ նախագահի ընտրություններում:
Կարող ենք պատկերացնել, թե այս նախագիծը ընդունվելուց հետո ինչ է կատարվելու ՀՀ նախագահի ընտրություններում, եթե Հայաստանում բնակվող 2-3 միլիոն բնակիչների համար կազմավորվում են մոտ 2 հազար ընտրական տեղամասեր, չի բացառվում, որ ունենանք 1-2 կամ ավելի միլիոն Հայաստանում չբնակվող երկքաղաքացիներ, որոնց համար արտասահմանում անհրաժեշտ կլինի ձեւավորել համապատասխան քանակով տեղամասեր: Այնուհետեւ կուսակցությունները ընտրությունների լիարժեք քարոզչություն եւ վերահսկողություն իրականացնելու նպատակով ստիպված կլինեն սկզբնական կազմակերպություններ ունենալ բազմաթիվ այլ երկրներում եւ այլն եւ այլն: Այս դրույթի իրավական հետեւանքները Հայաստանի ՀՀ նախագահի ընտրությունները կվերածեն աբսուրդի թատրոնի:
Ազգային Ժողովը իրավունք է ստանում փոփոխել Հայաստանի սահմանները
Նախագծի հոդված 81-ի ա) կետով ԱԺ-ն իրավունք է ստանում վավերացնել Հայաստանի սահմանների փոփոխության պայմանագրերը: Ակնհայտ է, որ եթե խոսքը գնար մեր սահմանների ընդլայնման մասին, ապա իշխանությունները որեւէ մտահոգություն չէին ունենա, որպեսզի դա ժողովուրդը հանրաքվեով որոշեր: Մնում է իշխանություներին անհանգստացնող մի տարբերակ՝ հանրաքվեով ժողովուրդը կմերժի երկրի սահմանները փոքրացնելու նրանց ցանկությունը եւ հենց այդ դեպքի համար էլ մշակվել է այս հոդվածը: Բայց դժբախտությունը միայն դա չԷ, այլ նաեւ այն, որ ԱԺ-ի կողմից պայմանագիրը վավերացնելուց առաջ այդ պայմանագիրը նախ պետք է ստորագրի ՀՀ նախագահը:
Փաստացիորեն նախագծի այս դրույթով, անուղղակի ճանապարհով ՀՀ նախագահին տրվում է իրավունք՝ ստորագրել այնպիսի պայմանագիր, որը կարող է նախատեսել ՀՀ տարածքի փոքրացում:
Նախագիծը հակասում է եվրոպական երկրների կողմից վավերացված փաստաթղթերին
Նախագծի 83.4 հոդվածով նախատեսվում է, որ վերահսկիչ պալատը իրավունք ունի վերահսկել բյուջետային միջոցները եւ համայնքային սեփականության օգտագործումը, ինչը նշանակում է ամեն ինչի տոտալ եւ անսահմանափակ ստուգման իրավունք: Այս դրույթը ուղղակի եւ կոպտորեն խախտում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման իրավահավասարությունը, այդ իշխանությունների տարանջատվածությունը (հոդված 2), որը հռչակվում էր այս բարեփոխումների գլխավոր նպատակներից մեկը: Բացի դրանից, եթե վերահսկիչ պալատը, որպես պետական կառավարման մարմին, ստանա օրենքով չսահմանափակվող ցանկացած տիպի վերահսկողության իրավունք, ապա անիմաստ է դառնում 108.1 հոդվածով համայնքների նկատմամբ պետական այլ մարմնի կողմից նախատեսված լրացուցիչ իրավական վերահսկողության իրականացումը: Վերահսկիչ պալատի համայնքների անսահմանափակ վերահսկողության իրավունքը հակասության մեջ է մտնում նաեւ Հայաստանի կողմից վավերացված տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի 8-րդ հոդվածի պահանջների հետ: Անիմաստ է հղում կատարել Վենետիկի հնձնաժողովի դրական կարծիքին, որը այս դեպքում ոչ մի բան չարժի, քանի որ այն ուղղակի հակասում է «Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիային», որը Եվրոխորհրդի 42 երկրի կողմից վավերացված պաշտոնական դիրքորոշումն է: Դատեցեք ինքներդ. խարտիայի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական վերահսկողություն կարող է իրականացվել միայն սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված ձեւերով եւ դեպքերում:» եւ «Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ցանկացած վարչական վերահսկողություն, որպես կանոն, պետք է նախատեսված լինի սոսկ օրինականության եւ սահմանադրական սկզբունքների պահպանումն ապահովելու համար:»: Վերահսկիչ պալատին վերապահված վերահսկողության իրավունքի համար նախագծով չեն սահմանվում ոչ ձեւերը, ոչ էլ դեպքերը եւ երկու կարծիք չի կարող լինել, որ դա ուղղակի հակասում եւ կոպտորեն խախտում է խարտիայի պահանջները:
«Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի» պահանջները կոպտորեն խախտում է նաեւ սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածի 3-րդ նախադասությունը: Նախագծի այդ հոդվածով արձանագրվում է՝ «Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:»: Սա ոչ միայն սխալ է, այլ եւ ուղղակի հակասում է Եվրոպական խարտիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջին, որով նախատեսվում է լրիվ հակառակը: Մեջբերում եմ. «Օրենքով սահմանված շրջանակներում տեղական ինքնակառավարման մարմիններն օժտված են իրենց իրավասությունից չհանված եւ իշխանության այլ մարմնի իրավասությանը չհանձնված ցանկացած հարցում սեփական նախաձեռնությունների իրականացման լիակատար ազատությամբ:»: Սահմանադրության նախագծի եւ խարտիայի բառացի մեջբերումները ընթերցողին հնարավորություն են տալիս ինքնուրույն հետեւություններ անել հակասությունների մասին:
Արդարադատությունը Հայաստանում սպասվում է 20 տարի հետո
Գործող Սահմանադրության համեմատ նախագիծը առաջին հայացքից կարծես թե ամենալուրջ եւ դրական փոփոխությունների է ենթարկել դատական իշխանության գլուխը, որով արդարադատության խորհրդի կազմից հանվել են ՀՀ նախագահը, արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը: Փաստացի վերացվել է արդարադատության խորհրդի ինքնուրույնության հիմնական խոչնդոտը, որը ամրագրում էր գործող Սահմանադրությունը: Սակայն այդ ինքնուրույն մամինը նախագծի 94.1 հոդվածով զրկել են գլխից եւ արդարադատության խորհրդի նիստերը անհասկանալի պատճառներով վարելու է վճռաբեկ դատարանի նախագահը:
Դատավորների անկախությունը լիարժեք եւ երաշխավորված կլիներ, եթե նրանց լիազորությունների դադարեցման դեպքերը նախատեսվեին միայն սահմանադրությամբ այլ ոչ թե օրենքով:
Սակայն նախագծով նախատեսված է, որ արդարադատության խորհրդի ներկայումս գործող անդամները, որոնք հիմնականում նշանակվել են ՀՀ նախագահի եւ գլխավոր դատախազի կողմից, շարունակելու են պաշտոնավարել մինչեւ նրանց 65 տարին լրանալը: Արդյունքում, այդ մարմինը նոր սկզբունքներով ձեւավորվելը եւ անկախ դառնալը հետաձգվում է տասնյակ տարիներով: Դա էլ ոչինչ, բայց նախագիծը նախատեսում է, որ գործող դատավորների պաշտոնավարումը նույպես շարունակվելու է, մինչեւ կլրանա նրանց 65 տարին եւ եթե արձանագրենք, որ նրանց միջին տարիքը կազմում է 40-45 է, ապա լավագույն դեպքում 20 տարի հետո մենք կունենանք նորանշանակ դատավորներ: Սրան ավելացնենք այն, որ ներկայումս գործող դատավորների մեծ մասը իշխանությունների դրդմամբ եւ պահանջով կայացրել են բազմաթիվ անօրինական դատավճիռներ, որոնց պատճառով աներեւակայելի է պատկերացնել նրանց անկախ լինելը ներկայումս կամ ապագայում:
Տեղական ինքնակառավարման համակարգի ակնհայտ նահանջը
Տեղական ինքնակառավարման կայացման ու զարգացման հիմնական երաշխավորը պետք է լինի սահմանադրությունը: Սահմանադրորեն անհրաժեշտ է երաշխավորել տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման հստակ տարանջատումը, համակարգի քաղաքական ու տնտեսական ինքնուրույնությունը, դատական պաշտպանվածությունը, ինրպես նաեւ հստակ կանոնակարգել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման փոխհարաբերությունները:
Առաջարկվող սահմանադրական փոփոխությունները գնահատելու համար անհրաժեշտ է պարզաբանել գործող սահմանադրության տեղական ինքնակառավարման համակարգի դրական եւ բացասական կողմերը, ապա համեմատել դրանք առաջարկվող փոփոխությունների հետ եւ պարզել, թե ինչքանով են դրանք նպաստում թերությունների վերացմանն ու համակարգի զարգացմանը:
Նախ նշենք, որ չենք անդրադառնալու գործող Սահմանադրության այն դրական կողմերին, որոնք կրկնվում են առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծում: Ներկայացնենք գործող Սահմանադրության եւ նախագծի դրական եւ բացասական կողմերի համեմատականը:
Գործող Սահմանադրության 104-րդ հոդվածն ամրագրում է, որ մարզերը կազմված են գյուղական եւ քաղաքային համայնքներից, ինչը նշանակում է, որ մարզի տարածքը պետք է հավասար լինի նրանում ընդգրկված համայնքների վարչական տարածքների հանրագումարին: Այդ դրույթով ապահովվում է տեղական ինքնակառավարման կարեւորագույն երաշխիքներից մեկը՝ տեղական ինքնակառավարման իրականացում ՀՀ ամբողջ տարածքով, որը բացակայում է առաջարկվող նախագծում, ինչը լուրջ նահանջ է եւ վտանգում է տեղական ինքնակառավարման իրականացումը ՀՀ-ում։
Գործող Սահմանադրության նույն հոդվածը սահմանում է, որ համայնքի ղեկավարը ձեւավորում է իր աշխատակազմը, ինչը տեղական ինքնակառավարման մարմիններին երաշխավորում է կադրային քաղաքականությամբ զբաղվելու ինքնուրույնությունը: Առաջարկվող նախագծից այս դրույթը նույնպես անհետացել է, ինչը վտանգավոր նահանջ է:
Սահմանադրության 110-րդ հոդվածն ամրագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են միայն օրենքով, սա շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ դրանով տեղական իշխանությունները պատասխանատու են դառնում միայն օրենքի եւ իրենց ընտրողների առջեւ: Այս դրույթը երաշխավորում է այն, որ պետական կառավարման մարմինները՝ ՀՀ նախագահը, ԱԺ-ը, կառավարությունը, մարզպետները եւ այլն, իրավունք չունեն հրահանգներ ու ցուցումներ տալ համայնքներին եւ չեն կարող համայնքերին պարտադրել որեւէ օրենքով չնախատեսված գործողության: Դրան հակառակ նախագծի 107 հոդվածը պահանջում է, որ համայնքի ավագանու որոշումները չհակասեն ոչ թե օրենքին, այլ օրենսդրությանը, ինչը ունի շատ վտանգավոր հետեւանքներ եւ հնարավորություն է տալիս համայնքները ենթարկել պետական կառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց:
Գործող Սահմանադրության լուրջ թերություններից է այն, որ 108-րդ հոդվածով Երեւանին տրվել է մարզի կարգավիճակ, իսկ տեղական ինքնակառավարումը մայրաքաղաքում իրականացվում է թաղային համայնքներում։ Երեւանում տեղական ինքնակառավարման իրականացումը միայն թաղային համայնքների միջոցով հանարավորություն չի տալիս Երեւանի տեղական ինքնակառավարման համաքաղաքային լիազորությունների լիարժեք իրականացմանը: Տեղական ինքնակառավարման համակարգի հիմնադրման պահից Երեւանի քաղաքապետը, որը փաստացի նշանակովի պետական պաշտոնյա է, իրականացնում է տեղական ինքնակառավարման լիազորություններ, ինչը կոպտորեն խախտում է եվրոպական ստանդարտները:
Առաջարկվող սահմանադրության նախագծի 107 հոդվածը նախատեսում է Երեւան համայնքի ղեկավարի անուղղակի ընտրություն, որը չի բացառում որ օրենքով ՀՀ նախագահը Երեւանի ավագանու ընտրությանը կներկայացնի քաղաքապետի մեկ կամ լավագույն դեպքում երկու թեկնածու եւ հենց դա էլ լիովին կնշանակի անուղղակի ընտրված քաղաքապետ: Դրան ավելացնենք, որ Երեւանի թաղային համայնքները նախագծով վերացված են եւ այս «բարեփոխումը» կարող է ամբողջությամբ վերացնել տեղական ինքնակառավարման իրականացմանը Երեւանում, որը Հանրապետության համարյա կեսն է:
Գործող Սահմանադրության ամենալուրջ թերություններից է 109 հոդվածով նախատեսված կառավարության կողմից ընտրված համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավունքը: Այս թերությունը ոչ միայն չի վերացվել, այլ նաեւ խորացվել է: Բացի դրանից, գործող Սահմանադրությունը երաշխավորում է, որ պաշտոնանկությունից հետո նշանակվում է պաշտոնակատար եւ մեկամսյա ժամկետում անպայման անցկացվում են ընտրություններ: Նախագծից այդ ամենը վերացվել է եւ հասկանալի չէ, թե պաշտոնանկությունից հետո ըդհանրապես անցկացվելու են ընտրություններ թե ոչ եւ մինչեւ դրանց անցկացնելը ով է ղեկավարելու համայնքը: Կարելի է հստակ եզրակացնել, որ գործող Սահմանադրության թերությունները ոչ միայն չեն վերացվել, այլ ավելի են խորացել:
Տեղական ինքնակառավարման ոլորտում նախագիծը պարունակում է ավելի շատ վտանգներ եւ ավելի քիչ երաշխիքներ: Եթե սրան ավելացնենք, վերը նշված 85 եւ 89.4-րդ հոդվածների հակասությունները տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիային, ապա նախագիծը լուրջ նահանջ է անկախ նրանից, որ գործող Սահմանադրությունը պարունակում մի քանի լուրջ թերություններ, որոնք խանգարում են համայնքների զարգացմանը:
Նախագիծը պարունակում է մի շարք հակասություններ
Մանրամասն չանդրադառնալով հակասությունների բովանդակությանը չընդհարրցակվելու պատճառով, միշտ պատրաստ եմ դրանք ապացուցել: Հակասում են հոդված 4-ը` հոդված 108-ին, 5-ը` 85-ի 2-րդ նախադասությունը, 8-ը` 33.1-ին, 11.1-ը` 83.5 կետ 11-ին, 14.1-ը` 56.1-ին, 49-ը` 81ա-ին, 83.4-ը` 108.1-ին, 85-ի 2-րդ նախադասությունը` 89-ի կետ 8-ին, 110-ի առաջին պարբերությունը` 2-ին: Անկախ նրանից, որ գործող Սահմանադրության այս կամ այն դրույթի հետ կարելի է չհամաձայնվել, այն գրված է լակոնիկ, իրավական ճշգրիտ լեզվով եւ չի տալիս հնարավորություններ տարբեր մեկնաբանությունների: Ի տարբերություն նախագծի օրինակ` հոդված 15-րդ «ոչ ոք չի կարող դատապարտվել կամ…», հոդված 11.1 «ՀՀ վարչատարածքային միավորներն են մարզերը եւ համայնքները» եւ համեմատեք հոդված 83.5 կետ 11 հետ «Բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում 11) ՀՀ վարչատարածքային միավորները եւ…» կամ հոդված 5-ում իշխանությունների տարանջատման սկզբունքը փոխվել է «իշխանությունների բաժանման» սկզբունքով: Պարոնայք, իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին, չի թույլատրվում բաժանել: Երեւի այս բարեփոխիչների համար էր ասել լուսահոգի Վլադիմիր Նազարյանը «տղաներ, դուք գիտեք այնքան, ինչքան ես ամեն օր մոռանում եմ»:
Նախագիծը, ի տարբերություն գործող Սահմանադրության, քաղաքական հստակ սկզբունքների բացակայության պատճառով բազմաթիվ կարեւոր խնդիրների լուծումը թողնում է օրենսդրին, ինչը լուրջ թերություն է: Նախագծի իրավական գնահատականը ամփոփեմ այդ փաստաթղթի ամենա լուրջ թերությամբ` սահմանադրությունը, որպես ամենակարեւոր եւ հիմնական օրենք չի նախատեսում դրա խախտման իրավական հետեւանքները: Համոզված եմ, որ անբարեխիղջ նախագահները եւ պաշտոնյաները խախտել են եւ խախտելու են այսպիսի սահմանադրությունները, որոնք մնալու են թղթի վրա, քանի դեռ դրա համար սահմանված չէ որեւէ լուրջ պատիժ:
Քաղաքական գնահատական
Սահմանադրական փոփոխություններին քաղաքական գնահատական տալու համար նախ անհրաժեշտ է արձանագրել այն խնդիրները, որոնց լուծումը առաջնային կարեւորություն ունի Հայաստանի ժողովդի ու երկրի համար եւ գնահատել, թե ինչքանով է սահմանադրական փոփոխությունների նախագիծը նպաստում այդ խնդիրների լուծմանը:
Սկսենք լուծման կարոտ ամենա կարեւոր խնդիրներից: Վերադարձնել ժողովրդից խլած եւ իրար մեջ «բաժանած» իշխանությունը եւ որպես հետեւանք ապագայում վերացնել ամբողջությամբ կեղծված նախագահի եւ ԱԺ-ի ոչ լեգիտիմ իշխանակալությունը: Հայաստանում վերականգնել արդարությունը եւ որպես հետեւանք՝ նոր հիմքի վրա ու նոր մեխանիզմներով ձեւավորել արդարադատության համակարգը: Իրականացնել իշխանության ապակենտրոնացում եւ որպես հետեւանք կայացնել ու զարգացնել իրական տեղական ինքնակառավարման համակարգ, որպես ժողովրդին ամենամոտ կանգնած ու ժողովրդի կենսաապահովման խնդիրները լուծող իշխանություն: Այս երեք հիմնական խնդիրների լուծման նպատակը պետք է լինի մարդը` իր ազատություններով, իրավունքներով ու բարեկեցությամբ:
Հիմա փորձենք գնահատել, թե ինչքանով է նախագիծը նպաստում այս խնդիրների լուծմանը: Եթե ժողովուրդը նախագծին ասի «այո», ապա ամեն դեպքում անուղղակի, բայց դա նշանակում է վստահության քվե տալ գործող իշխանությանը: Ինչը ինքնաբերաբար նշանակում է «այո» գործող իշխանության կողմից 1998 թվից կեղծված բոլոր ընտրություններին, բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական սպանություններին, օրինազանցություններին եւ զարգացող կաշառակերությանը, բազմաթիվ մարդկանց իրավունքների խախտումներին, պետությանը հարյուրավոր միլիոն դոլարների վնաս հասցրած կոնյակի գործարանի, Արմենթելի, բաշխիչ ցանցերի, ՄՀՀամալիրի ու այլ սեփականաշնորհումներին եւ այլն եւ այլն, որոնց համար իշխանությունները որեւէ քաղաքական պատասխանատվություն չեն կրել:
Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս գործող նախագահին նորից առաջադրվել եւ ընտրվել այդ պաշտոնում: Համոզված եմ դրանում, քանի որ, ի տարբերություն 1998թ., երբ Ռ.Քոչարյանը չունենալով ՀՀ քաղաքացիություն, ընդհանրապես առաջադրվելու հիմք չուներ, հիմա` այս նախագծի ընդունումով շատ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում: Չնայած, որ գործող նախագահը առ այսօր ՀՀ քաղաքացիություն չունի (մինչեւ 1998թ. Ռ. Քոչարյանը չի դիմել Լ.Տեր-Պետրոսյանին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, իսկ 1998թ. հետո ինքը իրեն չէր կարող շնորհել քաղաքացիություն, որովհետեւ փաստացի այդ որոոշմամբ կապացուցվեր նրա նախագահ առաջադրվելու անօինականությունը), եթե հաշվի առնենք, որ գործող նախագահի առաջադրվելու դեպքում վեճը լուծվելու է սահմանադրական դատարանում, ապա նախագծի ընդունումը կարող է տեղիք տալ բազմաթիվ մեկնաբանությունների եւ լուրջ հիմքեր ստեղծել դրա համար: Սրան ավելացնենք, որ գործող նահագահը առ այսօր անձամբ չի հայտարարել, որ չի առաջադրվելու, իսկ եթե մենք ուզում ենք գոնե 2008-ին այս իշխանություններից ազատվել եւ անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, ապա այս նախագիծը անհրաժեշտ է աnպայման մերժել:
Իսկ եթե նպատակ ունենք Հայաստանում հաստատել արդարադատություն, ապա դրա համար անհրաժեշտ է ոչ միայն դատավորների անկախությունը, այլ էլ ավելի կարեւոր է իշխանության փոփոխելիության իրականացումը ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Միայն այդ դեպքում դատավորը կծառայի ժողովրդին` օրենքին, այլ ոչ թե ինքնն իրեն վերարտադրող իշխանությանը:
Ինչ վերաբերվում է տեղական ինքնակառավարման եւ ապակենտրոնացված իշխանության կայացմանը, ապա այն նույնպես անհնարին է առանց ժողովրդի իշխանության եւ ընտրական համակարգի վերականգնմանը:
Ակնհայտ է դառնում, որ մեր ժողովրդի եւ երկրի առջեւ կանգնած հիմնախնդիրները այս նախագիծը ոչ միայն չի լուծում, այլ նաեւ վտանգում է անգամ մինչ այս ապահով ոլորտները: Գործող սահմանադրության դրական դրույթները կատարված փոփոխություններով կամ վերացվել են, կամ էլ ենթարկվել են վտանգավոր փոփոխությունների, ինչը ընդհանրապես հիմք չի տալիս նախագիծը կոչել «բարեփոխում»:
Ամփոփենք: Բացի վերընշյալից իմ կարծիքով.
1. Նախագիծը ի տարբերություն գործող Սահմանադրության պետության համար հեշտացնում է սեփականատիրոջից սեփականության բռնագրավումը դատարանի միջոցով եւ այդ պատճառով այս նախագծին պետք է դեմ լինեն բոլոր նրանք, ովքեր ունեն սեփականություն:
2. Նախագիծը ի տարբերություն գործող Սահմանադրության, թույլատրում է մենաշնորհներ եւ դրանով բացառում է տնտեսական հավասար դաշտը եւ ազատ մրցակցությունը եւ այդ պատճառով այս նախագծին պետք է դեմ լինեն բոլոր նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով:
3. Նախագիծը հիմքեր է ստեղծում միասեռ ընտանիքներ կազմելու համար եւ դրանով վտանգում է մեր քրիստոնեական բարոյականությունը եւ այդ պատճառով այս նախագծին պետք է դեմ լինեն բոլոր նրանք, ովքեր քրիստոնյա են:
4. Նախագիծը Երեւան քաղաքում վերացնում է ընտրովի տեղական ինքնակառավարման մարմինները եւ փոխարենը չի բացառում նշանակովի քաղաքապետի հնարավորությունը, ինչպես նաեւ, հաշվի առնելով համայնքների համար վերը նշված վտանգները եւ այդ պատճառով այս նախագծին պետք է դեմ լինեն բոլոր համայնքները, ներառյալ Երեւանի բոլոր թաղապետարանները իրենց աշխատակազմերով եւ ավագանիներով:
Համոզված եմ, որ նախագիծը չի կարող ընդունվել մեր ժողովրդի կողմից, եթե նա լիարժեք իրազեկված լինի դրա բովանդակությանը: Իշխանությունների միակ հույսը սուտն է եւ պոպուլիստական հայտարարությունները:
Դատեցեք ինքներըդ, ով մնաց եւ ում է ձռնտու այս նախագծի ընդունումը:
1. Բոլոր իշխանավորները եւ նրանց սպասարկող քաղաքական ուժերը, որոնք անօրեն ճանապարով են հասել դրան:
2. Բոլոր նրանք ովքեր աչք են դրել իրենց չպատկանող սեփականության վրա:
3. Բոլոր այն տնտեսվարողները, որոնք հովանավորվում են իշխանությունների կողմից եւ ունեն հակասահմանադրական մենաշնորհ:
4. Սեռական բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչները եւ միասեռ ընտանիքների կողմնակիցները:
5. Բոլոր պնակալեզները:
Հայցում եմ նախագծին կողմնակից բոլոր մոլորվածների եւ այս ցուցակում իրենց չհայտնաբերած անձանց ներողամտությունը:
Պարտավորված եմ զգում նշել, որ չլինելով այս իշխանությունների երկրպագուն ակտիվորեն մասնակցել եմ նախագծի քննարկումներին եւ կատարել եմ բազմաթիվ առաջարկություններ: Նախագիծի բարելավման նպատակով իմ գործընկերների հետ մշակել եւ իշխանություններին ենք ներկայացրել տեղական ինքնակառավարման ամբողջ գլուխը, որը առանց հիմնավորումների փաստացի մերժվեց: Ամեն դեպքու թող հաղթի Հայ ժողովուրդը եւ ճշմարտությունը: