Ինչպես հայտնի է` Հեռուստառադիոպետկոմի նախկին նախագահ, «Արմենպրեսի» նախկին տնօրեն Տիգրան Հակոբյանն, արդեն 20 օր է, կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել են, որ Տ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (յուրացումը կամ վատնումը` առանձնապես խոշոր չափերով): Տ. Հակոբյանի 2 փաստաբաններից մեկը` Հայկ Ալումյանը, ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Հակոբյանին կալանքի տակ պահելու որեւէ պատճառ չկա. «Ինքը փաստորեն կալանավորվել է միայն այն պատճառով, որ մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Այսինքն` ծանր հանցագործության մեջ ընդամենը մեղադրելը մարդուն դարձնում է անպաշտպան: Եթե իրենք մեղադրանքն առաջադրեցին` հիմնավոր լինի, անհիմն կամ ակնհայտ անհիմն, ուրեմն ինքն ավտոմատ մեր դատարանների կողմից կալանավորվում է»: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Վահան Մուսինյանին, ով, ըստ մամուլի տեղեկությունների, ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանի եղբայրն է: Վահան Մուսինյանն այժմ հետախուզման մեջ է: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Տ. Հակոբյանն ու Վ. Մուսինյանը Լոռու մարզում գյուղատնտեսական եւ անասնապահական գործունեություն են ծավալել` ֆերմա են ստեղծել, իսկ ռուսաստանաբնակ հայ գործարարներից մեկը` Գոռ անունով, ֆինանսավորել է այն: Նշվում է, որ բիզնեսն անհաջող ընթացք է ունեցել, եւ գործարարը դիմել է Դատախազություն` հաղորդում ներկայացնելով շուրջ 500.000 դոլարի յուրացման մասին: Փաստաբանի խոսքով, Տ. Հակոբյանն ինքն էլ չի հասկանում, թե ինչո՞ւ են իրեն կալանավորել, եւ ի՞նչ յուրացման մասին է խոսքը: Ալումյանի պնդմամբ, վերը նշված գումարների մասով «Արմենպրեսի» նախկին տնօրենը որեւէ օրենքի խախտում թույլ չի տվել. «Տիգրան Հակոբյանը (այժմ նաեւ ես դա կարող եմ պնդել հաստատապես) ասում է հետեւյալը. որ ցանկացած գումար` մինչեւ վերջին դրամը, ցանկացած գումարը, որ իրեն մեղսագրվում է, ինքը կարող է հատ-հատ, դրամ առ դրամ, լումա առ լումա հիմնավորել, թե որտեղ է ծախսվել, եւ պարզ է դառնալու, որ ամբողջը ծախսվել է հենց այն նպատակների համար, ինչ նպատակների համար հատկացվել է»: Հայկ Ալումյանը նաեւ նշել է, որ գործի մեջ նշված գումարներին անմիջականորեն առնչվող փաստաթղթերը պարբերաբար ստուգվել են գումարը հատկացնողի կողմից ու մինչեւ կալանավորման պահը խնդիրներ կարծես թե չեն եղել ու չպիտի լինեին. «Մենք ունենք բավականին ծավալուն մի փաստաթուղթ, որտեղ այդ գումարների ամբողջ շարժը նկարագրված է առաջին օրվանից մինչեւ վերջին օրը: Ընդ որում` այդ փաստաթղթերը ստուգվել են ամեն շաբաթ հենց այդ գումարը հատկացնող մարդու կողմից: Իսկ կազմվել են այդ գումարը հատկացնող մարդու հարազատներից մեկի կողմից»: Փաստաբանի խոսքով` ո՛չ իր պաշտպանյալը, ո՛չ էլ ինքն առայժմ չեն կարողանում հասկանալ ու չեն ցանկանում ենթադրություններ անել, թե ինչու Տ. Հակոբյանին մեղադրեցին այդ ծանր հանցագործության մեջ եւ որոշեցին խափանման միջոց ընտրել կալանքը: Արմատները, Ալումյանի համոզմամբ, ավելի խորն են եւ կապ չունեն իրավական դաշտի հետ. «Չգիտեմ` ինչն էր պատճառն այսպես հապճեպ, առանց հանգամանքները ստուգելու Տիգրանին կալանավորելու: Ես վախենում եմ, որ ինչ-որ լուրջ պատճառներ կան, բայց` իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեցող»:
Այժմ Հակոբյանի ընկերները եւ փաստաբանը փորձում են հասնել խափանման միջոցի փոփոխմանը: «Այդ մարդը` սրտային հիվանդ, հիմա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում` 19 հոգով 14 հոգանոց կամերայի մեջ»,- ասել է Ալումյանը` հավելելով, որ, հաշվի առնելով Տ.Հակոբյանի առողջական վիճակը, նա պետք է լիներ ազատության մեջ:
Ինչ վերաբերում է Վահան Մուսինյանին, ապա Ոստիկանությունից հերքեցին մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե Մուսինյանն օրերս կապվել է նախաքննական մարմնի հետ եւ պատրաստակամություն հայտնել վերադառնալ Հայաստան եւ ներկայանալ իրավապահ մարմիններին: