«Ժառանգություն» կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 2-ին, եւ հենց այդ համագումարում էլ կորոշվի կուսակցության` առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափը:
Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` արդյո՞ք մեծ է հավանականությունը, որ «Ժառանգությունը» նախընտրական դաշինք կկազմի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ, Հովհաննիսյանն ասել է, թե առայժմ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են: «Դա մենք քննարկում ենք մեր ներսում: Այս ամսվա ընթացքում դա կանենք եւ մարտի 2-ին կգանք հանրագումարային եզրակացության, եւ դա մենք անում ենք մեր գործընկերների` «Ազատ դեմոկրատների» հետ: Ներկա դրությամբ չեմ կարող ասել, որ հավանական է դաշինքը, թե` ոչ, բայց մենք հակված ենք մեծ լուծումների»,- հայտարարել է «Ժառանգության» ղեկավարը: Հարցին` եթե այդ քննարկումները որեւէ արդյունքի չբերեն, եւ «Ժառանգությունը» միայնակ մասնակցի ԱԺ ընտրություններին, արդյո՞ք կուսակցությանը կհաջողվի հաղթահարել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ հինգ տոկոսանոց շեմը, Հովհաննիսյանը պատասխանել է. «Կարծում եմ, որ մենք ու «Ազատ դեմոկրատները» առանձին-առանձին ազատորեն կարող ենք մուտք գործել խորհրդարան, հետեւաբար կարծիքը, որ դաշինք կազմում են յոթ տոկոսանոց շեմը հաղթահարելու համար, ճիշտ չէ: «Ժառանգությունը» որեւէ խնդիր չունի առավել մեծ թիվ ունենալու խորհրդարանում: Սա խնդիր չէ, բայց մենք պատրաստվում ենք մեծ լուծումների: Դրա համար էլ առայժմ չեմ կարող ասել` կլինի՞ դաշինք «Ազատ դեմոկրատների» հետ, թե՞ ոչ»: Ի պատասխան հարցին, թե ի՞նչ գաղափարական ընդհանրություններ ունեն «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, պրն Հովհաննիսյանը պատասխանել է, որ «Ազատ դեմոկրատները» սրտացավ, քաղաքական պատմություն ունեցող քաղաքացիներ են: «Թե խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակցությամբ, թե համամասնականի հարցի զորակցությամբ ես տեսնում եմ, որ ազատ դեմոկրատներն ունեն Հայաստանի պետական ինքնիշխանությանը նվիրված գաղափարներ»,- հայտարարել է «Ժառանգության» նախագահը: Նա ասել է, որ Հայաստանի առջեւ դրված են ավելի բարձր խնդիրներ, որի լուծման համար անհրաժեշտ է ուժերի համատեղում: «Մենք ուզում ենք հավատալ եւ հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է լուրջ փոփոխությունների նախաշեմին, եւ այս անգամ այս մի տարվա ընթացքում «Ժառանգությունը» պարտավոր է մաս կազմել այդ համակարգափոխական շարժմանը թե՛ Ազգային ժողովում, թե՛ հրապարակում»,- նշել է նա` ավելացնելով, որ այդ խնդիրների լուծման համար «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել նաեւ այլ քաղաքական ուժերի հետ: «Առաջին հերթին ընդդիմադիր կուսակցությունների հետ, 2-րդ հերթին` արտախորհրդարանական քաղաքական հոսանքների եւ կուսակցությունների հետ, եւ 3-րդ հերթին` ինչո՞ւ չէ, եթե ցանկություն կա, իշխանության մաս կազմող կուսակցությունների հետ»,- ասել է «Ժառանգության» նախագահը: Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է նաեւ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի միջեւ վերջին շրջանում հաճախակի դարձած շփումների պատճառների մասին. «Դաշնակցությունն» ու մենք խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցություններն ենք, եւ կա փոխհարգալից համագործակցություն: Ազգային հարցերում մենք միասնական ենք, առաջիկա շրջանը ցույց կտա, թե հնարավո՞ր է արդյոք սերտ համագործակցություն: Բայց արդեն հասկանալի է, որ յուրաքանչյուր կուսակցություն պատրաստվում է գնալ ընտրությունների միայնակ: Դա էլ հասկանալի է, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր խնդիրները»: Իսկ հարցին` արդյո՞ք հնարավոր է համարում համագործակցությունը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, չնայած խոսակցություններին, որ Օսկանյանի անունը կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, Հովհաննիսյանը պատասխանել է. «Որպես ընտրակեղծիքների դեմ պայքարողներ` այո, բայց ես չեմ հանդիպել իրեն եւ չգիտեմ, թե նրա մտքում ինչեր կան` քաղաքական առումով: Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին` մենք հիշաչար չենք, քննիչ չենք»: Այդուհանդերձ, ըստ Ր. Հովհաննիսյանի. «Եթե ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը կամ մեկ այլ շահագրգիռ անձ ցանկություն ունենա քննարկել նախընտրական բնույթի հարցեր, ապա «Ժառանգության» դռները բաց են բոլորի առջեւ»: «Մենք մտել ենք այնպիսի փուլ, որտեղ ճնշումները շատ են, երկիրը փոքր է, ես չեմ նայում, թե նախկին եւ ներկա նախագահների միջեւ ինչ հարաբերություններ կան: Կարեւոր է այն, թե որն է Հայաստանի համար լավ: ՀՀ-ի ազատության ապագան գտնվում է նոր բանաձեւի որոնման մեջ»,- ասել է նա: Խոսելով ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնության մասին, որի հեղինակներից մեկն էլ «Ժառանգությունն» է,
Ր. Հովհաննիսյանն ասել է, թե նախագահ Սերժ Սարգսյանը լավ կաներ, եթե հանդիպեր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ ու քննարկեր այդ հարցը: «Եվ այս հարցը միասին քննարկվեր, բայց այս ամենի առարկայական գնահատականն այն է, որ քաղաքական նոր մշակույթ է ստեղծվել»,- ասել է նա` ողջունելով ընդդիմությանը այս հարցում սատարելու` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությունը: Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի մասին հարցին, Ր. Հովհաննիսյանն ասել է, թե հավակնություն չունի զբաղեցնել ցուցակի առաջին կամ մեկ այլ համար: «Ցուցակների մասին քննարկում տեղի չի ունեցել` ոչ ներսում, ոչ դրսում: Բայց մեզ մոտ ամեն ինչ սկզբունքային է: Կուսակցության ներսում շնորհալի երիտասարդներ շատ կան, որոնք հնարավորություն պետք է ստանան: Դրսում ունենք մշակույթի, մտավորականության ոլորտից ներկայացուցիչներ: Ես ինքս հավակնություն չունեմ որեւէ համարի տակ լինել: Իսկ մեծամասնական համակարգին մասնակցությունը եւս չենք քննարկել»,- նշել է նա: Ր. Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրել է, որ փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում «Ժառանգությունը» սատարելու է ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանին: