Երբ հեռուստացույցի էկրանից կամ որեւէ ամսագրի շապիկից քեզ է նայում իշխանական կուսակցության հաջողակ, վճարունակ որեւէ ներկայացուցիչ, քաղաքական կյանքի էպիզոդներում հայտնված քաղաքական գործիչներին պատում է զգացողությունների` ոչ այնքան միանշանակ գամմա: Ուզում են բղավել, որ իրենք եւս այդ սրիկային ոչնչով չեն զիջում, որ իրենք էլ կարող էին նրա փոխարեն հայտնվել նախընտրական ցուցակի որեւէ անցողիկ տեղում: Իրենք էլ են արժանի հասարակության ուշադրությանը, բարձրաստիճան պաշտոնյաների հետ ձեռքով բարեւել, նստել-վեր կենալ: Իրենք էլ են սիրում ծառայողական ավտոմեքենաներով երթեւեկել: Իսկ տեղերն այնքան անարդարացիորեն սահմանափակ են:
Բոլորը դարձյալ ձեւացնում են, թե մայիսին սպասվող իրադարձություններին վերաբերվում են որպես խորհրդարանական ընտրությունների: Թեեւ իշխանություններից մինչեւ Կողբ գյուղի սարերում իր նախիրն արածացնող հովիվը գիտեն` տեղի ունենալիք արարողությունն ընտրության բովանդակության հետ ուղիղ առնչություն չունի: Հեռուն գնալ պետք չէ` Հայաստանում ընտրություններից հետո երբեք իշխանափոխություն չի եղել: Թեեւ 20 տարի շարունակ երկիրն անընդհատ, առանց ընդմիջումների ռեգրես է ապրում: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցները սկսել են մոգության սեանս հիշեցնել. ԱԺ փոխխոսնակը պատրաստ է այնքան կրկնել` «ՀՀԿ-ն ընտրությունների ֆավորիտն է», մինչեւ դրան սկսեն հավատալ բոլորը: Այդ թվում եւ` ինքը: Կուսակցությունները ձեւացնում են, թե ունեն քաղաքական եւ տնտեսական ծրագրերի ներկայանալի փաթեթներ: Եվ միայն դրանցով է հնարավոր երկիրը դուրս բերել «սոցիալ-տնտեսական ծանր վիճակից»: Բայց միայն մի պայմանով` պետք է իրենց ներկայությունն ունենան ԱԺ (նկատենք` ոչ այնքան գունեղ) ներկապնակում: Հասարակությունը ձեւացնում է, թե հոգնել է այս ամենից: Թե այլեւս չի կարող հանդուրժել: Ավելի ստույգ` հանդուրժել ինչ-որ ձեւով դեռ կարող է: Դիմանա՛լ չի կարող: Հետեւաբար, հուսահատ թափահարում է ձեռքը: Իբր` տվեք այդ չարաբաստիկ 5, 10 կամ, ցանկալի է, 15 հազար դրամն ու արեք` ինչ ուզում եք:
Հայաստանյան ընտրություններում արդեն ոչ մի նոր բան հնարել հնարավոր չէ: Ամեն ինչ նախապես մտածված, բազմիցս փորձարկված է: Մնում է ընդամենը փոխել ընտրողների վերաբերմունքն ընտրությունների հանդեպ, դադարել դրանք ընդունել որպես երկրում ինչ-որ բան փոխելու հնարավորություն: Չկա այսօր որեւէ քաղաքագետ, վերլուծաբան, ով հրապարակայնորեն կհանդգնի պնդել, ապա եւ ապացուցել իր պնդումը, թե այս ընտրություններից հետո իշխանության կգա նոր ուժ: Այսինքն` ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կստանա որեւէ այլ կուսակցությունից պակաս ձայներ: Իրադրությունն այնպես է դասավորվել, որ հասարակական գիտակցության մեջ ԲՀԿ-ն երկրորդ պատվավոր տեղն է զբաղեցնելու, թեեւ ձեւացնում է, թե ձգտում է ԱԺ մեծամասնության: Բոլոր կուսակցություններն էլ, ովքեր մասնակցության հայտ են ներկայացնելու, հրապարակայնորեն չեն արտահայտվում, սակայն գիտեն` իրենք պայքարելու են, լավագույն դեպքում, երրորդ, չորրորդ տեղի համար: Թեեւ, ինչպես ԲՀԿ-ն, բարձրաձայն պնդում են, թե հավակնում են միմիայն խորհրդարանական մեծամասնության կարգավիճակին: Այն, որ ընտրություններին առաջին տեղում ԿԸՀ-ն հայտարարելու է ՀՀԿ-ի անունը եւ, որ դա տեղի է ունենալու ամենեւին ոչ արդար ընտրության արդյունքում, պարզ է բոլորին: Սակայն հնարավո՞ր է սեփական հասարակությանը վերաբերվել որպես տկարամիտ մարդկանց ամբոխի: Արտագաղթի, բանակի, համատարած անարդարության, սոցիալական բեւեռվածության նման ցուցանիշներից հետո որեւէ բանական մարդ իր ձայնն իշխանություններին պարզապես չի տա: Եվ սա անձերի խնդիր չէ, այլ տապալված, ձախողված ղեկավարման:
Իսկ եթե ընտրողների ինտելեկտուալ վարկանիշն իշխանությունների համար այսքան ցածր է, ուրեմն կարելի է ընտրությունները կեղծել` առանց խղճի խայթի: Անգամ հարմար ձեւակերպում կարելի է գտնել: Դիցուք` ստիպված ենք կեղծել ընտրությունների արդյունքները, քանի որ նման անգիտակից հասարակությանը չի կարելի վստահել այնպիսի պատասխանատու գործողություն, որպիսին է՛ ընտրելը: Աստված գիտի, ում կընտրի, ում կբերի իշխանության:
Եվ պետական այրերը սկսում են անհարմար չզգալ: Այնքա՛ն անհարմար չզգալ, որ Ազգային վիճակագրության ծառայության միջոցով հրապարակեն վիճակագրական թվեր: Օրինակ` Հայաստանի բնակչությունը, նախորդ տարվա համեմատ, աճել է 12.000-ով: Եվ կազմում է 3 միլիոն 274 հազար մարդ: Սա այն թեման է, որի մասին հասարակությունն անգամ վիճակագիրներին չի էլ դիմում: Իրականությունը գիտենք բոլորս:
Փոքրիշատե հետաքրքրություն էր ներկայացնում վիճակագիրների մեկ-երկու տեղեկություն: Պարզվում է` Հայաստանում մարդիկ մետաֆիզիկական այնպիսի պերսոնաժի հետ, որն է՛ մահը, ծանոթանում են միջինը 74 տարեկանում: Թեեւ ոչ բոլորն են Հայաստանում պատրաստ ձգել մինչեւ միջին վիճակագրական տարիք: Պաշտոնական տվյալների վկայությամբ` նախորդ տարի 650 մարդ կամ, ավելի ակտուալ տերմին գործածենք` 650 ընտրող, ինքնասպանության փորձ է արել: 200-ին հաջողվել է վերջ տալ կյանքին: Ընդ որում` նրանք 30-65 տարեկան անձինք են, հիմնականում` տղամարդիկ:
21-րդ դարում աշխարհը զարգանում է շատ պարզ մեխանիզմով` այն, ինչ բարդ է, պետք է պարզեցնել: Այն, ինչ մեծ է, պետք է փոքրացնել: Մեր երկրի դեպքում ուռճացնում են այն, ինչը ցավալիորեն քիչ է` մարդկանց հավատն իշխանությունների հանդեպ: Եվ նաեւ` բնակչության իրական թիվը: Սակայն իրականությունն այն է, որ իսկական թղթադրամը «Նարզանի» պիտակների հետ շփոթողներ արդեն չկան: Եվ պաշտոնական վիճակագրությունը վաղուց արդեն դադարել է տեղեկատվության վստահելի աղբյուր համարվելուց: Սակայն իրերի դրությունը դրանից չի փոխվում: Միեւնույն է, մայիսին ընտրությունների գնալու է հենց 3 միլիոն 274 հազար ընտրողների չափահաս մասը: Ընտրողների լավագույն կեսը նախապատվությունը տալու է ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին:
Հ.Գ. «Հայկական Ժամանակ» օրաթերթի իմ գործընկեր Հայկ Գեւորգյանի ձերբակալության լուրն առնելուց հետո դարձյալ համոզվեցի. ընտրությունների միանձնյա ֆավորիտը գործող իշխանությունն է լինելու. իշխանությունը երկարաձգելու նրա մեթոդներն ամենաարդյունավետն են: