«Գերմանիան մասնակցում է բարեփոխումներին»

04/02/2012

Ինչպիսի՞ն են անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորումները, դրանց բացահայտումը, դադարեցումն ու կանխարգելող միջոցառումները. երեկ այս հարցերն էին քննարկում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կազմակերպած միջոցառմանը:

ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանի փոխանցմամբ՝ միայն 2011թ. հանձնաժողովը տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար շուրջ 200 որոշում է կայացրել, ինչը, ըստ նրա, երկու անգամ ավելին է, քան 2010թ. կայացրած որոշումները, եւ 6-7 անգամ ավելին, քան մյուս տարիներին: «Անցած տարվա ընթացքում տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար այնքան տուգանք ենք նշանակել, որքան հանձնաժողովը նշանակել էր իր անցած 10 տարիների գործունեության ամբողջ ընթացքում»,- նշեց Ա.Շաբոյանը` նշելով, թե տուգանքների մասին որոշումների մեծ մասը բողոքարկվել է դատարաններում, որտեղ, սակայն, իրենք որեւէ պարտություն չեն կրել: Ինչ վերաբերում է հանրապետություն ներկրվող հայկական փաթեթավորմամբ վաճառվող անհայտ ծագումով թռչնամսին, ինչը վերջին շրջանում անհանգստություն է առաջացրել թռնչնաբույծների մոտ, ՏՄՊՊՀ-ի նախագահը նշեց, որ խնդրի շուրջ իրենք ուսումնասիրություն են կատարում: Նրա խոսքով` իրենք հանդիպել են թռչնաբույծների հետ։ «Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ նրանք պնդում են, թե փաթեթավորումը փոխում են, եւ տեղական հավերի անվան տակ վաճառվում է: Բնականաբար, սա արդեն հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն»,- նկատեց Ա. Շաբոյանը՝ նշելով, որ այդ խնդրով հանձնաժողովը նույնպես ուսումնասիրություններ է կատարում:

ՏՄՊՊՀ-ի նախագահը նաեւ խոսեց բնական հյութերի գովազդի անբարեխիղճ մրցակցության մասին, այսինքն՝ երբ գովազդվում են 100 տոկոսանոց մաքուր բնական հյութեր՝ ընդգծելով, թե բաղադրության մեջ շաքար չկա, մինչդեռ իրականում այդ նույն հյութերը պարունակում են շաքար: Այստեղ եւս, ինչպես նշեց Ա. Շաբոյանը, ուսումնասիրություններ են ընթանում, եւ իրենք պետք է դիմեն հյութեր ներկրող ընկերություններին` որոշ հանգամանքներ պարզաբանելու նպատակով: «Ես բազմիցս նշել եմ, որ մենք շատ զգույշ ենք մեր որոշումների հարցում: Այստեղ միայն տուգանքի հարցը չէ: Խոսքն ընկերությունների հեղինակության եւ իմիջի մասին է, եւ գիտեք՝ մեր բոլոր վարույթները հրապարակային են, եւ մեր հրապարակային վարույթների արդյունքում մենք զգալիորեն վնասում ենք նրանց իմիջն ու հեղինակությունը, եւ պետք է զգույշ լինենք: Եվ այդ հարցն ընթացքի մեջ է, մենք մանրամասն ուսումնասիրում ենք, որպեսզի սխալ որոշում չկայացնենք»,- ավելացրեց Ա. Շաբոյանը:

Քննարկմանը ներկա գտնվող` ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը կարեւորեց տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմները: «Եթե ես ավելի համառոտ եւ փոքր-ինչ կոշտ ձեւակերպեմ ասելիքս՝ կասեմ, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բարեբախտություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պարտվելու, եւ դաշնակիցների հրահանգով պատերազմից հետո Գերմանիան իր տնտեսական կառուցվածքը պետք է վերափոխեր»,- նշեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը՝ որպես օրինակ մեջբերելով գերմանական հայտնի «Բոշ» ապրանքատեսակը, որը նախապես եղել էր ընտանեկան փոքրիկ բիզնես, այնինչ այսօր համաշխարհային անուն ունի՝ ընդլայնելով իր արտադրության շրջանակները: «Որպես Գերմանիայի ներկայացուցիչ՝ ինձ համար մեծ ուրախություն էր այն ժամանակ, երբ խոսքը գնում էր մի ծրագրի ընտրության մասին, որտեղ հազար մրցակիցների մեջ ընտրվեց գերմանալատվիական թվինգային ծրագիրը: Ես շատ ուրախ եմ, որ այդ թվինգային ծրագրում նաեւ Գերմանիան է, քանի որ Գերմանիայի կառավարությունն իր ծրագրերով մասնակցում է Հայաստանի օրենսդրական դաշտի բարեփոխումների ծրագրերին, ինչպես նաեւ` տնտեսական նոր վերակազմակերպման բոլոր խնդիրներին՝ GIZ կազմակերպության միջոցով»,- ասաց Հանս-Յոխեն Շմիդտը: