2005թ. ընտրություններն Ադրբեջանում. կորսված հնարավորություն

25/11/2005 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում գերակշիռ մեծամասնություն ստացան իշխանամետ կուսակցությունները, նորից չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Թեեւ նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել էր բարեփոխումներ իրականացնել, սակայն նրա քայլերը դեռ վստահություն չեն ներշնչում։ Եթե ընտրությունների արդյունքները հիմնականում հաստատվեն, ապա Ադրբեջանը չի ունենա բարեփոխումներ իրականացնելու ունակ խորհրդարան, ինչն անհրաժեշտ է լուրջ փոփոխությունների հասնելու համար՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից։ Այս ընտրությունները կորսված հնարավորություն են՝ խորհրդային ավտոկրատիայից դեպի ժողովրդավարական ապագա հաստատուն քայլ կատարելու համար։ Համատարած անտարբերության մթնոլորտում էական փոփոխությունները մոտ ապագայում տեսանելի չեն։ Կառավարությունը պետք է իրական երկխոսություն հաստատի ընդդիմության հետ եւ նոր ընտրություններ նշանակի այն տեղամասերում, որտեղ ընտրություններն ընթացել են ակնհայտ խախտումներով։ Հակառակ դեպքում` արեւմտյան երկրներն ու կազմակերպությունները պետք է միջոցներ ձեռնարկեն Իլհամ Ալիեւին հասկացնելու համար, որ իրենք լուրջ են տրամադրված, երբ ասում են, որ հարաբերությունների որակը կախված է լինելու իրական ժողովրդավարության հաստատմանն ուղղված քայլերից։

Նոյեմբերի 6-ին նավթով հարուստ այս երկիրը փորձեց ցույց տալ, որ հաստատակամ է ժողովրդավարություն հաստատելու եւ բարեփոխումներ իրականացնելու հարցում։ Փոխարենը, միջազգային դիտորդները նշում են համատարած կեղծիքների մասին՝ այդ թվում՝ լցոնումներ, քվեաթերթիկների սխալ հաշվարկ եւ թվանկարչություն։ Ընտրազանգվածի միայն 47 տոկոսն է մասնակցել ընտրություններին՝ 2000թ. 69 տոկոսի համեմատ։ Սա նշանակում է, որ լուրջ հիասթափություն կա այն համակարգի նկատմամբ, որը շարունակաբար կեղծում է ընտրությունները։ Թեեւ ընդդիմությունը որպես պայքարի ձեւ ընտրել է խաղաղ ցույցերի անցկացումը, եւ կառավարությունն էլ խոստացել է ճնշել հեղափոխական բնույթի ցանկացած գործողություն, սակայն առկա է բռնությունների եւ անկայունության մեծ վտանգ։

Ամեն ինչ կարող էր եւ այսպես չլինել։ Ունենալով բարձր տեմպերով զարգացող տնտեսություն եւ բավական բարձր անձնական վարկանիշ՝ նախագահ Ալիեւն ու նրա վարչակազմը կարող էին իրենց թույլ տալ ունենալ ավելի տարբերակված եւ լեգիտիմ խորհրդարան։ Քարոզարշավի առաջին փուլերը խոստումնալից էին։ Գրանցվել էին ավելի քան 2000 թեկնածուներ, որոնցից 1550-ը մասնակցեցին ընտրությանը։ Լրատվամիջոցների վերաբերմունքն այս անգամ ավելի բարյացակամ էր. եթեր էր տրամադրվում անգամ ընդդիմության ամենաարմատական գործիչներին։ Սակայն տեղական իշխանությունների միջամտությունը որոշ թեկնածուներին պաշտպանելու հարցում եւ պետական աշխատողներին արվող զգուշացումները, որպեսզի նրանք չպաշտպանեն ընդդիմադիր թեկնածուներին, վախի մթնոլորտ էին ստեղծում։ Ուշադրության կենտրոնում միշտ իշխանամետ թեկնածուներն էին։

Նախագահ Ալիեւը ձգտում է ընդունելություն գտնել միջազգային հանրության կողմից՝ որպես աշխարհաքաղաքական եւ տնտեսական պոտենցիալ ու որպես Եվրոպա-Ատլանտյան սերտ կապեր ունեցող մի երկրի ղեկավար, որը ցանկանում է բարեփոխումներ իրականացնել։ Նրա նախագահության օրոք որոշ դրական քայլեր իրոք կատարվել են, կարելի է նշել, օրինակ, քաղբանտարկյալների ազատ արձակումը եւ էլեկտրոնային լրատվամիջոցների զարգացումը։ Սակայն այլ ոլորտներում բարեփոխումները կոսմետիկ բնույթ են կրում։ Պետական ինստիտուտները, որոնք համակարգի հիմքն են եւ պետք է հիմնված լինեն օրենքի ու ժողովրդավարության վրա, հզորացման կարիք ունեն։ Նախագահն էական ոչ մի քայլ չի ձեռնարկել կոռումպացված հովանավորչական ցանցերը վերացնելու ուղղությամբ, որոնք իրենք են հսկողության տակ պահում քաղաքական դաշտն ու տնտեսությունը։ Փոխարենը, աճող նավթային հարստությունը էլ ավելի է ամրացնում խոր արմատներ ձգած կոռումպացված էլիտայի դիրքերը։ Քանի դեռ նրանք պահպանում են իրենց ուժը, Ադրբեջանը չի կարող լուրջ հաջողությունների հասնել ժողովրդավարության փոփոխությունների ճանապարհին։ Հակակոռուպցիոն քաղաքականության մեջ հաջողության հասնելու եւ կայունությունը պահպանելու համար նախագահին եւ նրա կառավարությանն անհրաժեշտ են հզոր, ճանաչված մանդատ, քաղաքականապես ակտիվ հասարակություն եւ առողջ դատաիրավական համակարգ, որը կապահովի օրենքների կատարելությունը։ Այս հավասարման մեջ կարեւոր բաղադրիչ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։ Այսպիսով, հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է ձեռնարկել հետեւյալ քայլերը.

l Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պետք է մանրամասն քննության առնի ընտրողների, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների եւ դիտորդների կողմից ստացված բոլոր բողոքները։ Այս գործընթացը սկսվել է շատ քիչ տեղամասերում, սակայն ԿԸՀ-ն պետք է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչի բոլոր այն տեղամասերում, որտեղ տեղի են ունեցել կեղծիքներ։ Գլխավոր դատախազը պետք է հետաքննություն անցկացնի՝ ճշտելու, թե որտեղ են տեղի ունեցել քրեական բնույթի գործողություններ, ընտրությունների օրը, դրանից առաջ կամ հետո։ Դատարանները պետք է գործեն արդար եւ թափանցիկ ձեւով՝ պատժելով մեղավորներին։

l Ընդդիմությունը պետք է օգտագործի օրինական բոլոր ճանապարհները՝ ընտրակեղծիքները մերկացնելու համար։ Դժգոհության հասարակական արտահայտման ոչ մի դրսեւորում չպետք է ուղեկցվի բռնությամբ։ Ընդդիմության լիդերները եւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները (այդ թվում՝ նախագահի վարչակազմի) պետք է երկխոսություն հաստատեն՝ ընտրություններից հետո ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու համար։

l Տեղական իշխանությունները պետք է թույլատրեն հավաքների անցկացումը՝ չխոչընդոտելով նրանց հանդիպումներն ու քարոզչությունը։ Մարդկանց գործողությունները հսկողության տակ պահելու հարցում Ոստիկանությունը պետք է գործի պրոֆեսիոնալ մեթոդներով՝ զերծ մնալով ավելորդ ուժի կիրառումից եւ անհիմն ձերբակալություններից։

l Կեղծիքներով աչքի ընկած ընտրատեղամասերում նախագահ Ալիեւը պետք է նշանակի նոր ընտրություններ` միաժամանակ ուշադրություն դարձնելով այն խնդիրներին, որոնց մասին իրենց զեկույցներում նշել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները։ Նա նաեւ պետք է պաշտոնանկ անի տեղական գործադիր կոմիտեների բոլոր այն ղեկավարներին, որոնք անօրինական կերպով միջամտել են ընտրական գործընթացին։

Կառավարության ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ բարեփոխումների ուղղությամբ, կարող են հաջողությամբ պսակվել միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանի պարագայում։ Ադրբեջանի միջազգային գործընկերները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիության երկրներն ընդունել են նախկինում կատարված կեղծիքները՝ հավատալով, որ Ալիեւ ավագը եւ հետագայում` նրա որդին, կպահպանեն կայունությունը, կպայքարեն ահաբեկչության դեմ եւ կապահովեն նավթի ապահով հոսքը։ Այս անգամ միջազգային հանրությունն ականատես եղավ էլ ավելի կոպիտ խախտումների եւ պետք է շարունակի ճնշում գործադրել՝ 2005թ. խորհրդարանական ընտրություններում վերջնական ժողովրդավարական արդյունքներ ապահովելու համար, մասնավորապես՝

l Դեսպանական ճնշման միջոցով վեր հանել ընտրությունների հետ կապված հարցերը։

l Պարտադրել ԿԸՀ-ին եւ դատարաններին ընթացք տալ բոլոր բողոքներին եւ գործել զուտ օրենքի շրջանակներում։ Պահանջել իշխանություններից եւ ընդդիմությունից՝ զերծ մնալ բռնություններից, եւ եթե ընդդիմության ակտիվիստները ձերբակալվեն քաղաքական դրդապատճառներով՝ ճնշում գործադրել նրանց ազատ արձակելու համար։

l Եթե կառավարությունը շարունակի ոչինչ չանել վերը նշված քայլերի ուղղությամբ եւ, մասնավորապես, բռնություն կիրառի կամ ձերբակալի խաղաղ ցույցերի մասնակիցներին, անհրաժեշտ է ձեռք առնել հետեւյալ միջոցները.

– Եվրամիությունը պետք է սառեցնի կառավարության հետ երկխոսությունը՝ Գործողությունների նոր պլանի հետ կապված։

– ԱՄՆ-ը եւ մյուս պետությունները պետք է դիվանագիտական էմբարգո նախաձեռնեն նախագահ Ալիեւի եւ առանցքային նախարարների այցերի նկատմամբ։

– Եվրախորհուրդը պետք է քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու ուղղությամբ։