Պահանջված մասնագիտությունները

04/02/2012

2011թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին «Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերությունը հետազոտություն է անցկացրել «Ուսումնասիրություն տնտեսության ճյուղերում» թեմայով` նպատակ ունենալով գնահատել տնտեսության ճյուղերի զարգացման հնարավորությունները ՀՆԱ-ի աճի տեսանկյունից եւ կանխատեսել պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Զբաղվածության պետական ծառայությունից news.am-ին հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքներից պարզ է դարձել նաեւ, թե առաջիկայում աշխատաշուկայում ինչպիսի մասնագետների պահանջարկ կլինի. մասնավորապես մեծ թիվ են կազմում մենեջերները, բժիշկները, տնտեսագետները, օպերատորները, առաքիչները, գանձապահները (բանկային համակարգում), պահապանները` անվտանգության ծառայության, վաճառողները, մատուցողները, դերձակները, կարողները եւ վարորդները: Պարզվել է նաեւ, թե ինչպիսի կարճաժամկետ ուսուցումներ է անհրաժեշտ կազմակերպել` նոր ստեղծվող աշխատատեղերն արագ համալրելու համար: Ընտրանքային հետազոտության մեջ ընդգրկվել է շուրջ 2500 գործատու, արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2000 կազմակերպության վերաբերյալ: 2010թ. հունվարի 1-ի դրությամբ հետազոտության մեջ ընդգրկված կազմակերպություններում աշխատողների թվաքանակը կազմել է` 79.104, իսկ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ` 80.958 մարդ: Ըստ հետազոտության մեջ ներգրավված ընկերությունների կողմից արված կանխատեսումների, 2012թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատողների ընդհանուր թվաքանակը կկազմի 82.296: