– Օրեր առաջ Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, եւ դա մեղմ ասած` մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում, հատկապես Թուրքիայի վարչապետի կողմից այն բուռն արձագանք ստացավ: Ինչո՞վ եք բացատրում դա:
– Նախ նշեմ, որ ես կողմ եմ այդ օրինագծի ընդունմանը, քանի որ կարծում եմ` Ցեղասպանության ժխտումը հանցագործություն է, բայց, ինչպես գիտեք, թուրքական իշխանությունները պատմությունից զարհուրում են, եւ սեւ հաղորդագրություններ սկսեցին տարածել` սպառնալով, թե այս կամ այն կանեն: Իսկ այս քայլը փաստում է մեղքի ճշմարտությունը: Թուրքիայի ռեակցիան օրինագծի ընդունմանը պարզապես նման էր սեւ կատակերգության: Ինչպե՞ս կարող էր Թուրքիան այդքան հիստերիկ կեցվածք ընդունել, եթե որեւէ մեղք չունի: Ինչ վերաբերում է թուրք-ֆրանսիական բիզնես կապերին, կարող եմ ասել, որ համաշխարհայնացման այս փուլում բիզնեսն ազգային չէ, այն միջազգային է, այսինքն` չկան մաքուր թուրքական, ֆրանսիական կամ գերմանական ընկերություններ: Ֆրանսիական ընկերությունները փակեցին իրենց գործարանները Թուրքիայում, բայց չէ՞ որ այդ գործարաններում թուրքեր էին աշխատում: Երբ PKK քրդական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը գնացել էր Իտալիա, Թուրքիայում սկսեցին վառել Իտալիայի դրոշները, ընդվզել իտալական ապրանքների դեմ: Սա նոնսենս է, եւ որեւէ բան չփոխվեց, այլ պարզապես շուկայական կատակերգություն ստեղծվեց:
– Այնուամենայնիվ, Էրդողանի պահվածքն ինչո՞վ եք բացատրում:
– Ցեղասպանության խնդիրը կենտրոնական հարց է, եւ, ինչպես գիտեք, Թուրքիայում նացիոնալիզմը կառուցվել է ստի վրա` իբր Թուրքիան հզոր է, թուրք ժողովուրդն ամենազորեղն է: Ցեղասպանությունը չի վերջացել, այն շարունակվում է, եւ հայկական մեծ հարցը դեռ առկա է Թուրքիայում: Այստեղ երկու պատճառ կա` նյութական եւ ոչ նյութական: Ոչ նյութական պատճառը թուրքական նացիոնալիզմն է, պատմությանը վերաբերող ստերը, իսկ նյութական պատճառն այն է, որ հազարավոր հայեր անշարժ եւ, այսպես ասած` շարժական սեփականություն ունեն Թուրքիայի կենտրոնական բանկում, հանրային բանկում, եւ գիտեք, որ ԱՄՆ-ում իրավական հայցեր կան Թուրքիայի դեմ, ինչպես, օրինակ, նախորդ տարի հայերը իրավական հայց ներկայացրեցին թուրքական երկու պաշտոնական բանկերի դեմ:
– Իսկ ի՞նչ նկատի ունես` ասելով, թե Ցեղասպանությունը շարունակվում է:
– Ժխտողականությունը Ցեղասպանության շարունակությունն է, եւ հանցագործությունը կրկին ու կրկին կկատարվի, քանի որ դա վնասում է Թուրքիայում եւ արտասահմանում ապրող հայերի արժանապատվությունը: Սա ֆանտաստիկա չէ, եւ Թուրքիայի հսկա երկրամասում արհեստանոցները, ոսկին, գործարանները, շարժական մեծ հարստություն թողել են հայերը: Առանց ցեղասպանության ճանաչման` հնարավոր չէ, որ գործընթացը շարունակվի այնպես, ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների ցեղասպանությունը` Հոլոքոստը, եւ այսօր Գերմանիայի դպրոցներում, համալսարաններում երեխաներին պատմում են Հոլոքոստի մասին: Սա այն է, որ Թուրքիան պետք է անի, բայց ես լավատես չեմ այդ հարցում, եւ կարծում եմ, որ մոտ ապագայում դա բացառվում է: Իսկ ցեղասպանության ճանաչումը պետք է սկսվի հասարակությունից: Այսօր արդեն շատ մարդիկ են Ցեղասպանության մասին կարդում սոցիալական մեդիայում: Թաքնված հայերի պատմությունը լայնորեն սփռված է համացանցում: Մենք ծանոթանում ենք այդ մակրո պատմությանը, եւ, թերեւս, ճանաչումը պետք է սկսվի մարդկանցից: Իհարկե, այս իմաստով Թուրքիայում նկատվում է չնչին փոփոխություն, բայց այդ փոփոխությունը տեղի է ունենում անհատների շրջանում: Կան անհատներ, որոշ շրջանակներ, որոնք պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար եւ հանդիպումներ կազմակերպում թուրք հասարակության համար: Ամեն դեպքում այսօր առավել քան աճել է հետաքրքրությունը այդ թեմայի հանդեպ` մարդիկ սկսել են խոսել այդ մասին:
– Թուրքիայի իշխանությունների կողմից ճնշումներ չկա՞ն այդ մարդկանց վրա:
– Ո՛չ, այս իմաստով Թուրքիայի Կառավարությունն ընդդիմադիր կեցվածք չի ցուցաբերում, փոխարենն` ընդգծված վերաբերմունք է ցուցաբերում քրդական հարցի նկատմամբ: Օրինակ, ինձ կամ Էրհան Քիսկինին չեն ձերբակալի: Մենք ապրիլի 24-ին մասնակցում ենք ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիային, եւ մեզ որեւէ բան չեն ասում, քանի որ Հրանտ Դինքի հետ կատարվածը սարսափելի շոկ էր ոչ միայն Թուրքիայում, այլեւ արտասահմանում: Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում կրկին միջազգային հանրության ուշադրությունն ուղղել իրենց կողմ: Եվ իշխանությունները շատ զգույշ են Հայկական հարցի պարագայում:
– Այնուամենայնիվ, վերջերս Թուրքիայի մտավորականների զանգվածային ձերբակալություններ տեղի ունեցան, մասնավորապես, ձերբակալվածների թվում է նաեւ «Բելգե» հրատարակչության ղեկավար Ռագըփ Զարաքօլուն: Այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված այդ ձերբակալությունները:
– Այդ զանգվածային ձերբակալություններն ուղղված էին KCK-ի` Քրդական համայնքների միության դեմ, եւ կառավարությունը պնդում է, որ այն կապված է PKK քրդական կուսակցության հետ: Վերջին 2 տարվա ընթացքում, ինչպես գիտեք, զանգվածային ձերբակալություններ են սկսվել KCK-ի դեմ, եւ այդ մարդիկ որեւէ կերպով կապ չունեն բռնությունների հետ: Նրանք տեղական գավառական պաշտոնյաներ են եւ խորհրդարանում ներկայացված քրդական BDP կուսակցության ակտիվ մասնակիցներից են: Ինչեւէ, այս մարդիկ խաղաղասեր գործունեություն են ծավալում եւ հեռու են բռնություններից: Քայլ առ քայլ, սակայն, այդ ձերբակալություններն ավելին են ընդլայնվում` հասնելով անգամ Թուրքիայի հարավ-արեւելք: Սկսեցին ճնշումներ գործադրել ոչ միայն քուրդ ակտիվիստների, այլեւ ուսանողների եւ այն մարդկանց վրա, ովքեր պայքարում էին խաղաղության համար, եւ թուրքական դատարանը որոշեց, որ Ռագըփ Զարաքօլուն աջակցում է PKK-ին: Իսկ փաստացի, այդ մարդիկ աջակցում էին խաղաղության գաղափարին: Բայց կառավարությունը պարզապես ուզում էր ահաբեկել հասարակությանը, որպեսզի չխոսեին քրդերի իրավունքների մասին: Հիմա, ինչպես գիտեք, մարդիկ առավել քան զգույշ են, քանի որ ձերբակալություններից վախենում են: Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում ընդդիմություն ունենալ:
– Խոսքը քրդերի իրավունքները պաշտպանողների՞ մասին է:
– Կառավարությունն ընդհանրապես չի հանդուրժում ընդդիմություն ամեն ինչում: Իհարկե, այժմ ամենամեծ ընդդիմությունը քրդականն է: Իսկ այն մարդիկ, ովքեր ընդդիմանում են կառավարությանը, պարզապես ահաբեկում են նրանց: Թուրքիայի վարչապետը մեծ արշավ է սկսել թերթի վերլուծաբան-սյունակագիրների վրա:
– Մասնավորապես, ո՞ր թերթերի:
– Օրինակ, դեպքեր կան թուրքական «Taraf» օրաթերթի սյունակագիրների դեմ: Ինչ վերաբերում է քրդական մամուլին, ասեմ, որ մոտ 2 ամիս առաջ Ոստիկանությունը շրջափակեց քրդական թերթերից մեկի շենքը` ձերբակալելով շուրջ 40 լրագրողների եւ աշխատակիցների:
– Այսինքն` ժողովրդավարության առաջընթացի մասին ամպագոռգոռ խոսող Թուրքիան ցանկանում է լռեցնել հասարակությանը, այո՞:
– Տվյալ պարագայում գլխավոր խնդիրը վերաբերում է թուրքական զինված ուժերում ծառայող քուրդ պարտիզաններին, ովքեր դուրս են գալիս թուրքական քաղաքականությունից: Իսկ Կառավարությունը պնդում է, որ նշյալ ուժերն աջակցում են քուրդ պարտիզաններին:
– Չնայած նշեցիր, որ թուրքական իշխանություններն ավելի լոյալ են հայերի նկատմամբ, բայց Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունից հետո թուրքաբնակ հայերը սկսել են վախենալ` ասելով, որ իրենց կյանքն ավելի կծանրանա: Ըստ քեզ` կառավարության պահվածքն ի՞նչ անդրադարձ կունենա թուրքաբնակ հայերի վրա:
– Իմ տեսակետը, թերեւս, շատ տարբեր կլինի, եւ միգուցե շատերի համար ցանկալի չլինի լսել այն: Թուրքիայում ապրող հայերի կյանքն, իսկապես, ծանր է, եւ այսպիսի զարգացումը նույնպես դժվարություններ է առաջացնում, քանի որ նրանք ակնկալում են, որ հայերը դեմ կարտահայտվեն նշյալ օրինագծին: Թուրքիայի հասարակության շրջանում հայի 2 ընկալում կա` լավ եւ վատ: Վատ հայերը պայքարում են Ցեղասպանության ճանաչման համար, քննադատում են թուրքական իշխանություններին, իսկ լավ հայերն ասում են, որ իրենք ուրախ են Թուրքիայում` եւ երկխոսություն են ակնկալում: Այնքան ցավալի է, երբ հեռուստաընկերություններում հրավիրում են հայերի եւ նրանց կողքին դնում են ցեղասպանությունը ժխտող հիմար մարդկանց: Ես ինքս միշտ հրաժարվում եմ նման հաղորդումներից, քանի որ չեմ ուզում հիմար վիճակում հայտնվել` ժխտելով պատմությունը:
– Այնուամենայնիվ, թուրքական իշխանությունները շարունակ կրկնում են, որ ուզում են զրո խնդիրներ ունենալ հարեւանների հետ, ավելի ժողովրդավար են դարձել: Ինչպե՞ս հասկանալ:
– Ստում են, ստում են, ստում են (ծիծաղում է.- Մ.Մ.): Թուրքիան հակաժողովրդավար երկիր է, որտեղ կա տնային եւ միջազգային քաղաքականություն: Տնային քաղաքականությունը դեմ է խաղաղասիրությանը: Վերջին 5 տարիների ընթացքում Թուրքիայում ժողովրդավարությունը գնալով վատանում է` լայնորեն տարածվում է ռասիզմը, նացիոնալիզմը: Օրինակ, 1999թ. անօրինական, բացահայտ ձեւով կարող էին մարդկանց սպանել, իհարկե, այսօր դա չկա, բայց հիմա էլ հազարավոր մարդիկ գտնվում են բանտում: 1999թ. հետո Թուրքիան ակտիվորեն փորձում էր անդամագրվել Եվրամիությանը, եւ որեւէ ջանք չէր խնայում ժողովրդավար երեւալու համար: Մինչդեռ այսօր մենք տեսնում ենք, որ Թուրքիայի` Եվրամիությանն անդամագրվելու գործընթացը կանգ է առել:
– Ի վերջո, լավատե՞ս եք:
– Ես հույսերս կապում եմ մարդկային սրտերի, այլ ոչ` մեծ նկարի հետ: Փոփոխություններն այնքան դանդաղ են կատարվում, որ չեմ կարծում, թե մոտ ապագայում դրանք կփոխեն Թուրքիան: Երկրի պետական մեխանիզմը դժվար է փոխել: Ամեն դեպքում, հուսով եմ, որ եթե ոչ ես կամ իմ երեխաները, ապա թոռներս մի օր կտեսնեն բարեփոխված Թուրքիան: Հիշո՞ւմ եք ԱՍԱԼԱ-ն: Տասնյակ տարիներ Թուրքիայի հասարակությունը չգիտեր այդ մասին` թաքցնում էին ողբերգությունը: Այդ ժամանակ Լեւոն Հեքմեքչյանը շրջանառվում էր թուրքական սոցիալական մեդիայում, ով իր էլեկտրոնային փոստից գրում էր կատարվածի մասին, սակայն վերջինս, ինչպես նաեւ Զոհրապ Սարգսյանը, սպանվեցին օդանավակայանում, իսկ նրանք պայքարում էին քաղաքացիների իրավունքների համար: Այսօր Թուրքիայի հասարակությունը գիտի այդ մասին: Լեւոն Հեքեքչյանի լուսանկարները երկար ժամանակ շրջանառվում էին ոչ թե հայերի, այլ թուրքերի կողմից: Կարծում եմ` իրավիճակը կփոխեն միայն անհատները: