Բուժիչ նամակներ

04/02/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Բուժիչ բրնձահատիկը

Հատիկաբույսերը մեծ դեր են կատարել էվոլյուցիոն զարգացման ընթացքում։ Հին չինական ձեռագրերում (Ք.ա. 2800թ.) բրինձը, հացահատիկը, գարին, սոյան եւ կորեկը առանձնացվում են որպես նվիրական սուրբ բույսեր։ Բրնձի գիտական անվանումն է` Oryza Sativa, հինավուրց սանսկրիտում անվանվել է vrihi։ Այս տեսակը սկսել են մշակել 9000 տարի առաջ ճապոնական կղզիներում, այնուհետեւ` Հնդկաչինի եւ Հնդկաստանի միջեւ ընկած սահմանամերձ տարածքում։ Հայտնի են նաեւ բնության մեջ հանդիպող աֆրիկյան O.glabemma, O.barthy հյուսիս-ամերիկյան Zizania aquatica տեսակները:

Բրնձի մշակովի տեսակների թիվը հասնում է 80.000-ի, դրանք պահպանվում են Ֆիլիպինյան կղզիներում գտնվող «Բրնձի ուսումնասիրման միջազգային ինստիտուտում»։ Միայն Ճապոնիայում տարբերում են 700 տեսակ, բրինձը հավանաբար առավել սիրված է այս երկրում, որը հնում անվանվել է «Բրնձի հասկերի երկիր»։

Բրնձի բաղադրության գերակշռող մասը կազմում են բարդ ածխաջրերը, որոնք դանդաղորեն տրոհվում են մարդու օրգանիզմում։ Գոյացած գլյուկոզան այս դեպքում չի առաջացնում շաքարի զգալի բարձրացում արյան մեջ, ապահովում է օրգանիզմի բջիջներն անհրաժեշտ էներգիայով, իսկ լյարդը` գլիկոգենի պաշարով։ Բրնձի այս հատկությունը հավասարակշռում է շաքարի եւ ճարպի սահմանափակումը սննդակարգում։ Բրնձի մեջ պարունակվում են մարդու օրգանիզմում չսինթեզվող թվով 10 ամինաթթուներից ութը։ Այդ նյութերը խիստ անհրաժեշտ են նոր բջիջներ կառուցելու համար։ Բրինձը երբեմն նույնիսկ անվանում են «բուսական միս»։ Ի տարբերություն այլ հասկերի` բրնձի սպիտակուցը չի պարունակում բուսական գլյուտեին կոչվող նյութը, որն «ալերգածին» է։ Բրնձի 100 գրամը պարունակում է 100 մգ կալիում, 97 մգ ֆոսֆոր, 26 մգ մագնիում, 84 մգ կալցիում։ Այս քանակները մեծ չեն, սակայն բարենպաստ են կալցիումի յուրացման եւ սրտի կենսագործունեությունը կարգավորելու համար։

Բրինձը պարունակում է մարգանեց, երկաթ, պղինձ, սելեն եւ ցինկ (վերջին երկու տարրերը մեծ դեր են կատարում օրգանիզմի հակաօքսիդանտային պաշտպանության համակարգում), նաեւ տեսողությունը եւ նյարդային համակարգի վիճակը լավացնող վիտամիններ` B1-0,08 մգ, B2-0,04, B5-0,4, PP-1,6, B6-0,18, բիոտին-3,5 մկգ, B9-19 մկգ, քոլին-78 մգ։ Պարունակում է ուղեղի գործունեությունը խթանող լեցիտին, արյան ճնշումը կարգավորող գամմա-ամինաճարպային թթու, աղիների աշխատանքին նպաստող շաքարային նյութ։ Միջուկում կա բուսական յուղ, վիտամին E-ի պարունակությունը 100 գ հումքի մեջ` 0,45 մգ է։ Բրնձի 100 գ կալորիականությունը տատանվում է 300-360 կկալ սահմաններում, եփվածինը` 106-119։ Վիտամինները` առավել լավագույն չափով (մոտ 80 տոկոս) պահպանվում են շոգեխաշման միջոցով մշակված բրնձում, դեղնավուն է եւ թափանցիկ, եփելիս` սպիտակում է։

Հնդիկ բժիշկները խորհուրդ են տալիս ուտել բրինձը շաքարի, մեղրի կամ կաթի հետ։ Նորվեգացիներն օգտագործում են որպես հոգեկան վիճակը հավասարակշռող միջոց։ Ամերիկացիները գտնում են, որ բույսը անհրաժեշտ է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Տիբեթի հին դեղատոմսերում առաջարկում են որպես օրգանիզմը, հատկապես` հոդերը մաքրող միջոց։ Չինաստանում ընդունված է վաղ առավոտյան ուտել հում հատիկ, ընդ որում, ճիշտ այնքան, որքան ուտողի տարիքն է։ Համարվում է, որ դա օգտակար է երիկամներին եւ միզապարկին։ Բրինձը խորհուրդ է տրվում ծանր հիվանդություններից ապաքինվող հիվանդներին` շիլայի ձեւով։

Աղեստամոքսային հիվանդությունների եւ ստամոքսի խանգարման դեպքում խորհուրդ է տրվում եփուկը։

Հակացուցված է շաքարային դիաբետի, գիրության, քրոնիկ փորկապության, աղիների ծակծկոցի դեպքում։

Սննդի կլանման դժվարություն. Բովեք բրինձը, ավելացրեք ջուր (1։10), մի փոքր աղ։ Եփեք, մինչեւ մնա ջրի կեսը։ Հովացրեք, թանզիֆի օգնությամբ մզեք բրինձը։ Մզվածքն օգտագործեք գոլ վիճակում։

Ստամոքսի հիվանդություններ. 200 գ բրինձը եփեք 1,5 լ ջրի մեջ մինչեւ եռալը։ Խմեք 60-70-ական մլ` 2 ժամը մեկ։

Լուծ. Եփեք 1 ճ/գ բրինձը 200 մլ ջրի մեջ։ Քամեք։ Խմեք 100-200 մլ` օրը 2-3 անգամ։

Անգինա, պնեւմոնիա, գրիպ. Խառնեք 200 գ բրինձ, 1 ճ/գ մանրացրած, չորացրած դաղձ, մեկ միջին սոխի քերվածք, ավելացրեք 1,5 լ ջուր։ Եփեք մինչեւ եռալը։ Խմեք 60-70-ական մլ եփուկ` 2 ժամը մեկ։

Գեղարարություն

– Ցայեք մազերը բրնձի եփուկով։ Ունի փափկեցնող հատկություն։

– Հաճախակի լվացեք ձեռքերը եփուկով, եղունգները պահեք մեջը, հետո մշակեք կիտրոնի հյութով։

– Բրինձն ունի մաշկը հանգստացնող, սպիտակեցնող, հակաբորբոքային հատկություն։ Ավելացրեք թունդ եփուկը, շիլան, օսլան կամ փոշիացրած բրինձը մաշկը մաքրող, հարթեցնող լոսյոններին, սպիտակեցնող քսուքներին։

– Բրնձի ալյուրով կամ օսլայով կատարված դիմակները նպաստում են ճարպային գոյացությունների «այրմանը»։

Կնճիռները հարթեցնող. Խառնեք 1-ական ճ/գ աղացած (մաղած) բրինձ, թթված կաթի սիճուկ, 2 ճ/գ գրեյպֆրուտի հյութ, 10-15 րոպեից դիմակը լվացեք գոլ ջրով։

Թառամող մաշկ. Հարած ձվի սպիտակուցին ավելացրեք 2 ճ/գ բրնձի ալյուր եւ 1 թ/գ մեղր։ Շիլայատիպ զանգվածը քսեք մաշկին, 10 րոպե անց լվացեք գոլ ջրով։ Կրկնեք շաբաթը 1 անգամ։ Ընդհանուրը` 10 դիմակ։

Երիտասարդացնող. Խառնեք 3-ական ճ/գ բրնձի ալյուր եւ թթվասեր, 1 թ/գ մեղր։ Քսեք դեմքին բամբակե խծուծի օգնությամբ։ Չորանալուց 5 րոպե անց լվացեք գոլ ջրով։

Սկրաբ. Խառնեք 1 թ/գ հում բրինձը կեսական թ/գ կաթնաշոռի եւ արեւածաղկի բուսայուղի հետ։ Թեթեւակի տաքացրեք եւ շրջանաձեւ շարժումներով քսեք դեմքին (բացի աչքամաշկի շրջակայքից), 10-15 րոպե անց լվացվեք։