Ճշմարտանման չէ

02/02/2012

«ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում փոփոխությունը ճշմարտանման չի թվում, դրա համար ԵԱՀԿ անդամ երկրները պետք է ընդհանուր հայտարարի գան»,- ադրբեջանական SalamNews գործակալությանը տված հարցազրույցում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը` անդրադառնալով վերջերս հնչած այն հայտարարություններին, թե Ֆրանսիան պետք է դադարեցնի իր գործունեությունը Մինսկի խմբի կազմում: Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների մասին օրինագծի ընդունումից հետո (դեկտեմբերի 22-ին) ադրբեջանական եւ թուրքական կողմերից բազմիցս կարծիքներ են հնչել, թե Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում չեզոք գործել չի կարող, ուստի պետք է դադարեցնի իր գործունեությունը խմբի կազմում: «Այդ հարցը միայն Թուրքիայի ցանկությամբ չի լուծվի: Վերջնական որոշումը կընդունի ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած երկիրը` Իռլանդիան»,- ասել է Ֆրեյզերը: Ֆրանսիայի Սենատի կողմից վերոնշյալ օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ եթե Ֆրանսիան շարունակի իր առաքելությունը Մինսկի խմբի կազմում, ապա Թուրքիան եւս պետք է այդ խմբի անդամ դառնա: Մինսկի խմբի կազմում նման փոփոխության մասին լուրերին անդրադառնալով` Ֆրեյզերն ընդգծել է, թե դա շատ բարդ գործընթաց է. «Ինչ վերաբերում է Մինսկի խմբի կազմում Ֆրանսիան Թուրքիայով փոխարինմանը, ապա կարող եմ ասել, որ դա շատ դժվար գործընթաց է: Ֆրանսիան դեմ է դրան եւ մտադիր է շարունակել իր համանախագահությունը»: