Ութի փոխարեն` յո՞թ

02/02/2012

Մեր տեղեկություններով` կոալիցիոն վերջին հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պարտադրել է ընդունել խորհրդարանական ընտրություններում ընդամենը 7 մեծամասնական տեղ ունենալու պայմանը: Այսինքն` ՀՀԿ-ն ընդամենը 7 ընտրատարածքներում ԲՀԿ-ի դեմ թեկնածուներ չի առաջադրի: Մինչդեռ ԲՀԿ-ն 2007թ. ընտրություններից հետո ունեցել է մեծամասնական ընտրակարգով ընտրված 8 պատգամավոր: Հետագայում մեծամասնականով ընտրված եւս 3 պատգամավորներ` Ռուստամ Գասպարյանը, Սամվել Բալասանյանն ու Մարտուն Գրիգորյանը, միացել են ԲՀԿ-ին, եւ այդ կուսակցությունն այսօր ունի մեծամասնական ընտրակարգով ընտրված 11 պատգամավոր: Որոշ տեղեկությունների համաձայն` այս անգամ իշխանությունները համաձայնել են ԲՀԿ-ին 1 ընտրատարածք պակաս տալ: Իսկ 2 ընտրատարածքների դեպքում ԲՀԿ-ի դեմ ՀՀԿ-ն թեկնածուներ կառաջադրի: Ըստ նույն աղբյուրների, Ս. Սարգսյանը Գ. Ծառուկյանին ասել է, թե այս ընտրատարածքներում «կհաղթի արժանավորը»: Օրինակ, արդեն տեղեկություններ են հրապարակվում, թե Մասիսում ԲՀԿ-ական թեկնածու Տիգրան Ստեփանյանի դեմ ՀՀԿ-ն առաջադրելու է բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանին: Կամ` Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ԲՀԿ-ն Աշոտ Տոնոյանի փոխարեն առաջադրելու է այդ համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Սինոյանին, ում դեմ ՀՀԿ-ն պաշտպանելու է ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Գրիգորյանի թեկնածությունը: Երեկ փորձեցինք կոալիցիոն այս պայմանավորվածության հետ կապված պարզաբանում ստանալ ԱԺ փոխնախագահ` ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովից, սակայն վերջինս հայտնեց, որ չի ցանկանում մեկնաբանել: ԲՀԿ-ից նույնպես չհաջողվեց մեկնաբանություն ստանալ: