Ինչպես եւ խոստացել էինք, նորից անդրադառնում ենք «Եհովայի վկաների» թեմային։ Իմ ձեռքի տակ եղած լուրերի իսկությունը ուզում էի ճշտել հենց իրենցից, այդ իսկ պատճառով խմբագրություն հրավիրեցի այդ կազմակերպության քարտուղար Տիգրան Հարությունյանին եւ ներկայացուցիչ Լեւոն Մարգարյանին։
Կներկայացնեմ մեր զրույցի առավել հետաքրքիր մասերը։ Եհովայի վկաները չեն գտնում, որ հասարակությունն իրենց նկատմամբ անհանդուրժողական է: Նրանց կարծիքով` ավելի անհանդուրժողական են որոշ ԶՄՆ-ներ, թեեւ իրենք դրան նորմալ են վերաբերվում։ Նշեմ, որ եհովականներն անգիր գիտեն Աստվածաշունչը եւ իրենց խոսքը մերթընդմերթ համեմում են մեջբերումներով՝ զրույցը վերածելով քարոզչության նման ինչ-որ բանի։ Դժվար թե դրանք ընթերցողներին հետաքրքիր լինեն: Այնուամենայնիվ, հետաքրքրության արժանի մի քանի մտքեր ներկայացնենք մեր ընթերցողին։
Այն, կարծիքը, որ շատ երեխաներ (եւ ոչ միայն երեխաներ) աղանդի ազդեցության տակ ինքնասպան են լինում, պրն Հարությունյանն անվանեց անհեթեթություն՝ նշելով, որ իրենք դեմ են ինքնասպանությանը. «Եթե մենք ծխախոտից ենք հրաժարվում՝ մեր կյանքը սուրբ համարելով, ինչպե՞ս կարող ենք դիմել ինքնասպանության»,- ասում է նա։ Իսկ այն փաստի առիթով, որ երեխայի մոտ վախ է առաջանում Աշխարհի վերջի մասին խոսակցություններից, տրվեց հետեւյալ պատասխանը. «Մեր երեխաները հասկանում են, որ Արմագեդոնը դա փրկություն է, ուրախություն է, ուրախությամբ սպասում ենք էդ օրվան, որովհետեւ վերջապես փրկվելու ենք էս դաժան կյանքից»։ Ի՞նչ եք կարծում, եթե երեխան ուրախությամբ սպասում է Աշխարհի վերջին, արդյո՞ք այդ երեխայի հոգեկան վիճակը նորմալ է։ Եվ եթե եհովականներն այդպես անհամբեր սպասում են «այս դաժան կյանքից» ազատվելուն, ապա բացառված չէ, որ շատերը «նախաձեռնություն հանդես բերեն»։ Մի կողմից` եհովականներն այս կյանքը «սուրբ» են անվանում, մյուս կողմից` ասում են՝ «վերջապես փրկվելու ենք էս դաժան կյանքից»: Իրենք իրենց հակասում են:
Անդրադարձա նաեւ այն հարցին, որ երեխաների վրա ազդում է այն, որ նրանք մեկուսանում են մյուսներից եւ չեն նշում շատ տոներ։ Պրն Մարգարյանը գտնում է, որ այդպիսի արգելքներ չկան, որ եհովականների երեխաները «… բոլորի հետ էլ հավասար ընկերություն են անում, ուղղակի հրաժարվում են որոշ միջոցառումներից»։ Ըստ պրն Հարությունյանի. «Նշում ենք այն տոները, որոնք չեն հակասում աստվածաշնչյան սկզբունքներին»։
Հաջորդ հարցը վերաբերում էր հնչող այն մեղադրանքներին, որ նրանք այլ կրոններին մեղադրում են պատերազմների մեջ, այսինքն՝ ըստ էության, զրպարտում են։ Նրանք չժխտեցին, որ իրոք այդպես են կարծում. «Եթե զրպարտություն է՝ կարող էին դատի տալ, որ դատի չեն տվել` ուրեմն հիմքերը չունեն», – պատասխանեցին պարոնայք Հարությունյանն ու Մարգարյանը, եւ միմյանց հերթ չտալով՝ մյուս կրոններին մեղադրեցին Իրաքի պատերազմի, Կաթոլիկ եկեղեցուն՝ Համաշխարհային պատերազմում Հիտլերին աջակցելու մեջ։ Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ նրանց կարծիքով` հայ-ադրբեջանական հակամարտությունը նույնպես կրոնական բնույթի է։ Առաջարկեցի՝ այդ դեպքում իրենք դատի տան մյուս եկեղեցիների ներկայացուցիչներին, եթե համոզված են, որ վերջիններս մեղավոր են հազարավոր մարդկանց մահվան մեջ։ «Մենք հիմա զբաղված ենք շատ ավելի կարեւոր գործով՝ մարդկանց փրկելու, բարի լուրը հասցնելու գործով։ Աստված ժամանակ է սահմանել, էդ ժամանակը մոտենում է ավարտին, մենք պիտի հասցնենք շատ մարդկանց ասել»,- պատասխանեցին նրանք։
Ի գիտություն` նշեմ, որ Եվրախորհուրդը հատուկ անհրաժեշտություն է համարել ընդունել մի բանաձեւ, համաձայն որի` տնից տուն գնալու քարոզչության ձեւը չպետք է դիտել որպես հոգեորսություն։
Այն հարցին, թե ինչո՞ւ են տնից տուն գնում եւ մարդկանց համոզում, եհովականները պատասխանեցին, որ իրենք ոչ ոքի չեն ստիպում, եւ ընդհանրապես, «մարդաքանակի» խնդիր չունեն։ «Եթե ցանկանայինք, ապա այսօր մեր թիվը 45 հազարից կանցներ»,- ասաց պրն Մարգարյանը (նշեմ, որ պաշտոնական տվյալներով Հայաստանում կան Եհովայի ավելի քան 9000 վկաներ, իսկ նրանց համակիրների թիվը հասնում է 20 հազարի)։
Ի դեպ, երեւի չգիտակցելով, պրն Մարգարյանը թույլ տվեց մի այսպիսի արտահայտություն. «Մեզ համար ԿԱՐԵՎՈՐԸ ՈՉ ԹԵ ՔԱՆԱԿՆ Է, ԱՅԼ ՈՐԱԿԸ»։ Եթե ըստ իրենց համոզմունքների, պետք է հնարավորինս շատ մարդու փրկեն, ապա ինչպե՞ս քանակը կարեւոր չէ։ Եվ ի՞նչ է նշանակում` «հավատացյալի որակ»։ Միգուցե այդ որակները հարկավոր են ինչ-որ այլ նպատակների ծառայեցնելու համար։
Վերջում առաջարկեցի իրենց խոսքն ասել մեր ընթերցողներին. «Թող չլսեն ուրիշներին, զրուցեն վկաների հետ։ Մարդիկ թող իրենք կարդան Աստվածաշունչը՝ մեր օգնությամբ, բայց ստուգեն, թե մենք ճի՞շտ ենք ասում, թե՞ սխալ»։ Անպայման ԻՐԵՆՑ «օգնությամբ»։
Հետաքրքիր է՝ ՌԴ-ում անցկացված հետազոտության պես ուսումնասիրություն անցկացվե՞լ է արդյոք Հայաստանի եհովականների գործունեության ծանր հետեւանքների մասին: Դա ճշտել չհաջողվեց։ Իսկ Հրանուշ Խառատյանի ղեկավարած Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների վարչությունն այդպիսի գործառույթ, ըստ օրենքի, չի կատարում։ «Մենք ընդամենը փորձագիտական կարծիքն ենք տալիս՝ կազմակերպությունը կրոնակա՞ն է, թե՞ ոչ։ Մնացածը որոշում է Արդարադատության նախարարությունը»,- ասաց տիկին Խառատյանը։ Իսկ հետագա վերահսկողությունը դուրս է Կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող վարչության իրավասությունների շրջանակից։ «Հետագա վերահսկողությունն իրականացնում են իրավապահ, հարկային մարմինները։ Օրենքով մեզ վրա այդպիսի խնդիր դրված չէ։ Ունենք հետադարձ կապ, բողոքների դեպքում քննարկումներ ենք ունենում։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, եհովայականները, եւ ոչ միայն նրանք, գլոբալ իմաստով կարող են օրենքի հետ հակասություններ ունենալ։ Սակայն ես ձեռնպահ կմնամ եզրակացություններից, քանի որ չկա օբյեկտիվ հետազոտություն եւ դատարանով հաստատված դեպք»։
Այս հարցի շուրջ զրուցեցինք նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։ Պրն Իշխանյանի կարծիքով՝ գրանցել կամ չգրանցելը էական ազդեցություն այս հարցում չունի։ «Եթե չգրանցեին, ի՞նչ կփոխվեր։ Կասեին` մեզ հալածում են ու ավելի շատ մարդկանց դրանով կներգրավեին։ Չգրանցված ժամանակ ավելի ակտիվ էին»։ Իրավապաշտպանը գտնում է, որ կրոնական աղանդների դեմ պայքարել պետք չէ, պետք է լինի ազատ մրցակցություն։ Կարելի է համաձայնել նրա հետ, կամ չհամաձայնել, սակայն մի հարցում նրա հետ համամիտ ենք. ըստ պրն Իշխանյանի, եթե ընդունենք, որ այս աղանդն իրոք վտանգներ է պարունակում, ապա պետք է պայքարել ոչ թե հետեւանքների, այլ պատճառների դեմ։ Եթե կազմակերպությունն ընդլայնվում է, նշանակում է` դրա համար կա պարարտ հող, որտեղ քիչ դեր չի խաղում մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը։ «Այսօր նրանց դեմ խոսում են միայն նրանք, ովքեր ժողովրդին դրել են այս վիճակի մեջ ու թաղված են կոռուպցիայի մեջ», – ասում է պրն Իշխանյանը։
Միգուցե սխալվում եմ, սակայն տարբեր զրույցներից ինձ մոտ այնպիսի տպավորություն առաջացավ, որ ոչ մեկն էլ դրական վերաբերմունք չունի եհովականների նկատմամբ, պարզապես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նրանք ձեռնպահ են մնում կտրուկ ձեւակերպումներից։ Այս հարցում ավելի անկաշկանդ էր «Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանը, որի անունն, ի դեպ, նույնպես տեղ էր գտել ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում։ Նա ընդհանրապես դեմ էր չափից դուրս ազատություններին, որոնց արդյունքում աղանդներն ու սեռական փոքրամասնությունները լայն հնարավորություններ են ստանում՝ խարխլելու ազգային միասնության հիմքերը եւ խեղելով հայի նկարագիրը։ Մեր այն հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին կտրուկ քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ, պրն Ավետիսյանը նշեց, որ իրենք դավանում են ընդհանրապես ուրիշ արժեքների, քան եկեղեցին, որը, ըստ նրա «…վեր է ածվել մի քարակերտ կառույցի եւ զբաղվում է միայն մոմավաճառությամբ»։ Սակայն, անկախ այս ամենից, պրն Ավետիսյանը նշեց, որ այս հարցում իրենք պատրաստ են համագործակցել եկեղեցու հետ։
Ի մի բերելով` կարող ենք ասել հետեւյալը. մենք այլեւս ընտրության հնարավորություն չունենք։ Մենք ինքներս ենք ընտրել Եվրախորհուրդ մտնելու ճանապարհը եւ ստանձնել որոշ պարտականություններ, եւ այլեւս դրանցից ետ կանգնել չենք կարող (թեեւ պաշտոնական ելույթներում հնչող «մենք»-ը հարաբերական իմաստ ունի)։ Փաստն այն է, որ Սահմանադրությամբ եւ օրենքներով կրոնական կազմակերպություններն ունեն լայնածավալ իրավունքներ եւ ազատություններ։ Իմ կարծիքով` ավելի շատ, քան մենք։
Ինչպես ասում են, մեր իրավունքները վերջանում են այնտեղ, որտեղ սկսվում են մյուսների իրավունքները։ Սակայն եհովականների իրավունքներն արդեն եկել-անցել են մեր իրավունքների վրայով։ Նրանք դեռեւս մեզանից մի քանի անգամ ավելի քիչ են, բայց այսպիսի պայմաններում մեր տեղերը շուտով կփոխվեն, ամեն ինչ տանում է նրան, որ մենք ապագա փոքրամասնությունն ենք…
Մեղադրել կարելի է շատերին՝ եւ՛ պետական ատյաններին, որոնք գրանցեցին այս կազմակերպությանը, եւ՛ քաղաքական ու մշակութային գործիչներին, որոնց համար այս խնդիրը գուցե այնքան կարեւոր չէ, եւ՛ Հայ Առաքելական եկեղեցուն, որը «վրդովմունք արտահայտելուց» բացի, ուրիշ ոչ մի էական քայլ չի կատարել այս ուղղությամբ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի մեջ կա մի այսպիսի դառը ճշմարտություն. «ՀՀ բնակչության մեծամասնությունը քրիստոնյա է, սակայն շատերը մկրտությունն ընդունում են զուտ որպես ազգային ավանդույթ՝ չխորանալով դրա էության մեջ»։
Արածի ու չարածի համար իրար մեղադրելու փոխարեն, գուցե ավելի լավ կլիներ, որ մենք բոլորս՝ «Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը նշող» հայերս, կոնկրետ միջոցներ ձեռնարկեինք, քանի որ երկու կողմերի հակամարտությունից սովորաբար շահում է երրորդ կողմը…