«ԲՀԿ-ն առիթ չունի Սերժ Սարգսյանին չսատարելու համար»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ով ընդամենը մի քանի օր առաջ մտահոգություն էր հայտնում ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին: Բոստանջյանի այս հայտարարությունն առաջին հայացքից հաստատում էր վերջին օրերին շրջանառվող այն տեղեկությունները, որ Գագիկ Ծառուկյանն, ի վերջո, համաձայնել է նախագահ Սերժ Սարգսյանի թելադրած բոլոր պայմաններին եւ պատրաստ է ստորագրել 2013թ. նախագահական ընտրություններում նրան սատարելու մասին հերթական հուշագիրը: Սակայն ավելի ուշ ԲՀԿ մի քանի անդամներ շտապեցին հայտարարել, որ Բոստանջյանն արտահայտել է միայն իր անձնական կարծիքը, եւ որ Գ. Ծառուկյանը բազմիցս հայտարարել է այդ մասին: Խոսքը վերաբերում է «հաջորդ դասի» մասին հայտնի հայտարարությանը: Այսինքն` ԲՀԿ-ն գրեթե ուղիղ տեքստով հայտարարում է, որ «առիթ ունի Սերժ Սարգսյանին չսատարելու համար»: Պատահական չէ, որ Բոստանջյանի այս հայտարարությունից ժամեր անց տեղեկատվություն տարածվեց, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի համագործակցի ԲՀԿ-ի հետ, ինչի մասին հայտարարել էր ընդամենը երկու օր առաջ: Վ. Օսկանյանի ցանկացած հայտարարություն ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշում, ինչի մասին, ի դեպ, երեկ հայտարարել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը: Բոստանջյանի հայտարարության եւ Օսկանյան-ԲՀԿ համագործակցության դադարեցման մասին տեղեկատվության համադրումից դժվար չէ ենթադրել, որ այսպիսով Քոչարյանն իր վերաբերմունքն է արտահայտում Ծառուկյան-Սարգսյան հնարավոր համաձայնության նկատմամբ: Միամտություն կլինի կարծել, որ Բոստանջյանը նման լարված իրավիճակում նման կարեւոր հայտարարություն կարող էր անել` առանց ԲՀԿ ղեկավարի համաձայնությունը ստանալու: Բոլոր դեպքերում, ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունները կարծես զարգանում են սպասվածից ավելի արագ եւ, թերեւս, վերջնականապես կհստակեցվեն մինչեւ ՀՀԿ-ի` մարտի 10-ին կայանալիք համագումարը: Ի դեպ, փետրվարի 17-ին լրանում է կոալիցիոն տխրահռչակ հուշագրի 1-ամյակը: Բացառված չէ, որ ՀՀԿ-ում որոշել են այս գործընթացին «էսթետիկական հմայք» հաղորդելու համար այդքան ցանկալի նոր հուշագիրը ստորագրել հենց այդ օրը: