Երեկ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում որոշվել է, որ փետրվարի 15-ին կանցկացվեն ԱԺ լսումներ` նվիրված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցություններն օրերս ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելու նպատակահարմարության մասին նամակ էին ուղղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, որն էլ այն վերահասցեագրել էր Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: Հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվել են նաեւ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաեւ «Ժառանգության» ներկայացրած «Գաղտնազերծման» մասին օրենքի նախագծերը: «Լյուստրացիայի մասին օրենքի քննարկումը բավականին երկար տեւեց: Կառավարությունը, ինչպես նաեւ հարակից զեկուցող Դ. Հարությունյանը դեմ էին այս օրենքի ընդունմանը»,- նիստից հետո ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` նշելով, որ իր առաջարկով օրենքի քննարկումը երկարաձգվել է 15 օրով: