Անցած մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Վազգեն Սարգսյանի տուն, հանդիպել նրա ծնողների եւ եղբոր` Արմեն Սարգսյանի ընտանիքի հետ: Նախ` կիրակի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանն էր իր ընտանիքով այցելել Սարգսյանների տուն, հանդիպել ծնողներին եւ եղբոր ընտանիքին, լուսանկարվել նրանց հետ եւ այդ լուսանկարն ու այցի հետ կապված տեղեկությունը հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Երեկ նույն բանն արել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախընտրական այս շրջանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Վազգեն Սարգսյանի հիշատակը հարգելու նման դրսեւորումները կարող են կրկնվել: Չի բացառվում, որ հաջորդ շաբաթ Սարգսյաններին այցելեն ՀՀԿ այլ ներկայացուցիչներ եւ ուժային մյուս կառույցների ղեկավարներ: Պետք չէ զարմանալ, եթե ՀՀԿ-ականներին ու ուժայինների ղեկավարներին հետեւեն կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը: Կամ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող այլ կառույցների ներկայացուցիչներ: Նախընտրական շրջան է, բոլորն էլ Վ.Սարգսյանի հիշատակի ֆոնի վրա PR-ի կարիք կունենան:
Հայաստանի անկախության եւ Բանակի 20-ամյակի հետ կապված, իհարկե, ՀՀ բոլոր պաշտոնյաներն էլ կարող են այցելել Վազգեն Սարգսյանի տուն եւ հանդիպել նրա ծնողների հետ: Այդպիսով նրանք իրենց հարգանքի տուրքը կարող են մատուցել անկախության ու բանակի ստեղծման հիմքում կանգնած Վ.Սարգսյանին, ցույց տալ, որ հարգում եւ ընդունում են նրա կատարած աշխատանքն ու հիշատակը, եւ, որ իրենցից առավել Վ.Սարգսյանն է պայքարել մեր երկրի անկախության ու բանակի ստեղծման համար: Բայց կարծես հարգանքի այդ դրսեւորումները խամրում են, երբ պաշտոնյաներն իրենց այցի հետ կապված լուսանկարներով ու տեղեկատվությամբ հեղեղում են մամուլը: Ահա նրանք` Վ.Սարգսյանի ծնողների հետ, կամ նրա մասին պատմող գիրքը թերթելիս, եւ այդպես շարունակ: Արդյոք չէ՞ր կարելի լուռ եւ աննկատ հարգել նրա հիշատակը: Ի դեպ, Վ.Սարգսյանի մյուս եղբայրը` Արամ Սարգսյանն, այդ հանդիպումներին չի մասնակցել: Համենայնդեպս, լուսանկարներում այդպես է երեւում: Փորձեցինք նրանից պարզել, թե ինչ նպատակ կամ նշանակություն ունեն նման այցերը: «Վազգեն Սարգսյանի տան դուռը բաց է եղել ՀՀ ցանկացած քաղաքացու, առավելեւս` այն մարդկանց առաջ, ովքեր հարգում են նրան, ովքեր իրենց Վազգենի ընկերն ու բարեկամն են համարում, ովքեր իրենց ընտանիքով, կին ու երեխաներով այցելում են մեր տուն: Իմ ծնողները միշտ ուրախ են Վազգենի ընկերներին ու Վազգենին հարգողներին մեր տուն ընդունել, եւ մեր տան դռները միշտ բաց են նրանց առաջ»,- պատասխանեց Ա.Սարգսյանը:
Բայց արդյո՞ք այդ այցերը սեփական PR-ի համար չեն: Հակառակ դեպքում` թող այցելեն` երբ ուզում են, որքան ուզում են, լուսանկարներն էլ պահեն իրենց ընտանեկան ալբոմներում: «Ամեն մարդ իր արարքների համար վերջիվերջո Աստծո առաջ գոնե պատասխան է տալու: Ես չեմ կարծում, որ Վազգենի հետ կապված խնդիրները նման էտապում վերածվեն քաղաքական PR-ի: Ես համարում եմ, որ այնտեղ այցելող մարդիկ մեր տուն այցելել են Վ.Սարգսյանի կենդանության ժամանակ էլ, ճանաչում են նրան: Տ.Սարգսյանն էլ է այցելել Վազգենի վարչապետության ժամանակ, դրանից հետո էլ` բավականին հաճախ, այնպես որ, ծնողներիս շատ լավ ճանաչում է: Եվ ես չէի ուզենա դրա մեջ որեւէ ենթատեքստ տեսնել: Իհարկե, դա քաղաքական բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ, բայց ես նման մեկնաբանություն չեմ անի, եթե նույնիսկ նման բան տեսնեմ էլ: Ես շատ ուրախ կլինեմ, որ մարդիկ բաց սրտով մտնեն մեր տուն»,- ավելացրեց Ա.Սարգսյանը:
Այդ դեպքո՞ւմ ինչու իր մասնակցությունը չի նկատվում այդ հանդիպումներին, արդյո՞ք խուսափում է: «Այդ օրերին ես ուղղակի տանը չեմ եղել: Ինչ է նշանակում` կխուսափե՞մ, թե՞ ոչ: Իրենք եկել են ծնողներիս տեսնելու, ծնողներիս տեսել են»,- եզրափակեց Ա.Սարգսյանը: