Առաջ, դեպի նոր հուշագիր

02/02/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «ԲՀԿ-ն առիթ չունի Սերժ Սարգսյանին չսատարելու համար»:

ՀՀԿ-ի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության այս լարված հարաբերությունների շրջանում, երբ շաբաթը երկու անգամ կոալիցիոն նիստեր են գումարվում` ճշտելու համար, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում մանդատներն ու ընտրատարածքներն ինչպես պետք է բաժանեն, երբ ՀՀԿ-ն փորձում է եւս մեկ անգամ ԲՀԿ-ից երդում պահանջել, որ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Վ.Բոստանջյանի այդ հայտարարությունը քաղաքական դաշտում հերթական պայթյունի էֆեկտը տվեց: Ընդամենը երեք օր առաջ այս երկու կուսակցությունների ներկայացուցիչները զբաղված էին միմյանց քաղաքական փուչիկները պայթեցնելով եւ խոսքի ու գործի միջեւ եղած հակասությունների մասին հատորներ գրելով: Ընդ որում, պարոն Բոստանջյանն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե «փաստերը կարծես թե ցույց են տալիս», որ ԲՀԿ-ի վրա ճնշումներ կան, եւ ցանկալի է, որ այդ ճնշումներին դիմագրավելու հնարավորություններ ունենան: Եվ կոալիցիոն վերջին հանդիպումից հետո Վ.Բոստանջյանի այս հայտարարությունը մեկնաբանվեց` որպես ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հերթական նահանջը, որն արվում է Ս.Սարգսյանի ճնշման արդյունքում: Այսինքն` կոալիցիոն հանդիպումները որոշակի արդյունք են տվել, եւ Գ.Ծառուկյանը Վ.Բոստանջյանի միջոցով է ցանկացել հայտարարել, որ հավատարիմ են 1 տարի առաջ ստորագրած կոալիցիոն այն հայտարարությանը, որտեղ նշված է, թե նախագահական ընտրություններում պաշտպանելու են գործող նախագահին: «Մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթին»,- երեկ հայտարարել է Վ.Բոստանջյանը:

Սակայն ավելի ուշ Վ.Բոստանջյանը մեզ հետ հեռախոսազրույցում մամուլին մեղադրեց իր խոսքերը սխալ մեկնաբանելու համար: Իսկ ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանն էլ մեզ փոխանցեց, որ ԲՀԿ-ն պատրաստվում է միայն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, եւ նախագահական ընտրություններից 1 տարի առաջ նախագահի թեկնածուի հարց չի քննարկում: Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է մեկնաբանում Վ.Բոստանջյանի հայտարարությունը, նա պատասխանեց, թե բոլոր հարցերի պատասխանը ամիսներ առաջ տվել է Գ.Ծառուկյանն իր հայտարարությամբ: Ավելի ուշ Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեցին, թե Վարդան Բոստանջյանը ներկայացրել է իր անձնական կարծիքը: «Կուսակցության դիրքորոշումն արտահայտում է կուսակցության նախագահը, իսկ այդ հարցի վերաբերյալ պարոն Ծառուկյանը բազմիցս է արտահայտվել, եւ ոչինչ չի փոխվել դրանից հետո: Ինչ վերաբերում է 2013 թվականի նախագահական ընտրություններին, ապա այդ հարցին հստակ պատասխանել է ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանը»,- նշված էր նրանց հայտարարությունների մեջ:

Հիշեցնենք` Գ.Ծառուկյանը պատասխանելով հարցին, թե նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն ո՞ւմ կսատարի, ասել էր. «այդ մասին` հաջորդ դասին»: Երեկ `քիչ ավելի ուշ նկատի ունենալով Վ.Բոստանջյանին` որոշ կայքերում հրապարակումներ եղան, թե «ԲՀԿ-ում պայթեց հերթական ականը»: Իսկ մինչ այդ պայթել էին եւս երկու «ականներ»` «Հայբուսակ» ինստիտուտի ռեկտոր Անահիտ Հարությունյանը, ով հայտարարել էր, թե ինքը ԲՀԿ է մտել` համոզված լինելով, որ այդ կուսակցությունը սատարելու է Ս.Սարգսյանին: Գրեթե նույն պատճառով ԲՀԿ շարքերը լքեց այդ կուսակցության Արարատ եւ Վեդի քաղաքների տարածքային կառույցի փոխնախագահ Կարեն Խաչատրյանը, ով հետո նշանակվեց Արարատի ոստիկանապետ: Հրապարակումներ եղան, թե Վ.Բոստանջյանին ուղղորդել են նախագահականից, որ նա չուներ նման հայտարարություններ անելու լիազորությունը եւ հարվածի տակ է դրել իր այն կուսակիցներին, ովքեր նախորդ օրերին դիմակայում էին ՀՀԿ-ից հնչող հայտարարություններին:

Երեկ, սակայն, Վ.Բոստանջյանի հայտարարությունների հետ կապված` քաղաքական շրջանակներում եւս մեկ վարկած էր շրջանառվում, որի համաձայն` Գ.Ծառուկյանն, այնուամենայնիվ, տեղի է տվել Ս.Սարգսյանի ճնշումներին ու համաձայնել է նրա թելադրած պայմաններին: Եվ Վ.Բոստանջյանը ոչ թե ական է ԲՀԿ-ում, այլ նրա հայտարարությունը բխում է կոալիցիոն հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից: Պարզապես նման արդյունքի հետ համաձայն չէ արդեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում դեպքում քաղաքական շրջանակներում համոզվածություն կա, թե կանգնած է ԲՀԿ-ի հետեւում: Եվ, որ Գ.Ծառուկյանի բոլոր քայլերն ուղղորդվում են նրա կողմից: Իսկ երեկ արդեն քաղաքական կուլիսներում չէին բացառում, որ այդպիսով ԲՀԿ-ն փորձում է տարանջատվել Ռ.Քոչարյանից, հակառակ դեպքում իշխանության վարչական ողջ մեքենան գործի կդրվի այդ կուսակցության ու նրա առաջնորդի դեմ: Եվ իզուր չէ, որ Վ.Բոստանջյանը երեկ նաեւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին վերաբերող հայտարարություն է արել: Հիշեցնենք, որ վերջինս երկուշաբթի օրը կոալիցիոն հանդիպումից առաջ հայտարարել էր, որ քննարկում է ԲՀԿ-ի հետ համագործակցության տարբերակը: Իսկ երեկ Վ.Բոստանջյանը «պրոֆեսիոնալ անձնավորություն» համարելով Վ.Օսկանյանին` ասել է, թե նա դեռ փնտրտուքի մեջ է, եւ հնարավոր է, որ ՀՀԿ-ի հետ համագործակցի: Հարցին, թե հավանական համարո՞ւմ եք, որ Օսկանյանը համագործակցի ԲՀԿ-ի հետ, Բոստանջյանն այսպես էր պատասխանել. «Ես մաթեմատիկայից այդքան էլ վատ չեմ եւ հասկանում եմ, որ նման պարագայում հավանականությունը հաշվի չեն առնում»: Այսինքն` ԲՀԿ-ն խուսափում է նաեւ Վ.Օսկանյանի՞ց, ով Ռ.Քոչարյանի հավատարիմ մարդկանցից է: Այնպես որ, Հայաստանի քաղաքական դաշտում կարծես թե իրավիճակ է փոխվում, որի արդյունքում, չի բացառվում, որ իշխանությունները նվազագույնի հասցնեն Ռ.Քոչարյանի ազդեցությունը կամ անուղղակի մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Վ.Բոստանջյանի երեկ արած հայտարարության հետ կապված` փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ ՀՀԿ-ից: Արդյո՞ք կարելի է համարել, որ ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը կոալիցիոն պայմանավորվածությունների եւ համաձայնությունների արդյունք է: Արդյո՞ք Գ.Ծառուկյանը եւս մեկ անգամ խոստացել է պաշտպանել Ս.Սարգսյանի թեկնածությունը: «Ես մինչ այդ հայտարարությունն էլ տեսնում էի, որ ԲՀԿ-ն նախագահին չսատարելու պատճառ չունի: Վ.Բոստանջյանը պատահական մարդ չէ, եթե ասում է, ուրեմն այդպես է: Ես` որպես ԱԺ փոխնախագահ եւ կուսակցության խոսնակ, ասում եմ, որ կոալիցիան արդյունավետ աշխատում է եւ համախմբված է բացառապես նախագահ Սարգսյանի շուրջ: Այլ կերպ չի էլ կարող լինել: Ինչ վերաբերում է նոր հայտարարությանը կամ հուշագրին, այս պահին նման բան չկա, բայց ես չեմ էլ բացառում, որ, եթե անհրաժեշտություն լինի, նման հայտարարություն հնչի»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս իրենց երկու կուսակցությունների միջեւ առկա հարաբերությունները պայմանավորեց առաջիկա խորհրդարանական ընտրություններով եւ ավելացրեց. «Ես չեմ կարծում, որ լարվածություն կա, դա աշխատանքային պրոցես է: Ընտրությունները որքան մոտենան` նման ակտիվությունն ու հանդիպումներն ավելանալու են»: