Դիվանագիտությունն՝ արտաքին քաղաքականության գործիք

25/11/2005 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Պետության արտաքին քաղաքականությունն իրականացնում է դիվանագիտական ծառայությունն Արտաքին գործերի նախարարության, դեսպանությունների, հյուպատոսությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցով:

Բնականաբար, արտաքին քաղաքականության հաջողությունը կախված է երկրի ռազմաքաղաքական եւ տնտեսական հզորությունից, նրա տարածքից, աշխարհագրական դիրքից, ազգաբնակչության թվից, միջազգային ասպարեզում ունեցած հեղինակությունից եւ այլ գործոններից: Սակայն արտաքին քաղաքականության արդյունավետության համար կարեւոր նշանակություն ունի նաեւ դիվանագիտական ծառայությունը: Կարելի է ունենալ մեծ ներուժ, բայց դիվանագիտական վրիպումների պատճառով զգալի վնաս հասցնել պետական շահերին, եւ ընդհակառակը` լավագույն դիվանագիտական ծառայության շնորհիվ խուսափել անցանկալի բարդություններից: Փորձված դիվանագետների շրջանակներում գոյություն ունի առաջին հայացքից պարադոքսային հնչող դրույթ. դիվանագիտությունը նրա համար է, որպեսզի երկրին ոչ թե հաղթանակ բերի, այլ զերծ պահի պարտությունից: Սա ամենից առաջ վերաբերում է փոքր եւ թույլ երկրներին:

Լավ հասկանալու համար դիվանագիտական ծառայության էությունը, այն չպետք է նույնացնել կամ շփոթել արտաքին քաղաքականության կամ միջազգային հարաբերությունների հետ: Դիվանագիտությունը զուտ, դասական առումով, արտաքին քաղաքականություն չէ, եւ ոչ էլ` հակառակը: Դրանք` փոխլրացնելով մեկմեկու եւ կազմելով ամբողջականություն, բոլոր դեպքերում, մնում են տարբեր կատեգորիաներ:

Դիվանագիտական ծառայությունն արտաքին քաղաքականության գործիք է, կոպիտ ասած` «արհեստ», այդ իսկ պատճառով նախընտրելի է, որ դրանով զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք ծանոթ են այդ «արհեստի» նրբություններին: Արատավոր է այն պրակտիկան, երբ արտաքին քաղաքականության կարեւոր որոշումներն ընդունվում են երկրի բարձր ղեկավարության կողմից եւ հետո նոր ներկայացվում ԱԳՆ-ին` դրանք կյանքի կոչելու համար: Շատ պետություններ են վարվում այս կերպ: Մինչդեռ արդյունավետ է այն համակարգը, որում արտաքին քաղաքականության մշակմանը եւ որոշումների կայացմանը ակտիվորեն մասնակցում է նաեւ Արտգործնախարարությունը: