Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն երեկ ամփոփել է ԱՊՊԱ ոլորտի 2011թ. գործունեության արդյունքները։ Ըստ բյուրոյի ներկայացրած տվյալների՝ 2011 թ. պարտադիր ավտոապահովագրության գծով հայաստանյան ապահովագրական 8 ընկերությունները հավաքագրել են 14.8 մլրդ դրամ (մոտ 40 մլն դոլար)։ Ապահովագրական շուկայի 3 առաջատարներն են «Ռոսգոսստրախ Արմենիան» (ԱՊՊԱ-ի պոլիսների 33 %-ը), «Ինգո Արմենիան» (17.2 %) եւ «Ռեսոն»։ (14.9 %):
Այս թվերից ելնելով՝ ԶԼՄ-ներից մեկը գրել էր, որ ԱՊՊԱ-ի ընդհանուր գումարը ՀՆԱ-ի մոտավորապես 0.3-0.4 %-ի շրջանակներում է, եւ հետեւաբար` այն գնահատականները, թե 2011 թ. ՀՆԱ-ի համեմատաբար բարձր (ըստ նախնական տվյալների` 5.9 %) աճը ձեռք է բերվել ԱՊՊԱ-ի հաշվին` իրականությունից հեռու են: Ներկայացման ձեւից չէր հասկացվում՝ դա բյուրոյի՞ գնահատականն է, թե՞ լրագրողի մեկնաբանությունը։ Սակայն, անկախ դրանցից՝ մի քանի խոսքով անդրադառնանք այդ գնահատականին։
Նախ նշենք, որ ԱՊՊԱ-ի հաշվին ցուցանիշների ավելացման մասին խոսել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ «168 Ժամ» թերթին տված հարցազրույցում։ Սակայն խոսել էր ոչ թե ՀՆԱ-ի ցուցանիշի (առավելեւս, որ Ազգային վիճակագրական ծառայությունն այն չի հրապարակել), այլ կոնկրետ ծառայությունների ոլորտի վրա ԱՊՊԱ-ի ազդեցության մասին։ Իսկ ծառայությունների ոլորտում ԱՊՊԱ-ն իսկապես ներառված է։ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-դեկտեմբերին» զեկույցը, ըստ որի, ծառայությունների ոլորտի համախառն արտադրանքը 2011թ. ընթացքում եղել է 873.2 մլրդ դրամ։ Այսինքն՝ ԱՊՊԱ-ն կազմել է ծառայությունների ոլորտի 1.7%-ը։ Թվում է, թե ԱՊՊԱ-ի տեսակարար կշիռը շատ փոքր է` ընդհանուր ցուցանիշի վրա ազդեցություն թողնելու համար։ Սակայն խնդիրը ոչ թե թվերի մեծության, այլ ընդհանուր մոտեցման մեջ է։ Բագրատյանի ասածն այն էր, որ ԱՊՊԱ-ն ընդհանրապես չպետք է ներառվեր ծառայությունների ոլորտի մեջ, քանի որ դա արտադրանք չէ։ Եվ ընդհանրապես, նախկին վարչապետն ավելի շատ խոսել էր հանքարդյունաբերության ոլորտի մասին։
Ինչեւէ, վերադառնանք, սակայն, ավտոապահովագրությանը։ Այս պահի դրությամբ, ապահովագրված է 392.5 հազար ավտոմեքենա։ Որպես հատուցում` ապահովագրական ընկերությունները 2011 թ. վճարել են 5.56 մլրդ դրամ, կամ` հավաքագրված գումարների մոտ 37.5 %-ը: 2011թ. ընթացքում ապահովագրողների կողմից արձանագրված վթարների քանակը կազմել է 25.300 կամ ամսական 2100 վթար։ Դա նկատելիորեն զիջում է կանխատեսված 3000-ին։ Սակայն նրանց, ովքեր այս վիճակագրությունից կշտապեն եզրակացնել, որ ԱՊՊԱ-ոլորտը նախատեսվածից մեծ շահույթ է ունեցել, պետք է հիասթափեցնենք։
Այսպես, «Ռոսգոսստրախ Արմենիայի» գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը երեկ անհիմն է համարել այն գնահատականները, թե ԱՊՊԱ-ի շնորհիվ ապահովագրական ընկերությունները գերշահույթներ են ստանում: Նրա պարզաբանմամբ` այդ սխալ գնահատականը գալիս է նրանից, որ շատերը նույնացնում են «վնասաբերություն» եւ «ուղղակի հատուցում» հասկացությունները: Ապահովագրական ընկերության վնասաբերությունը, նրա պարզաբանմամբ, ձեւավորվում է ոչ միայն վնասների հատուցումներից, որ 2011 թ, արդյունքներով կազմում է հավաքագրված գումարների մոտ 55 %-ը, այլեւ ներառում է այլ ծախսեր: Մասնավորապես` ապահովագրական ընկերությունը 15-17 % միջնորդավճար է տրամադրում ապահովագրական գործակալներին, 2 % հատկացվում է, այսպես կոչված, «երաշխավորված ֆոնդին», իսկ 1 %` Ավտոապահովագրողների բյուրոյին (կարգավորող մարմինն է): Այդպիսով` վնասաբերությունը կազմում է մոտ 75 %, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական ծախսերը մոտ 20 %-ի շրջանակում են, ապահովագրական ընկերության շահութաբերության մակարդակը չի գերազանցի 5%-ը: Ըստ Գ. Գրիգորյանի` դա շահութաբերության շատ ցածր մակարդակ է, իսկ հատուցման համար տրվող դիմումների քանակն աճում է բարձր տեմպերով:
Այս ամենի մեջ մի նրբություն կա։ Ապահովագրության դեպքում շահութաբերություն ասվածը հարաբերական է, եւ չի կարելի միանշանակ զուգահեռներ անցկացնել տնտեսական գործունեության այլ տեսակների հետ։ Օրինակ, շինարարի դեպքում լրիվ այլ է։ Եթե նա շենքի կառուցման վրա ներդրել է 1 միլիոն դոլար, մեկ տարվա ընթացքում կառուցել եւ վաճառել այն 1 միլիոն 50 հազար դոլարով, ապա նա կարող է ասել, որ շահութաբերությունը կազմել է 5%, եւ դժգոհել, քանի որ կարող էր այդ 1 միլիոն դոլարը որպես ավանդ ներդնելով բանկային համակարգում՝ առանց չարչարվելու ստանալ ավելի շատ եկամուտ։ Իսկ ապահովագրողի դեպքում այդպես չէ. նա իր սեփական գումարները գործի մեջ չի դնում, եւ ոչ էլ վարկ է վերցնում։ Նա այդ գումարները հավաքում է։ Այլ կերպ ասած՝ եթե բիզնեսի այլ տեսակների դեպքում սկզբում գումար են ծախսում, հետո նոր` եկամուտ ստանում, ապա ապահովագրությունը նախ` եկամուտը ստանում է, նոր միայն` ծախսում։ Հենց սա է ապահովագրության գլխավոր առանձնահատկություններից մեկը, որը թույլ չի տալիս անգամ 5% շահութաբերությունը ցածր համարել։ Առավելեւս, երբ խոսքը վերաբերում է մի քանի միլիարդի հասնող գումարներին։ Բացի այդ,
ԱՊՊԱ-ից հավաքագրված գումարների մի մասն «աշխատում» է. ներդրվում է, օրինակ, արժեթղթերում եւ համապատասխան եկամուտ բերում։ Եվ վերջապես, եթե ԱՊՊԱ-ն այդքան անցանկալի եւ ոչ եկամտաբեր զբաղմունք լիներ, ապա դեկտեմբերին ապահովագրական ընկերությունները կրկին գովազդախեղդ չէին անի՝ վարորդներին իրենց կողմը գրավելու համար։ Սակայն պարզվում է, որ ապահովագրական ընկերություններին ներկայիս դինամիկան չի գոհացնում, եւ չի բացառվում, որ համապատասխան նախաձեռնություններ լինեն։ Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ռոսգոսստրախ» ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը, ԱՊՊԱ սակագները վաղ թե ուշ կվերանայվեն։ Ըստ Ռ. Մինասբեկյանի, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ հայաստանյան ապահովագրական ընկերությունների վնասաբերությունը շարունակի աճել, թեեւ այն հիմա էլ գտնվում է բարձր մակարդակի վրա։ Այսինքն՝ սակագները կաճեն, որպեսզի ապահովագրողները հանկարծ վնասով չաշխատեն։
Իրոք հիմքեր կան ենթադրելու, որ վնասաբերությունը (մասնավորապես, հատուցումների ծավալները) կաճի։ Վստահ չենք, քանի որ այս տարվա սկզբից ուժի մեջ է մտել մի նորամուծություն, որը հակառակ՝ դրական ազդեցություն կունենա ավտոապահովագրողների շահութաբերության վրա։ Խոսքը վերաբերում է ճանապարհային երթեւեկության կանոններն արձանագրող տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրմանը։ Դրանց առկայությունը ստիպում է վարորդներին ավելի կարգապահ վարել, ինչի վերաբերյալ արդեն կոնկրետ թվային փաստեր կան։ Իսկ երբ կարգապահությունը մի քանի անգամ աճում է, դա անխուսափելիորեն հանգեցնելու է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման (ի վերջո՝ տեսախցիկների ու արագաչափերի տեղադրման հիմնական նպատակը հենց դա էր՝ երթեւեկությունն ավելի անվտանգ դարձնելը)։ Իսկ ավելի քիչ թվով ՃՏՊ-ներ՝ նշանակում է` ավելի քիչ ապահովագրական հատուցում։
Բացի այդ, տեխնիկական սարքերը կնվազեցնեն խարդախության դեպքերը, որոնցից ապահովագրողները դժգոհում էին նախորդ տարվա ընթացքում։ Օրինակ, եթե բախվել էին էժան «Ժիգուլին» եւ թանկարժեք «Մերսեդեսը», եւ պատահարը եղել էր «Մերսեդեսի» վարորդի մեղքով, ապա վարորդները «դավադիր համաձայնության» էին գալիս։ Ապահովագրողին ներկայացնում էին, որ մեղավոր է «Ժիգուլու» վարորդը։ Արդյունքում՝ ապահովագրությունը ծածկում էր ոչ թե «Ժիգուլու» վերանորոգման ծախսը, այլ «Մերսեդեսի», որը, բնականաբար, ավելի թանկ է։ Տեսախցիկների պարագայում այդ «սարքոցին» բացառվում է այս պահի դրությամբ 10 բանուկ խաչմերուկներում։ Հետագայում դա անհնար կդառնա եւս 80 խաչմերուկներում։ Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ եթե ՃՏՊ-ները նվազեն գոնե 10%-ով (ինչը լրիվ իրատեսական թիվ է), ապա ապահովագրողների հատուցումները եւս կնվազեն 10%-ով, եւ հատուցումների վրա կգնա հավաքագրված գումարների 50%-ը` ներկայիս 55%-ի փոխարեն։ Արդյունքում, շահութաբերությունը 5%-ից կաճի մինչեւ 10%։ Այսինքն՝ կկրկնապատկվի (ԱՊՊԱ-ի գումարների զգալի մասն արդեն հավաքագրվել է նախորդ տարվա սակագներով)։ Կարճ ասած, «ԱՊՊԱգան» կարծես բավականին լուսավոր է։ Իրենք՝ ապահովագրողներն էլ սա շատ լավ գիտեն, սակայն գերադասում են այս մասին չխոսել։ Որովհետեւ խոսելու դեպքում իրոք սակագների «վերանայման» կարիք կլինի, սակայն՝ նվազման ուղղությամբ։ Իսկ դա արդեն ձեռնտու չէ։