20-ամյակի կապակցությամբ

02/02/2012

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ այցելել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ, Հայաստանի Երրորդ Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հարազատներին եւ նրանց շնորհավորել Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում կատարել հետեւյալ գրառումը. «Ես եւ իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի` մեր մարտական ընկերոջ, լավագույն մարդու, պետական եւ քաղաքական գործչի առջեւ, խոստանում հավերժ պահել նրա հիշատակը, իսկ Հայկական բանակի ողջ անձնակազմով խիստ պարտավորվում կատարել նրա բոլոր պատգամները, լինել միշտ մարտունակ եւ ապահովել մեր բազմաչարչար ժողովրդի խաղաղ անդորրն ու արարումը»: Պաշտպանության նախարարը ի պահ թանգարանին է հանձնել «Մարտական ընկերոջս» հուշամեդալը` տրված Սեյրան Օհանյանի կողմից Վազգեն Սարգսյանին հետմահու: Ի նշան երախտագիտության, նախարարը Վազգեն Սարգսյանի մորը` Գրետա Սարգսյանին պարգեւատրել է «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով: