Ալիկ Գյունաշյանի մուտքը երգարվեստ եղել է Գյումրիի Սեւյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի հայտնի վարպետ Աղասի Շաբոյանի երգի-պարի խմբից: Այս համույթում նա հանդես է եկել Սայաթ-Նովայի, Շերամի երգերով եւ շատ կարճ ժամանակում այնպես է գրավել Գյումրիի երաժշտասերների ուշադրությունը, որ արդեն մեծ համարում ունեցող «Շաբոյանի խմբի» համերգներին ասեղ գցելու տեղ չէր լինում՝ հատկապես, երբ ազդագրերում ընդգծված էր լինում՝ «Համերգ՝ Ալիկ Գյունաշյանի մասնակցությամբ»:
Սեւյանի անվան մշակույթի պալատի բեմն անցյալում է մնացել, Ալիկ Գյունաշյանն արդեն 51 տարեկան է, հայրենակիցները նրա 50-ամյակը տոնեցին եւ մայրաքաղաքում, եւ ծննդավայրում, հոբելյանի առիթով նույնիսկ նրա կյանքն ու գործունեությունը անմահացրին առանձին գրքով: Գրքում առանձին բաժին կա, ուր զետեղված են Ալիկ Գյունաշյանի երկրպագուների կարծիքները: «Ալիկի երգը ջերմ է, անմիջական, վարակիչ եւ պատահական չէ, որ չես կարողանում զսպել նրան ձայնակցելու ցանկությունը: Երգարվեստում իշխող այս խառնիճաղանջ շաղախում Ալիկի երգը զուտ հայկական է, զուսպ ու զուլալ, որոնք նա կատարում է առանձնակի վարպետությամբ: …Առանձնահատուկ գրավչություն ունեն նրա քաղաքային բանահյուսական երգերը»,- կարծիք են հայտնել Սիլվա Կապուտիկյանն ու Արա Շիրազը: «Ժամերով կարելի է լսել, լսել նրա հոգեպարար ձայնը եւ երբեք չհոգնել ու դահլիճից հեռանալ՝ կրկին հանդիպելու մեծ ակնկալիքով»,- խոստովանել է բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը:
Ալիկ Գյունաշյանն այժմ էլ երգում է՝ աշխատելով բարձր ու մաքուր պահել հայ երգը, հատկապես՝ «ռաբիս» ոճում, որովհետեւ, ինչպես ինքն է պնդում, մենք այնքան էլ ճիշտ մոտեցում չունենք «ռաբիսի» հանդեպ:
– Ռաբիսը դա ժողովրդի սրտից բխող երգն է: Հասարակ աշխատավոր ժողովուրդը հիմնականում այդ երաժշտությունն է սիրում: Կարելի է ասել՝ ռաբիսը ղեկավարության դուրն էլ է շատ գալիս, ուղղակի նրանք շատ հաճախ դա ցույց չեն տալիս: Ես այնպիսի տեղ եմ աշխատում հիմա, որտեղ շատ ղեկավար անձինք են հաճախում, եւ ես հո տեսնում եմ, գիտեմ՝ նրանք ինչ հաճույքով են լսում:
– Որտե՞ղ եք աշխատում:
– «Նոյյան տապան» ռեստորանում, որտեղ այցելում են հիմնականում քաղաքի ղեկավարությունը, քաղաքական գործիչներ, բոլորն էլ շատ լավ են ընդունում իմ երգը:
– Ի՞նչ երգեր եք կատարում:
– Ես հիմնականում գուսանական երգեր եմ երգում, շատ եմ սիրում Շերամի երգերը: Ճիշտ է՝ Շերամ երգելը մի քիչ դժվար է, բայց ես շատ եմ սիրում: Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե Շերամը չլիներ, մեր ուրախությունների սեղաններն ինչո՞վ պիտի զարդարեինք: Ժամանակակիցներից շատ երգել եմ մեր գուսան Տոտիկի գրածներից: Տոտիկի երգերը ոչ միայն ես եմ երգել, կարելի է ասել` քաղաքի բոլոր երգիչներն էլ երգում են: Ուրիշ երգ գրողներ էլ կան, բայց քանի որ Տոտիկը մեր ընկերն է, իր հետ ենք շատ շփվում, բնական է, իր գրածները շատ ենք կատարում: Բացի այդ՝ պատահում է, մի անհայտ հեղինակի երգ ենք կատարում, որը շատ լավ ընդունվում է, ու հանկարծ պարզվում է, որ դրա հեղինակն էլ է Տոտիկը:
– Ո՞ր երգերն են շատ պատվիրում ձեր հաճախորդները:
– Մեծամասամբ ուզում են լսել 70-80-ական թվականների մեր գուսանական երգերը: Իմ երգացանկից շատ կատարում եմ «Դարձել է մութ գիշերվա պես…», «Օտար, ամայի ճամփեքի վրա…», «Անցա գնացի…», «Տարիները անցան…», «Եղբայր», «Մայրիկ», «Հայրիկ»…
– Ինչպե՞ս է եղել որպես երգիչ ձեր ճանաչումը:
– Յուրաքանչյուր երգ ես երգում եմ հոգով եւ սրտով, իսկ այդ ամենն ինձ տվել են իմ սուրբ հողը, իմ հարազատ Լենինական քաղաքը, իմ լավագույն տարիների փառավոր օջախը՝ Լենինականի Սեւյանի մշակույթի պալատը, վարպետ Աղասի Շաբոյանը, ընկեր Շողիկը, ընկերներս, իմ համով-հոտով, շախով գյումրեցիները: Եթե չլինեին նրանք, չէի լինի եւ ես՝ Ալիկ Գյունաշյանս:
– Սփյուռքում երբ երգելու են հրավիրում ձեզ, ովքե՞ր են լինում ձեր ունկնդիրները՝ բուն սփյուռքահայե՞րը, թե՞ վերջին տարիներին Հայաստանից հեռացածները:
– Բոլորն էլ սիրում են ինձ: Ժողովուրդն ամեն տեղ էլ լավ է ընդունում ինձ, կարելի է ասել՝ կարոտով: Մարդիկ կան, որ լսել են իմ երգերը, սիրել, բայց առերես ինձ չեն տեսել, գալիս են իմ համերգներին ու լուռ ունկնդրում ինձ: Սփյուռքում նման համերգների ժամանակ հայերը հիմնականում սիրում են գալ պարելու, իրար հետ ծանոթանալու համար, բայց երբ ես եմ երգում՝ բոլորն ինձ առանց շշուկի են լսում:
– Ձեր համար ո՞ր տարիներն են ավելի բարենպաստ եղել ՝ խորհրդայի՞ն, թե՞ հետխորհրդային:
– Սովետի ժամանակ լավ էր այնքանով, որ իմ համերգներին բնակչության բոլոր խավերն էլ գալիս էին, գալիս էին ընտանիքներով, նորմալ, հագուկապը, ամեն ինչը տեղը տեղին, եւ պաշտոնյաներն էին գալիս, եւ հասարակ մարդիկ, մարդկանց տրամադրությունները տեղն էր, գործերը՝ լավ: Հիմա ուրիշ է՝ մարդ որ իր գործերում հաջողություն չի ունենում, ոչ թատրոն է գնում, ոչ համերգ:
Ես չգիտեմ՝ ռաբիսին ինչո՞ւ են այդքան վատ վերաբերվում՝ չէ՞ որ ժողովրդի ծոցից են դուրս գալիս այդ երգերը, ժողովուրդն է ստեղծում դրանք, ժողովրդի ցանկություններն է արտահայտում այդ երգը եւ ավելի հոգեհարազատ են ժողովրդին: Ես միշտ սիրով եմ կատարել այդ երգերը: Ճիշտ է՝ երգիչներ կան, որ ռաբիս երգի անունը գցեցին՝ ավելորդ խաղեր տալով, թուրքական-արաբական ստիլ են մտցնում՝ փչացնում են մեր հայկական երգերը: Ժողովուրդն էլ ինքնըստինքյան վատ է տրամադրվում: Լսած կլինեք՝ որ մեկը մի վատ, անճաշակ շոր է հագնում, ասում են՝ յախք, ինչ ռաբիս ես, էդ նրանից է գալիս, որ համեմատում են վատ մատուցված երգի հետ: Եթե երգը ճիշտ երգես, խաղերը ճիշտ անես, իմանաս՝ որտեղ` ինչքան, երգը կսիրվի:
– Խաղեր ասելով՝ ի՞նչը նկատի ունեք:
– Դե, երգիչներ կան, ավելորդ տեղը սկսում են կլկլացնել, մտնում են թուրքական, արաբական, պարսկական ոճի մեջ, բայց չէ՞ որ դա հայկական երգ է, էդ երգը պետք է իմանաս՝ ոնց է երգվում: Երգիչներ կան, որ երգի հիմքը, կորիզը չգիտեն ու սկսում են երգի վրա խաղեր տալ՝ երգի համը լրիվ կորչում է, դրա համար էլ ռաբիսի անունը էդպես շոշափվում է, բայց դե ի՞նչ տարբերություն՝ մեկը ջազ է կոչվում, սա էլ ռաբիս է:
– Այսօրվա երգիչներից ո՞ւմ եք ռաբիսի ճիշտ կատարող համարում:
– Լավ կատարողներ կան, անուններ չեմ ուզում տալ, մարդ կա` մի երգը լավ է կատարում, մյուս երգը՝ վատ: Ես միշտ նրանցից մի բան եմ խնդրել՝ աշխատեն ավելորդ խաղեր չանել, որ մեր հայկականը պահպանվի: Հետո էդ անտեղի խաղեր տալը սփյուռքից է գալիս, որտեղ որ մեր երգերը լսում են, հետո իրենք վերարտադրում են` համապատասխանեցնելով այդ երկրի ռիթմերին՝ թուրքական, պարսկական, արաբական: Ես միշտ մեր երիտասարդ երգիչներին խնդրում եմ՝ մաքուր պահել հայկականը: Ասենք՝ Սայաթ-Նովա են երգում, մուղամ են մտցնում մեջը, բա դա կլսվի՞, ցածր խավի մարդիկ գուցե լսեն էդ երգերը՝ էն էլ խմիչքի ազդեցության տակ, խելացի, կարդացած մարդը նման երգը չի լսի:
– Ռաբիս երգարվեստի մեջ ի՞նչ հայտնի դեմքեր ենք ունեցել մենք, որոնցից այսօրվա կատարողներն արժե, որ օրինակ վերցնեն:
– Լավ երգիչներ մենք շատ ենք ունեցել՝ Բաբիկ, Ալլա, Կուկու… Նրանք այսօր չկան, ես այդ մարդկանց հետ եմ շփվել ժամանակին՝ 70-ական թվականներին, եւ նրանք շատ բարձր էին գնահատում ինձ: Օղորմածիկ Բաբիկն ասում էր՝ Ալիկ ջան, դու՝ էս կողմ, քեզնից հետո կորոշենք ով է երգիչներից առաջինը: Ես նրանցից եմ սովորել, տեսնում էի՝ ինչպես են երգը նախ` ճիշտ կատարում, հետո՝ ըստ ճաշակի էդ խաղերը մտցնում երգի մեջ: Իսկ էսօրվանները երգի հիմքը չգիտեն՝ խաղեր են տալիս, նույնն է թե` շենքը կառուցես առանց հիմքի, մի հատ քամի եղավ՝ էդ շենքը փուլ կգա, էսօրվա երգերն էդ շենքերի պես են երգում՝ հիմք չկա… Գնացեք էսօր մտեք ցանկացած ռեստորան՝ ամեն ինչ երգում են՝ հաբիբի-մաբիբի, բայց մեր ժողովրդական-գուսանական երգերը կատարող մի նորմալ երգիչ չկա: Գնաս էդ խաղեր տվողին ասես՝ հլը առանց էդ խաղերի մի երգ երգի, չի կարողանա: Այնպիսի երգեր են երգում, որ ով ասես կարող է երգել, դժվար երգերից խուսափում են:
– Փաստորեն էդ խաղեր տալը պրոֆեսիոնալիզմի պակասից է:
– Հա, բա ի՛նչ է, երգը երգում են, մեկ էլ տեսնում ես՝ կլարնետը խաղեր է տալիս, որ էլի հեչ պետք չի, բայց դե ինչ կարողանում՝ էդ են անում, միշտ հեշտին են վազում: Հետո մեր էսօրվա երգ գրողներն էլ էնպիսի երգեր են գրում, որ չես իմանում` ո՞նց երգես՝ միտք չկա մեջը… Դե, եսիմ, ասում են՝ ճաշակին ընկեր չկա, ժողովրդին էլ ճաշակ չկա… ժողովրդի ճաշակն էլ է փոխվել արդեն:
– Ինչքա՞ն ժամանակ կլինի ռեստորաններում երգում եք:
– 30 տարի կլինի արդեն:
– Տհաճ միջադեպեր չե՞ն լինում:
– Իմ հաճախորդներն ինձ արդեն լավ գիտեն, ու սովորաբար իմ երգացանկից են ուզում երգեր լսել, գիտեն, որ այլ երգեր չեմ երգում՝ չեն պատվիրում: Կամ կարող է ուզենան մի նոր դուրս եկած լավ երգ լսեն՝ տեսնեն ես ո՞նց եմ կատարում: Ես որ երգում եմ, ասում են՝ այ, էդպես ավելի լավ է: Որովհետեւ ես սկզբում երգի ճիշտն եմ մատուցում, հետո՝ տրամադրությունից կախված՝ եթե տեսնում եմ շատ ես խաղերի «բալեշչիկ», մի երկու հատ էլ էնպիսի խաղ եմ անում, որ դուրդ գա…
– Ո՞նց եք տարբերում՝ որ հաճախորդն է խաղերի «բալեշչիկ»:
– Մի երկու բաժակից հետո լրիվ երեւում է… Մարդու դեմքի արտահայտությունից, հագուկապից, խոսքուզրույցից էլ է երեւում՝ ով ինչ երգ է սիրում: Չնայած՝ մեր «Նոյյան տապանի» հաճախորդների մեծ մասն այնպիսի մարդիկ են, որ մաքուր երգեր են սիրում: Հետո բոլորն էլ գիտեն, որ ինձ չի կարելի գալ-ասել՝ «Էսինչ բանը պիտի երգես», ես կարող է մեկի խնդրանքն անմիջապես կատարեմ, իսկ էն մյուսի պատվերը՝ ով շատ փող է տալիս ու ասում՝ երգի` չերգեմ… Մեկ էլ դա ինձ դուր չի գալիս, երբ հաճախորդը կարծում է, թե երաժիշտն իրենից ցածր է:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն երգիչներին, ովքեր նախընտրական քարոզարշավների են մասնակցում, թեեւ ռաբիս երգողները կարծես զերծ են այդ ամենից:
– Ես էդ «այո»-«ոչ»-ի մասին ոչ մի բան չեմ ուզում ասել, օրը գա՝ ես գիտեմ ինչ կասեմ, իսկ էդ երգիչներին ո՞վ է ստիպում՝ գնան երգեն, ոչ մեկն էլ չի ստիպում, իրենք են իրենց քթերը խոթում ամեն տեղ: Երգիչ ես՝ երգդ երգի, ի՞նչ ես մտնում քաղաքականության մեջ, երգիչը չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, էս երկրում ամեն ինչ շատ լավ կլինի…