Ադրբեջանական Դուբայ

02/02/2012

Ադրբեջանի իշխանությունները որոշել են նոր քաղաք կառուցել Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա: «Khazar Islands» անվանումով այդ քաղաքի շինարարության վրա Ադրբեջանի կառավարությունը ծախսելու է 100 միլիարդ դոլար: Քաղաքն ունենալու է մեկ միլիոն բնակիչ եւ, ըստ ադրբեջանական իշխանությունների, փորձելու է մրցել, առաջին հերթին, Դուբայի հետ: Մասնավորապես, ըստ նախագծի, «Khazar Islands»-ում կառուցվելու է աշխարհի ամենաբարձր երկնաքերը, շուրջ 150-կիլոմետրանոց ամենաերկար պուրակն ու «Ֆորմուլա-1» ավտոմրցաշարի համար նախատեսված մարզահամալիրը: Ադրբեջանական փորձագետների կարծիքով, սակայն, նախագիծը տնտեսական հաշվարկների արդյունք չէ: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին ասել է. «Անկեղծ խոստովանեմ` որեւէ տնտեսական հիմնավորում գոյություն չունի: Այն բանից հետո, երբ հրապարակվեցին նախնական թվերը, տպավորություն ստեղծվեց, որ սա մեր իշխանությունների հերթական PR-ակցիան է: Մեր իշխանությունը նման բաներ սիրում է: Ուզում էին աշխարհում ամենաբարձր դրոշը կանգնեցնել, հետո պարզվեց, որ այն երկրորդ տեղում է: Մյուս կողմից, միայն PR-ով այս ամենը չես բացատրի, քանի որ նախագիծը ահռելի ծախսեր է պահանջում: Որեւէ հստակություն, սակայն, չկա, թե որտեղից են գալու այդ ներդրումները»: Նախատեսվում է, որ Ադրբեջանի կառավարությունը բյուջետային միջոցներից հատկացնելու է 30-35 միլիարդ դոլար: Եվս 60 միլիարդ նախատեսվում է հավաքագրել մասնավոր ներդրումների շնորհիվ:

«Khazar Islands»-ի շինարարությունը, ըստ պաշտոնական աղբյուրների, իրականացնելու է ադրբեջանական Avesta ընկերությունը, որի մասին մինչ օրս որեւէ տեղեկություն չի եղել: Շրջանառվող լուրերի համաձայն` այս ընկերության հիմնադիրը Նախիջեւանից սերող Իբրահիմովների ընտանիքն է, որը սերտ կապեր ունի նախագահ Ալիեւի հետ: Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա դրանց ներգրավումը, Նատիգ Ջաֆարլիի կարծիքով, շատ խնդրահարույց կարող է լինել: «Ներդրումային միջավայրն Ադրբեջանում շատ վատն է: Դատարաններն անկախ չեն: Ցանկացած բիզնես կարող է պետության կողմից հարձակման ենթարկվել, այն ընդհանրապես կարող են խլել գործարարի ձեռքից: Այնպես որ, չեմ կարծում, որ ի հայտ գան այդպիսի ազդեցիկ գործարար շրջանակներ, որոնք ի վիճակի կլինեն նման լուրջ ֆինանսական միջոցներ ներդնել, հատկապես` հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում առկա կացությունը: Ամեն դեպքում, Khazar Islands նախագծի շահութաբերությունը լուրջ հարցականի տակ է», – ասել է Ջաֆարլին: