«Հյուսիս-հարավ միջանցքի շինարարությունը կսկսվի այս տարվա ապրիլին»,- երեկ հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը` նշելով, որ վեց ընկերություն մասնակցել է մրցույթին, բոլորի տվյալները գնահատվել եւ ուղարկվել են Ասիական զարգացման բանկ, որն առաջիկա օրերին կտա իր համաձայնությունը: Դրանից հետո կառավարությունը կհաստատի, եւ պայմանագիրը կկնքվի: «Ասիական բանկի կարծիքն ունենալուց հետո կսկսվի երրորդ տրանշի շինարարական աշխատանքների նախապատրաստական փուլը,- ասել է նա` ավելացնելով,- Մենք նախատեսում ենք այս տարի ամբողջական ֆինանսական ռեսուրսների հարցը լուծել եւ ամբողջական նախագիծ ունենալ Բավրայից մինչեւ Մեղրի ընկած հատվածում: Այսօր առաջին, երկրորդ եւ երրորդ տրանշների հարցը լուծված է: Շինարարությունը նախատեսում ենք սկսել ապրիլ ամսից, դա վերաբերելու է առաջին եւ երկրորդ տրանշներին, այսինքն Երեւան-Աշտարակ, Աշտարակ-Թալին, եւ Երեւան- Արարատ ուղղությամբ»: Խոսելով նախարարության մյուս ծրագրերի մասին` Մ. Վարդանյանն ասել է, որ Տրանսպորտի եւ կապի նախարարության համար սահմանված այս տարվա առաջին գերակայությունը Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային ճանապարհի շինարարությունն է: «Երկաթգծի հետ կապված կառավարությունը հաստատել էր «Զվարթնոց» տրանսպորտային հանգույցի վերակառուցման խնդիրը, որտեղ պետք է կառուցվի երկաթգիծ եւ նոր ճանապարհ: Ամբողջ աշխատանքը պետք է իրականացվի ոչ թե պետական բյուջեի, այլ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում: Մեր խնդրանքով օդանավակայանը արդեն կնքել է պայմանագիր` պատվիրելով նոր երկաթգծի կառուցման խնդիրները, որով նաեւ ուղեւորափոխադրումներ կիրականացվեն դեպի մետրոյի կայարան: 60 աշխատանքային օրվա ընթացքում նախագիծը կավարտվի, եւ կսկսենք արդեն բանակցություններ` կառուցման հետ կապված` օդանավակայանի կոնցեսիոների եւ երկաթգծի տնօրինության հետ»,- ասել է նա: Նախարարության այս տարվա գերակայությունների թվում է նաեւ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու կամ վարձակալության հանձնելու գործընթացի իրականացումը եւ ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու միջոցառումների ծրագրի իրականացումը: «Վերջին գերակա խնդիրը, որ մենք հաստատել ենք, վերաբերում է հեռուստատեսության հեռարձակման թվայնացման խնդիրներին: Այստեղ եւս սահմանել ենք այն բոլոր խնդիրները, որ ցանկանում ենք իրականացնել: Ներկայումս քննարկումներն ընթանում են երկու ուղղությամբ` ինչպիսի մրցույթ կազմակերպենք, այսինքն` մենք ունենք կառավարության կողմից հաստատված առաջին տարբերակը, որտեղ ասում ենք` ով ամենաէժան գնով կիրականացնի մեր թվայնացման խնդիրները, եւ երկրորդը` ով կբերի լավ առաջարկ մեր թվայնացման խնդիրները իրականացնելու համար: Այս հարցը լուծելուց հետո կհայտարարվի մրցույթ»,- ասել է Մ. Վարդանյանը: