Խորհրդային տարիներին մտավորականություն կոչված խավն առանձնահատուկ դիրք ուներ: Նախ` իրենց այդ խավին վերագրողներն էին հենց այդպես կարծում: Մտավորականների ամենակազմակերպված հատվածը Գիտությունների ակադեմիայի եւ Երեւանի պետական համալսարանի աշխատակիցներն էին: Գիտնականների ու դասախոսների այս երկու խոշոր կոլեկտիվներին թվում էր, որ իրենք հասարակության առջեւ ինչ-որ պարտք ու պատասխանատվություն ունեն: 1960-80-ականներին գիտնականների ու դասախոսների ընդհանուր ու հատկապես կուսակցական ժողովները պարբերաբար բուռն ու անկանխատեսելի ընթացք էին ստանում: Սկզբունքային ու հեղափոխական բառապաշարով ասած` «անկաշառ» դասախոս-գիտնականները երբեմն ընդհանուր քննարկման թեմա էին դարձնում հասարակական տարբեր հարցեր: Նրանք քննադատում էին իշխանություններին անարդյունավետ կառավարման ու հատկապես կաշառակերության մասշտաբների պատճառով: Ժողովի հաջորդ օրն ամբողջ երկիրն էր խոսում այդ մասին: «Իմացա՞ք, որ Համալսարանի ժողովում պրոֆեսոր այսինչյանն ու այնինչյանը ինչ սուր խոսքեր են ասել Կենտկոմի ղեկավարության մասին»` բերնեբերան իրար էին փոխանցում բոլորը: Այս ամենն, իհարկե, դուր չէր գալիս իշխանություններին: Նրանք իրենց զինանոցում մի հնարք ունեին, որի կիրառումը մի կողմից` որոշակի ժամանակով «հանդարտեցնում էր» ընդվզող մտավորականությանը, մյուս կողմից` հասարակական ընկալման մեջ նսեմացնում էր մտավորական մարդու համբավը: Բոլոր բուռն «քննադատական» ժողովներից հետո իշխանությունները հրահանգում էին` «կաշառքի վրա բռնել որեւէ դասախոս-գիտնականի»: Կաշառքի վրա ձերբակալվողը, որպես կանոն, վաստակ ունեցող մեկն էր լինում: Ու հետո դասախոս-գիտնականների մի խումբ գնում էր իշխանությունների դուռը խնդրել-աղաչելու, որ իրենց սայթաքած գործընկերոջը ներեն: «Բա ամբողջ օրը կաշառակերությունից էիք բողոքում, իսկ հիմա կաշառակերի համար եք խնդրում»` շպրտում էին բարձրաստիճան չինովնիկները բարեխոսության դիմումով եկած խմբին: Հետո իշխանություններն ու մտավորականները միմյանց ընդառաջում էին, ու կրքերն առ ժամանակ հանդարտվում էին:
Հիմա ահագին բան փոխվել է: Մտավորականներն այդքան էլ ընդվզող չեն: Նրանց վարկը հասարակական ընկալումներում էլ առաջվանը չի: Բայց նրանցից ոմանք մեկ-մեկ էլի խոսում են: Խոսում են` հայերեն «կաշառք» բառի փոխարեն` «կոռուպցիա» օտար տերմինն օգտագործելով: Բայց իշխանությունների վարքը չի փոխվել: Հենց կոռուպցիայի մասին խոսակցությունների մասշտաբը մի քիչ ընդլայնվում է` հարազատ իշխանությունները նույն հրահանգն են տալիս. «Դասախոս-մտավորական մեկին բռնեք, ականջներս դինջանա»: Իսկապես աշխատող մեխանիզմ է: Ժամանակի քննություն բռնած: Մի քանի ամիս առաջ, էլի, աջ ու ձախ խոսվում էր կոռուպցիայի ու կաշառակերության աններելի բարձր մակարդակի մասին: Պատճառը միջազգային մի կազմակերպության հրապարակումն էր մեր երկրի տնտեսությունում առկա ստվերի մասին: Ու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հարկերից խուսափելու մեղադրանքով ձերբակալվեց «Նարեկացի» արվեստի միության նախագահը: Բա հո որեւէ օլիգարխի՞ չէին ձերբակալելու հարկեր չմուծելու մեղադրանքով: Առանձնապես խոշոր չափերի հարկերի մուծումից խուսափելու մեղադրանքը օլիգարխների ու նրանց օլիգարխ ծնողների համար չի: (Այդ մասին նույնիսկ հարցազրույցներ են տպագրվել): Դեպքերի հետագա զարգացումն էլի հին շաբլոնով էր: Մտավորականությունը մի քիչ փնթփնթաց, մի քիչ խնդրեց: Ու իշխանությունները մշակութային միության նախագահի խափանման միջոցը փոխեցին: Գործն, իհարկե, չկարճվեց: Այ, եթե մտավորականներն իրենց լավ պահեն ու ապագա խորհրդարանական ընտրություններին համապատասխան ծառայություններ մատուցեն, նրանց խնդրանքը գուցեեւ տեղ հասնի: Հատկապես, որ խնդրելու առիթները շատանում են:
Երկու օր անընդմեջ լրատվության խոսք ու զրույցի թեման նորից կոռուպցիայի դեմ պայքարին է նվիրված: Այդ պայքարի շրջանակներում Գյումրիում դասախոս են ձերբակալել: Մայրաքաղաքից գործուղված իրավապաշտպաններն են 150.000 դրամ կաշառք վերցնող դասախոսին ձերբակալել, կնքել ամբիոնի ու դեկանատի դռները: Հիմա լայնածավալ նախաքննություն են անցկացնում քննությունները կաշառքով հանձնող երիտասարդ` 31-ամյա ուսանողի ու ծերունի` 70-ն անց դասախոսի հարաբերությունների իրավական հիմքերը պարզելու վսեմ նպատակով: Բուհի ռեկտորն արդեն հայտարարել է, որ ձերբակալված դասախոսը «պարկեշտ անձնավորություն է»: Այսինքն` մտավորականներն էլի խնդրելու են: Խնդրելու են ու առժամանակ լռելու են: Չեն խոսելու կոռուպցիայի, չինովնիկների վարքի, ունեցվածքի ու օրինական եկամուտների անհամատեղելիության մասին: Խորհրդային տարիներից իշխանության գործելաոճը չի փոխվել: Արդյունքում փոխվել է հասարակական ընկալումը: Հիմա հասարակությունը, եթե ոչ պարկեշտ, ապա գոնե քավության նոխազ է ընկալում բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են «Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»: Այս բառակապակցությունը վերցրված է պաշտոնական հաղորդագրություններից: Այսինքն` Հայաստանում կոռումպացված պաշտոնատարները, կամ պարզ կաշառակերները ոչ թե քրեորեն դատապարտելի հանցանք կատարելու համար են ձերբակալվում, այլ «Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»: Ահա այսպիսի տարօրինակ իրավագիտակցություն: Կամ դրա բացակայություն` եթե կուզեք: Բայց դրան մենք բոլորս` հասարակությունը, իշխանությունները հասել ենք տասնամյակների «քրտնաջան» աշխատանքի շնորհիվ: