Արհեստականորեն կրճատվում է նպաստառուների թիվը

02/02/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանում 2006 թվականից ուժի մեջ մտած «ՀՀ պետական նպաստների մասին» օրենքը թեեւ պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների, այդուհանդերձ, բարեփոխված օրենքի կիրառումից մեր աղքատ խավին բյուջեից հատկացվող գումարների մի զգալի մասը տարբեր խողովակներով փոշիանում է:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՀՀ վերահսկիչ պալատը սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում ուսումնասիրություն կատարելուց հետո խոշոր չարաշահումներ բացահայտեց: Չնայած այդ աղմկահարույց բացահայտումներին, որեւէ մեկը չձերբակալվեց, իսկ աղքատների գումարները գրպանած տեսուչներն ու գրասենյակների պետերը պատասխանատվության ենթարկվեցին գումարների հետգանձման տեսքով: Պետբյուջեից աղքատներին տրամադրվող գումարների յուրացումը, բնականաբար, արվում է զգուշությամբ եւ հնարավորինս «մաքուր», հետեւաբար` միշտ չէ, որ վերահսկող մարմիններին ստվերային թղթաբանության վրա լույս սփռել հաջողվում է: Համաձայն «Պետական նպաստների մասին» օրենքի 3-րդ հոդվածի` «Պետական նպաստների տրամադրման նպատակն է` աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը օժանդակելը, ինչպես նաեւ ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի (երեխայի ծննդյան) կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի աշխատավարձի մասնակի հատուցումը»: Այլ կերպ ասած` մեր պետությունը մշակել է սոցիալական աջակցության այն մոդելը, որով կարող են պաշտպանված լինել ժամանակավորապես պետության հաշվին «գոյատեւող» սոցիալական խմբերը: Ավելին` հստակեցված են նաեւ պետական նպաստների տեսակները` ընտանեկան, երեխայի խնամքի, ինչպես նաեւ` երեխայի ծննդյան միանվագ նպաստներ: Պետական նպաստների այս երեք տեսակներից ընտանեկան նպաստի ինստիտուտը ընդունված է համարել ամենակոռումպացված համակարգը: Ի տարբերություն նախորդ տարիների (երբ տեսուչի հետ երկու ամսվա նպաստը նրան թողնելու փոխհամաձայնությամբ նպաստ ստանում էին բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ)` 2011թ. ընթացքում գրասենյակի պետերն ու տեսուչներն առավել զգուշավոր էին եւ փորձում էին թափանցիկ աշխատել: Վերահսկողության խստությունը պայմանավորված է նաեւ էլեկտրոնային առցանց միջոցներով նպաստառուի կամ հաշվառված անձի տվյալների բազայի ստուգման մեխանիզմների կիրառմամբ:

Մայրաքաղաքի վարչական տարածքների Սոցիալական տարածքային գրասենյակներից դուրս եկող դժգոհ քաղաքացիների կարելի է մշտապես հանդիպել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբեմն ծայրահեղ կենսապայմաններում գոյատեւող մեր քաղաքացիները չեն կարողանում օգտվել պետական աջակցությունից` համապատասխան փաստաթղթերի եւ տեղեկանքների ձեռք բերման դժվարությունների պատճառով: Պետական գումարները ստվերային ճանապարհով յուրացնելու խողովակները փակելու համար ՀՀ կառավարության որոշումներով մշտապես խստացվում է նպաստ տրամադրելու կարգը: Սակայն օրենսդրական դաշտից «ճողոպրել», այնուամենայնիվ, հաջողվում է: Ի դեպ, ընտանեկան նպաստ համակարգի ինքնատիպությունը հենց նրանում է, որ պետությունից գողանում են ոչ միայն այդ նպաստը տրամադրողները, այլեւ շարքային քաղաքացիները` կեղծելով անձնական տվյալներն ու զարտուղի ճանապարհներով ներկայացնելով «գնված», ոչ արժանահավատ տեղեկանքներ: Մասնավորապես, գյուղական համայնքներում կարելի է համարվել նպաստառու, եթե գյուղապետի բարեկամը, հարեւանը կամ պարզապես նրա հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ ես: Օրինակ` հեռավոր շատ գյուղերում նպաստառուների ցուցակում ընդգրկված են մասնավորապես գյուղապետի ազգանունը կրող անձինք:

Եթե զանգահարողը թաղապետարանից է` կարող եք դուռը քացով էլ բացել

Հայաստանում աղքատությունն ավելանում է, բայց ընտանեկան նպաստ ստացողների թիվը կրճատվում է: Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ պետական աջակցությունից արհեստականորեն զրկվում են այն քաղաքացիներն, ովքեր փաստագրման համար անհրաժեշտ թղթաբանության հետ կապված խնդիր ունեն: Մյուս կողմից էլ` իսկապես զտվում են կեղծ նպաստառուները: Մեզ դիմող քաղաքացիներից շատերը զրկվել են ընտանեկան նպաստից պետռեգիստրում չգրանցվելու պատրվակով: Նպաստ կարող են ստանալ աղքատ այն անձինք, ովքեր, բացի մի շարք փաստաթղթերից, պարտադիր պետք է փաստացի գրանցում ունենան: Անտուն մարդկանց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչությունը կամ սոցիալական աջակցության տարածքային գրասենյակի ներկայացուցիչներն առաջարկում են գրանցվել հարեւանի, բարեկամի տանը: Մի բան, որն ամեն հարեւան ու բարեկամ չի համաձայնվի անել: Մեր խմբագրությունը գրեթե ամեն օր ահազանգ է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց վրդովմունքն են արտահայտում ընտանեկան նպաստ համակարգից` վստահեցնելով, որ օրենքի փոփոխություններով, նոր կարգեր հաստատելով` պետությունն արհեստականորեն աղքատներին զրկում է պետական աջակցությունից: Մենք արդեն անդրադարձել ենք մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի մի քանի ընտանիքների դժգոհություններին, ովքեր պնդում են, որ նպաստ ստանում են բարեկեցիկ պայմաններում ապրող մարդիկ, իսկ աղքատները զրկվում են դրանից: Շենգավիթ վարչական շրջանի Սոցիալական ծառայության տարածքային գրասենյակի աշխատանքից դժգոհ քաղաքացիներն ուղիղ ճանապարհով գալիս են խմբագրություն, որոնց խնդիրներին մենք բազմիցս անդրադարձել ենք: Հիշեցնենք վերջին, ամենաթարմ բողոքը Շիրակի 2ա, 7-րդ հանրակացարանի բնակչուհի Լիլիթ Սարգսյանից, ով վստահեցնում էր, որ տեսուչ Ալլա Վարդանյանը երբեւէ ոտք չի դրել իր տուն, իր աղքատության մասին պատկերացում չունի, սակայն հրաժարվում է իրեն փաստագրել: Շենգավիթի Սոցիալական ծառայության գրասենյակի պետ Ռուզաննա Կռունկյանը մեզ հետ զրույցում մանրամասներ տրամադրեց` վստահեցնելով, որ խնդիրը միանգամայն այլ է. Լ. Սարգսյանը հրաժարվում է ամուսնուն գրանցել իր բնակարանի հասցեում. «Ամուսինը հայրական տանն է գրանցված, իսկ նա չի ցանկանում այդ տան գրանցումից հանել եւ իր տանը գրանցել»: Տեսուչ Ա. Վարդանյանին փոխանցեցինք Լ. Սարգսյանի այն պնդումը, որ այցելություն չի կատարել եւ անգամ չգիտի, թե շահառուն որտեղ է ապրում: «Ես այցելել եմ իրենց տուն»,- ասաց Ա. Վարդանյանը: Նրան փոխանցեցինք նաեւ Լ. Սարգսյանի հարեւանուհու վկայությունն այն մասին, որ իսկապես տեսուչը ոտք չի դրել նրանց տուն: Թե ո՞ւմ հավատալ` թողնում ենք ընթերցողին: Գրասենյակի պետ Ռուզաննա Կռունկյանի խոսքով` այս ոլորտում դժգոհություններն օրինաչափ են, քանի որ իրենք գործ ունեն ամենախոցելի խմբերի հետ: Նա չի կիսում այն կարծիքը, որ ընտանեկան նպաստ համակարգը կոռումպացված է, քանի որ փաստագրման տվյալների բազան խստագույնս վերահսկվում է: «Քաղաքացու ընտանիքի չափահաս անդամը ծառայությունից վերցնում է ձեւաթղթերը, որն իրենից ներկայացնում է հայտարարագիրը. նշված են 4 կետեր, որտեղ քաղաքացին երաշխավորում է, պարտավորվում է, տեղեկացված է եւ համաձայն է: Այսինքն` երաշխավորում է, որ առանց խոչընդոտների թույլ է տալու, որ մենք ընտանիքի կազմի ուսումնասիրության ժամանակ ստուգենք իր ներկայացրած փաստաթղթերի հիմքերը: Պարտավորվում է տարին մեկ անգամ անպայման մեզ ներկայացնել փաստաթղթեր, որոնք դիմում-հայտարարագրերում է ներկայացրել: Համաձայն է, որ հարցումներ արվի, այսինքն` մարդու իրավունքը չի ոտնահարվում, քանի որ իր համաձայնությունը կա: Տեղեկացված է, որ եթե ոչ ճիշտ տեղեկատվություն է տալիս, ուրեմն` նպաստը դադարեցվում է, 6 ամսով զրկվում է, եւ ավելի վճարված գումարը, եթե անգամ պետական կարգով ինքը չի վճարում պետբյուջե, ապա դատական կարգով է դա արվում»,- պարզաբանում է Ռ. Կռունկյանը` վստահեցնելով, որ քաղաքացու հայտից հետո կազմվում է գործ, փաստագրվում է տվյալները եւ միավորի հաշվարկով պարզվում է` արդյո՞ք ընտանիքը ձեռք է բերում նպաստի իրավունք, թե՞ ոչ: Առնվազն 25 օրվա ընթացքում սպասարկող տեսուչն այցելություն է կատարում` փաստաթղթերի իսկությունը ստուգելու նպատակով: Շենգավիթ վարչական շրջանի 3000 հաշվառված անձանցից նպաստ ստանում են մոտ 2000-ը: Ռ. Կռունկյանի խոսքով` ոչ թե անապահով ընտանիքների թիվն է կրճատվել, այլ պետռեգիստրում գրանցվելու նոր կարգը շատ քաղաքացիների մոտ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ է առաջացրել, եւ շատերը զրկվել են նպաստ ստանալուց. «Եթե նախկինում մարդը վարձով էր ապրում, ապա մենք իրավունք ունեինք գրելու, որ առանց գրանցման ապրում է վարձով, բայց հիմա նա պարտավոր է փաստացի գրանցվել: Փաստացի գրանցվելու համար էլ պետք է իր հիմնական գրանցումից դուրս գա: Օրենքը դա է պահանջում»: Քաղաքացու տվյալների վերահսկման իմաստով գրասենյակի պետն օրենքի այս փոփոխությունը դրական է գնահատում, քանի որ իրենք էլ շատ կեղծ տվյալներ են բացահայտում: Սակայն դժվար է հավատալ, որ անտուն, անհասցե անձը կարող է գրանցվել այլ անձի բնակության վայրում: Օրինակ, մեզ դիմող փաստացի գրանցում չունեցող անձին առաջիկայում մենք կուղղորդենք գրասենյակի պետի բնակության վայր, որպեսզի վերջինս Ռ. Կռունկյանից խնդրի իրեն գրանցել սեփական բնակության վայրում: Կարծում ենք, գրասենյակի պետը չի հրաժարվի «լավություն» անել աղքատ մի մարդու, որը գրանցում չունենալու պատճառով զրկվել է օրվա հացից:

Մեծահարուստների օրինակով

Ռ. Կռունկյանի հետ զրույցում մենք նաեւ մատնանշեցինք բոլորիս հայտնի` տեսուչ-նպաստառու համագործակցությունը, ըստ որի` մարդը լինելով ոչ այնքան անապահով` տեսուչին խոստանում է տրամադրել իրեն հասանելիք 1-2 ամսվա նպաստը, որպեսզի վերջինս իրեն ընդգրկի նպաստառուների ցուցակում: Ռ. Կռունկյանը վրդովված պատասխանեց. «Համամիտ չեմ ձեզ հետ. Դա դարձել է լոզունգի նման մի բան, եւ ճշմարտություն չկա այդ կարծիքի մեջ: Նախկինում զարտուղի ճանապարհով հնարավոր է եղել դառնալ նպաստառու, մարդը կարող էր աշխատել, բայց մեզ չասել: Հիմա մենք ծրագիր ունենք, որի միջոցով անձի աշխատանքի մասին ինֆորմացիան ստանում ենք»: ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունից գրասենյակն էլեկտրոնային բազայով ստանում է մարդու ավտոմեքենա ունենալու մասին տեղեկատվություն, Ոստիկանությունից` ընտանիքում բնակվող անձանց մասին տվյալներ, էլեկտրացանցերից` ընտանիքի սպառած էներգիայի մասին տվյալներ, Պետեկամուտների կոմիտեի կողմից` մաքսային մուծումների մասին տվյալներ, եւ այլն: Ռ. Կռունկյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հնարավոր չէ ավտոմեքենա, անշարժ գույք ունենալ, բայց այն գրանցել այլ անձի անունով. «Այսօր մենք ունենք շատ մեծահարուստներ, որոնց կարողությունն իրենց անունով չէ, եւ որեւէ մեկն այդ մարդուն պատասխանատվության չի ենթարկում: Մենք փաստաթղթերով ենք աշխատում»: Ինչեւէ, գրասենյակի պետը չի ընդունում տարածված այն կարծրատիպը, որ տեսուչների հետ պայմանավորվածության արդյունքում կարելի է ստվերային ճանապարհով ստանալ պետական նպաստ: Ըստ նրա, նման դեպքեր նախկինում եղել են, սակայն տարբեր պետական կառույցներից եկող ինֆորմացիոն հոսքը թույլ չի տալիս կեղծիք կատարել: Ռ. Կռունկյանը դեռեւս չէր հասցրել ավարտել իր խոսքը, երբ առանց դուռը թակելու մի երիտասարդ ներխուժեց իր սենյակ եւ բջջային հեռախոսը փորձեց նրան տալ` ասելով. «Մի հատ լսեք` ինչ ա ասում, թաղապետարանից մարդ ա Ձեզ բան ասում»: Շփոթված տիկին Կռունկյանը երիտասարդին զգուշացրեց, որ լրագրող է նստած, եւ իրավիճակը հարթելու համար նրան սենյակից դուրս ճանապարհեց: Չէ, չէ, մենք հետին մտքեր չունենք…

Շիրակի 2ա, 7-րդ մասնաշենքի բնակիչները մեզ տվյալներ էին տրամադրել, համաձայն որի, աշխատանքով զբաղված երեք անձանցից բաղկացած ընտանիքը, որն ապրում է բարվոք պայմաններում, գրանցված է` որպես նպաստառու: Մենք կոնկրետ մարդկանց տվյալներ եւ հասցեներ փոխանցեցինք, որոնք գրասենյակի պետը խոստացավ առաջիկայում ստուգել. «Մենք «Պարնաս» ծրագրով հետեւում ենք մարդու աշխատանքի, եկամուտի ինֆորմացիային, եւ եթե նա «սեւ» գործ է անում` առանց գրանցման աշխատում է, այդ կարգը, ցավոք, չենք կարող պարզել»: Այլ կերպ ասած` մարդը կարող է առանց գրանցման աշխատել եւ միեւնույն ժամանակ` որպես գործազուրկ հանդես գալ: Նման դեպքում, տեսուչի ստուգայցերի հիմքերի վրա է գործազրկության փաստը հաստատվում. «Տեսուչը գնում է եւ գրանցում է, որ ենթադրենք` այսինչ ժամին այս մարդը տանն էր կամ այսինչ մարդը տանը չէր, որովհետեւ գնացել էր թաղում, խանութ եւ այլն: Կարող է նա աշխատանքի վայրում է, բայց տեսուչն ինչպե՞ս պարզի»: Տեսուչն, անշուշտ, կարող է շատ փաստեր բացահայտել, սակայն դժվար է մեղադրել մարդուն վատ աշխատանքի համար այն պարագայում, երբ պարզվում է, որ վերջինս ստանում է ընդամենը 50.000 դրամ աշխատավարձ: Որքան էլ տարօրինակ է` Շենգավիթ վարչական շրջանի Սոցիալական ծառայության ողջ տարածքը սպասարկում է ընդամենը 13 տեսուչ, որոնք, ինչպես նշեցինք` աշխատում են 50.000 դրամ աշխատավարձով: Այս տեղեկությունը լսելուց հետո դժվար է որեւէ տեսուչից պահանջել աղքատ խավի հայտնաբերում, ճշգրիտ տվյալների բացահայտում եւ, առհասարակ, որեւէ պարտավորության կատարում: Ռ. Կռունկյանը նաեւ տեղեկացրեց, որ գրասենյակի պարտավորությունն է` սոցիալապես անապահով ընտանիքների հայտնաբերումը: Այս հանգամանքը նույնպես մեզ զարմացրեց, որովհետեւ շաբաթվա մեջ գոնե երկու անգամ մենք նման ընտանիք հայտնաբերում եւ ներկայացնում ենք թերթի էջերում: Այդ հրապարակումներին մշտապես արձագանքում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, բայց ոչ երբեք` սոցծառայության գրասենյակները:

Ինչեւէ, տասը տարուց ավելի մեր երկրում գործում է ընտանեկան նպաստ համակարգը, որի անունը, մեխանիզմներն ու կարգերը պարբերաբար փոփոխվում են, բայց փաստը մնում է փաստ. աղքատներն էլ ավելի աղքատանում են, իսկ պետությունը դրան զուգահեռ` կրճատում է նպաստառուների թիվը: Պետական փողերը, միեւնույն է` հասցեատերերին չեն գտնում: