«ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին եւ Բարաք Օբաման հունվարի 30-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել են Ռուսաստանի հետ կապված հարցերը»,- այդ մասին երեկ հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Գեորգի Բոկերիան: «Իհարկե, մանրամասն դիտարկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հնարավոր չէ դրանից խուսափել այն իրավիճակում, որում գտնվում է Վրաստանը, եւ ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրվող օգնության պայմաններում: Դիտարկվել են նաեւ կանխատեսումները եւ նախագահների հարաբերությունները` կապված նրա հետ, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանում»,- ասել է Բոկերիան` նշելով, որ ԱՄՆ-ը օժանդակում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: «Բանակցությունները շատ արդյունավետ են եղել»,- հայտարարել է Բոկերիան` ավելացնելով, որ փետրվարի 1-ին նա հանդիպել է Ամերիկայի ռազմական շրջանակների ներկայացուցիչների հետ, կայանալու է նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդիպել է նաեւ ամերիկյսն Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի հետ ազատ առեւտրի հարցին, հարավօսական եւ աբխազական հակամարտությունների գոտու իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգության հարցերին: Սենատորները եւս մեկ անգամ իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, եւ նշել, որ ողջունում են Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը: Միխայիլ Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին այն բանաձեւի համար, որում Աբխազիան եւ Հարավային Օսիան անվանվել են «գրավված տարածքներ»: Հանդիպմանը մասնակցել են Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին, սենատորներ Ռիչարդ Լուգարը, Բեն Քարդինը, Թոմ Ուդելը եւ Ջեյն Շահինը: Սահակաշվիլին մասնակցել է նաեւ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված` Վրաստանում կատարված բարեփոխումների վերաբերյալ գրքի շնորհանդեսին: «Հասարակական ծառայություններում կոռուպցիայի դեմ պայքարը-Վրաստանի բարեփոխումների ժամանակագրություն» խորագրով գրքի շնորհանդեսի ժամանակ Սահակաշվիլին հույս է հայտնել, որ Ռուսաստանում տեղի կունենան նույնպիսի իրադարձություններ, ինչպիսիք որ տեղի ունեցան Հյուսիսային Աֆրիկայում: Սահակաշվիլին հիշեցրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն խոսքերը, թե Վրաստանը տարածաշրջանի համար դարձել է ժողովրդավարության եւ թափանցիկության մոդել, ինչի արդյունքում մյուս երկրները կասեն, որ եթե Վրաստանը դա կարողացել է անել, ապա իրենք էլ կարող են դա անել: Վրացական կողմը հայտնել է նաեւ, թե ինչպիսի սպառազինություն է ցանկանում ստանալ ԱՄՆ-ից: Պաշտպանության եւ անվտանգության հարցերով Վրաստանի Խորհրդարանական կոմիտեի ղեկավար Գեորգի Թարգամաձեն հայտարարել է, որ Վրաստանին առաջին հերթին անհրաժեշտ են հակաօդային եւ հակատանկային պաշտպանության համակարգեր: Թարգամաձեն այդպես է մեկնաբանել Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Վրաստանի նախագահների միջեւ տեղի ունեցած բանակցությունները, որից հետո Օբաման հայտնել է Վրաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին: Թարգամաձեն ընդգծել է, որ Վրաստանին ամերիկյան օգնության շրջանակը բավական ընդարձակ է, քանի որ խոսքը ոչ միայն սպառազինության, այլեւ ուսուցման եւ այլ ուղղությունների մասին է: