Ռադիոծածկույթի տակ

02/02/2012

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ոչ մի կերպ չի կարողացել երեքշաբթի օրը զանգահարել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին, սակայն երկու երկրների ԱԳՆ փոխնախարարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները: «Քլինթոնին չի հաջողվել կապվել Լավրովի հետ: Սակայն ես կարող եմ ասել, որ ԱՄՆ առաջին փոխքարտուղար Ուիլյամ Բըրնսը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ մի շարք միջազգային եւ երկկողմ խնդիրներ են քննարկել, նրանք նաեւ խոսել են Սիրիայի մասին»,- ասել է Թոները: Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ Քլինթոնը, արդեն մեկ օր է, չի կարողանում զանգահարել Լավրովին` նրա հետ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը քննարկելու համար: Լավրովն իր հերթին նշել է, որ չի կարողացել հեռախոսազրույց ունենալ Քլինթոնի հետ զբաղվածության պատճառով եւ զարմացած է ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկից: Լավրովը հայտնել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կխոսի Քլինթոնի հետ` չնայած, նրա կարծիքով, այդքան մեծ հեռավորության վրա նման կարեւոր խնդիր քննարկելն արդյունավետ չէ: