Երեքը` մեկում

02/02/2012

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկվանից ունի երկու տեղակալ: ՄԻՊ առաջին տեղակալ է նշանակվել Աշոտ Վահանյանը, իսկ տեղակալ` Գենյա Պետրոսյանը: Աշոտ Վահանյանը մինչ նոր նշանակումը զբաղեցրել է օմբուդսմենի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ավելի վաղ աշխատել է որպես իրավական բաժնի պետ` Պաշտպանության նախարարությունում, Կենտրոնական բանկի նախագահի իրավական գծով խորհրդական, Պետաիրավական վարչության պետ` կառավարությունում: Գենյա Պետրոսյանը մինչ օմբուդսմենի տեղակալ նշանակվելը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր: Նա եղել է մարդու իրավունքների առաջին պաշտպանի իրավական հարցերով օգնականը, երկրորդ օմբուդսմենի խորհրդականը: «Պաշտպանի տեղակալների ինստիտուտի նորովի վերաբացումը պայմանավորված է Պաշտպանի եւ իր աշխատակազմի գործունեության ակտիվությամբ եւ դրա հետեւանքով առաջացած աշխատանքների ծավալների կտրուկ ավելացմամբ»,- իր հաղորդագրությունում նշել է օմբուդսմենի աշխատակազմը` հավաստիացնելով, որ այս հաստիքների համար պետբյուջեից ավելացում չի արվել` «փոփոխությունները կատարվել են բացառապես եղած միջոցների արդյունավետ բաշխման միջոցով»: