Ընտրական բարեփոխումները քննադատության են արժանանում

02/02/2012

Վրաստանի խորհրդարանը հաստատել է Ընտրական օրենսդրության բարեփոխումները այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ բարեփոխումներն անտեսում են միջազգային հանրության կարեւոր հանձնարարականները, որոնք կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար: Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կոչ էին անում Վրաստանին Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնել` քաղաքական դաշտը կարգավորելու նպատակով, իսկ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անցյալ նոյեմբերին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 2012-13թթ. ընտրությունները Վրաստանի ժողովրդավարական զարգացման «գլխավոր չափորոշիչը» կլինեն: Բարեփոխումների քննադատները պնդում են, որ դրանց մի մասը պարզապես ձեւականորեն են համապատասխանում ընդդիմության եւ Արեւմուտքի պահանջներին, մինչդեռ դրանց մյուս մասը հիմնականում մշակվել է վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի` գործող իշխանություններին դեմ հանդես գալու նկրտումները չեզոքացնելու նպատակով: 46 փոփոխություններից հետո, Վրաստանի Խորհրդարանը, վերջապես, հաստատեց նոր ընտրական օրենսդրությունը վերջին` երրորդ ընթերցմամբ, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին,եւ որին մասնակցող 113 պատգամավորներից 111-ը օրենսդրության ընդունմանը կողմ քվեարկեցին: «Օրենսգիրքն ընդունված է: Այժմ միայն մի փոքր քայլ է մնում` անցկացնել ընտրությունները»,- հայտարարեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն քվեարկությունից հետո:

Հունվարի 5-ին օրենքը ստորագրելով` նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշեց, որ նոր օրենսդրությունն ընտրական գործընթացն ավելի օրինական կդարձնի. «Ընտրությունները պետք է մաքուր լինեն»:

Ընդդիմության ներկայացուցիչները, այնուամենայնիվ, հույս ունեին, որ նոր օրենքների շնորհիվ ընտրական շրջանների նշանակալի մասում մեծամասնական ընտրակարգը կփոխարինվի համամասնական ընտրակարգով: Նրանց կարծիքով` հին ընտրակարգը գործում է Սահակաշվիլու ղեկավարած իշխանական կուսակցության` «Միացյալ ազգային շարժման» օգտին, մինչդեռ ընտրակարգի փոփոխությունը թույլ կտար ընդդիմադիր կուսակցություններին հասարակությունից ստացած աջակցության իրական մակարդակին համապատասխան դիրքեր զբաղեցնել: Նախքան օրենսդրական բարեփոխումները, Վրաստանի խորհրդարանի 75 անդամներն ընտրվում էին` համամասնական, իսկ մնացածը` մեծամասնական ընտրակարգով: Նոր օրենքով` այս հարաբերակցությունը կհավասարվի 77:73-ի, սակայն օրենքի հակառակորդները պնդում են, որ այս փոփոխությունն այնքան չնչին է, որ մեծ տարբերություն այս դեպքում չի զգացվի: Բացի այդ, այս օրենքը չի լուծում մեծամասնական ընտրակարգով գործող ընտրաշրջաններում գրանցված բնակչության քանակի միջեւ հսկայական տարբերությունների խնդիրը: Մեկ ընտրաշրջանում կարող են գրանցված լինել նվազագույնը` 6000, իսկ առավելագույնը` 140.000-ից ավելի ընտրողներ: Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, որը զբաղվում է սահմանադրական իրավունքի խնդիրներով, դեկտեմբերին կոչ էր արել լուծել այս խնդիրը` նշելով, որ «մոտավորապես նույն քանակի բնակչությամբ ընտրաշրջանների» ստեղծման ձախողումը անհնարին կդարձնի «հավասար քվեարկության ապահովումը»:

Նոր ընտրական օրենսդրության մեջ իրականում ներառված են Վենետիկի հանձնաժողովի մի շարք հանձնարարականներ: Այսուհետ 5 տարուց պակաս ժամկետով ազատազրկման դատապարտվածները քվեարկության իրավունք կստանան, իսկ ընտրատեղամասերում ներկա գտնվող լիազորված անձանց կթույլատրվի նկարահանել, բացառությամբ` ընտրական խցիկի ներսը: Օրենքը նաեւ արգելում է պետական պաշտոնյաներին ընտրական քարոզարշավով զբաղվել իրենց աշխատանքի ընթացքում, չնայած օրենքն անտեսում է հանձնաժողովի այն առաջարկը, որի համաձայն` տարածաշրջանային իշխանությունների բոլոր ղեկավարներին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է արգելել ընտրական քարոզչություն իրականացնել: «Transparency International»-ի վրաստանյան գրասենյակի հավաստմամբ` նոր օրենսդրության որոշ դրույթներ հետադարձ ուժ ունեն, հետեւաբար, հակասահմանադրական են, եւ այս խնդրի առնչությամբ իր անհանգստությունն է հայտնել նաեւ ԱՄՆ-ի դեսպանատունը: «Մենք ափսոսում ենք, որ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել նոր օրենսգրքի այն մասերի առնչությամբ, որոնք վերաբերում են ընտրական համակարգում առկա անհավասարության հարատեւ զգացումը վերացնելու խնդրին: Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ ընտրական քարոզարշավի ֆինանսավորման վերաբերյալ որոշ դրույթների հետադարձ ուժի շնորհիվ` քաղաքական մրցակցության ոլորտում գոյություն ունեցող անհավասարությունն ավելի կամրապնդվի»,- նշվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Օրենսդրության նոր դրույթներից մեկի համաձայն` քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը բիզնեսի կողմից այսուհետեւ սահմանափակվելու է. կարծիքներ են հնչում, որ այս նորմը մշակվել է հատկապես այն նպատակով, որպեսզի օլիգարխ Իվանիշվիլիի քաղաքական դիրքերը չամրապնդվեն: Իշխանությունները զրկեցին Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից, երբ վերջինս հայտարարեց անցյալ տարվա հոկտեմբերին, որ պատրաստվում է քաղաքական կուսակցություն հիմնել: 2011 թվականի վերջին Իվանիշվիլին 2,6 միլիոն դոլարի նվիրատվություն կատարեց 4 ընդդիմադիր կուսակցություններին: Նախկինում մասնավոր դրամական նվիրատվությունները, որպես կանոն, բաժին էին հասնում Սահակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժմանը»: 2010թ. տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախորդող քարոզարշավի ժամանակ իշխող կուսակցությունը ծախսել էր շուրջ 14 միլիոն լարի` մոտավորապես 8,3 միլիոն դոլար (ներկայիս փոխարժեքով), մինչդեռ 4 ընդդիմադիր կուսակցությունները միասին ընդամենը շուրջ 2 միլիոն լարի էին ծախսել:

Նոր օրենսդրության համաձայն` անհատներին չի թույլատրվում տարեկան կտրվածքով 3600 դոլարը գերազանցող գումարի չափով քաղաքական նվիրատվություններ անել, իսկ անդամակցության վճարը սահմանափակվում է 600 դոլարով: Եթե կուսակցությունը ստանում է քվեարկողների ձայների 5 տոկոսից ավելին, ապա կարող է մոտավորապես 600.000 դոլարի չափով պետական ֆինանսավորում ստանալ: Սա կարող է բավական մեծ գումար թվալ, սակայն ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Վախթանգ Խմալաձեի խոսքերով, այն չափազանց քիչ է այն միջոցների համեմատ, որոնք կուսակցությունները կարող են հավաքել մասնավոր կարգով: Մեկ այլ` առանձին օրենքով խստացվում է «քաղաքական նպատակներով» կաշառակերության համար սահմանված պատիժը: Այս հանցատեսակը ներկայում պատժվում է ծանր տուգանքներով կամ երեք տարի ժամկետով ազատազրկմամբ: Այն ընկերությունները, որոնց մոտ նմանատիպ խախտումներ կհայտնաբերվեն, կարող են հայտնվել լուծարման եզրին: Խմալաձեն համոզված է, որ մասնավոր աղբյուրներից ստացած ֆինանսավորման կրճատումը կարող է խարխլել ժողովրդավարության դիրքերը: «Եթե կրճատվում են նվիրատվությունների չափերը, ապա կուսակցության`պատշաճ ընտրարշավ կազմակերպելու հնարավորությունները եւս նվազում են: Այս օրենսդրական փոփոխություններն ավելի վատ ազդեցություն են ունենում ընտրական մթնոլորտի վրա` այն բարելավելու փոխարեն»,- ասում է Խմալաձեն:

Սոֆո ԲՈՒԿԻԱ, Մայա ՑԻԿԼԱՈՒՐԻ
Կովկասյան լրատու # 625