Ֆրանսիան չպետք է Թուրքիային թույլ տա միջամտել իր ներքին գործերին

02/02/2012

Գրեթե մեկ դար Թուրքիայի ղեկավարները փորձել են թաքցնել Հայոց ցեղասպանության հրեշավոր հանցանքը` քողարկելով այն, ինչ իրականում կատարվել էր Սիրիական անապատի մահվան դաշտերում Օսմանյան կայսրության օրոք։ Թուրքիայի հզոր պետությունն իր զգալի ֆինանսական եւ դիվանագիտական ռեսուրսներն ուղղել էր ցեղասպանության ժխտման այդ ստոր գործին: Թուրքիայի ղեկավարները կարծես թե չեն գիտակցում, որ ժխտելով ու ստելով, ինչպես նաեւ` իրենց անմեղության մասին սին հայտարարություններ անելով, իրականում օգնում են տարածել իրենց անարգ արարքը թերահավատ համաշխարհային լսարանի առջեւ: Ավելին, թեեւ այսօրվա թուրք պաշտոնատարները 1915թ. ցեղասպանություն իրագործողները չեն, այնուամենայնիվ, նրանք հիմարաբար իրենց կապում են իրենց հանցագործ նախնիների հետ եւ, դրա մասին ստելով եւ ապացույցները թաքցնելով, դառնում են հանցագործության մեղսակիցներ:

Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թուրքիայի ղեկավարությունն էլ ավելի է խրվում իր սարքած ճահճի մեջ: Եկեք ավելի մոտիկից դիտարկենք Թուրքիայի ստոր վարքագիծը Ֆրանսիայի կառավարության կողմից որոշումներ կայացնելու գործընթացում: Ավելի քան 10 տարի առաջ, երբ Ֆրանսիայի օրենսդիր մարմինն ընդունում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, Թուրքիայի կառավարությունը, հակառակ իրեն բնորոշ բոլոր հնարքներին, չհաջողեց խանգարել այդ գործընթացը: Խորհրդարանի ու Սենատի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո նախագահ Ժակ Շիրակը եւ վարչապետ Լիոնել Ժոսպենը 2001թ. հունվարի 29-ին ստորագրեցին հետեւյալ օրենքը` «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915թ. իրագործված Հայոց ցեղասպանությունը»:

Թեեւ 2001թ. օրենքի մեջ ոչ մի նշում չկար Թուրքիային կամ Օսմանյան կայսրությանը ճանաչել որպես Ցեղասպանության հանցագործ, Թուրք պաշտոնատարներն իրենց անմեղության մասին ուռճացված հայտարարություններ կատարելով` բացահայտեցին իրենց «գող` սիրտը դող» մտայնությունը` այդպիսով ներկայանալով որպես մեղսագործ հրեշավոր հանցագործությունում: Թուրք պետությունը կրկին քիթը խոթեց Ֆրանսիայի ներքին գործերի մեջ 2006 թվականին, երբ Փարիզում օրենսդիրները փորձեցին նախատեսել պատիժ 2001 թվականին ընդունված օրենքը խախտողների համար` կիրառելով նույն պատիժը, որը գործում է Հոլոքոստը մերժողների դեպքում: Ցավոք, Ֆրանսիայի կառավարությունը տեղի տվեց թուրքական սպառնալիքներին եւ հիստերիային եւ կանխարգելեց այդ օրինագիծը, մինչեւ Սենատը, ի վերջո, հաստատեց այն 2012թ. հունվարի 23-ին: Այժմ ֆրանսիական հասարակությունը կանգնած է մի օտար պետության կողմից իրենց ներքին գործերին միջամտելու մեկ նոր ակներեւ փորձի առաջ: Թուրքիայի Առեւտրի պալատների եւ ապրանքային բորսաների միությունն անցած շաբաթ վարձեց մի ֆրանսիական լոբբիստական ընկերություն, որը ճնշում գործադրեց օրենսդիրների վրա, որպեսզի վերջիններս վիճարկեին ֆրանսիական օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների (Հոլոքոստը եւ Հայոց ցեղասպանությունը) ժխտումն արգելող օրենքը: Հետաքրքիր է, թուրքերը մի կողմից` սպառնում են բոյկոտել ֆրանսիական ընկերությունները, իսկ մյուս կողմից` նրանց փող են տալիս:

Նախագահ Սարկոզին 15 օր ուներ` սկսած հունվարի 23-ից, որպեսզի հաստատի նոր օրենքը, եթե Ֆրանսիայի խորհրդարանի եւ Սենատի 60 կամ ավելի անդամներ դեմ չկանգնեին` դիմելով Սահմանադրական դատարան` օրենքի սահմանադրականության մասին որոշում կայացնելու հայցով: Թուրքիայի դեսպանը, խախտելով օտարերկրյա դիվանագետի` Ֆրանսիայի ներքին հարցերին չխառնվելու լիազորությունը, ճնշում գործադրելով եւ «վարձատրություններ» բաշխելով` զբաղվեց անհրաժեշտ 60 ստորագրությունները ապահովելու գործով: Թուրքիայի կառավարությունը կարող է լուրջ սխալ թույլ տալ` ենթադրելով, որ դատարանն անպայմանորեն կճանաչի նոր օրենքը հակասահմանադրական: Թուրք պաշտոնատարները կարող են վնաս հասցնել իրենց սեփական շահերին, եթե դատարանը ճանաչի օրենքը սահմանադրական` այդպիսով կանխարգելելով հետագա իրավական վիճարկումները թուրք ժխտողների կողմից, ովքեր կձերբակալվեն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, հենց որ օրենքն ուժի մեջ մտնի:

Վերջին օրերին Թուրքիայի ղեկավարները չափազանց զավեշտալի հայտարարություններ արեցին նոր օրենքի վերաբերյալ: Վարչապետ Էրդողանը մեղադրեց Ֆրանսիային «ֆաշիզմի հետքերով գնալու» մեջ: Ինչպե՞ս մի պետության ղեկավար, որը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է, կարող է համարձակվել մեղադրել Ֆրանսիային ֆաշիզմի մեջ: Նախագահ Գյուլը միացավ այդ ամբաստանություններին` մեղադրելով Ֆրանսիային «խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ»: Արդյո՞ք Թուրքիայի նախագահը երբեւէ այցելել է իր երկրի բանտերը, որտեղ տասնյակ լրագրողներ ամիսներ շարունակ պահվում են առանց դատավարության, պարզապես կառավարությանը քննադատող որեւէ հասարակ հոդված գրելու համար: Արդյո՞ք նա կարդացել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը` Թրքությունը վիրավորելու վերաբերյալ, որն արգելում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որեւէ հրապարակային հայտարարություն: Արտաքին գործերի նախարար Դավութօղլուն կարող է իրավացի լինել, երբ բողոքում է, որ ֆրանսիական օրենքը փորձում է «նացիստացնել Թուրքիան», սակայն, դա արվում ոչ թե` Ֆրանսիայի, այլ իր սեփական կառավարության կողմից, որը շարունակում է իրեն մասնակից դարձնել փլուզված Օսմանյան կայսրության հանցագործություններին: Այնուամենայնիվ ամենածիծաղելի հայտարարությունն արել է Թուրքիայի Եվրոպական Միության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը Շվեյցարիա կատարած իր վերջին այցի ժամանակ: Նա հորդորել է Շվեյցարիայի իշխանություններին` ձերբակալել իրեն, քանի որ Շվեյցարիան, ինչպես եւ Ֆրանսիան, ունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Նախարար Բաղըշը, դժբախտաբար, չի կարող ձերբակալվել կամ դատական կարգով հետապնդվել` իր դիվանագիտական անձեռնմխելիության շնորհիվ: Այնուամենայնիվ, նա պետք է արտաքսվեր Շվեյցարիայից` որպես անցանկալի (persona non granta) անձ:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանեց՝ Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ