Ջութակը գտնվել է

02/02/2012

Henry Aldridge & Son of Devizes աճուրդում հայտնվել է լեգենդար ջութակը, որը, ենթադրվում է, որ պատկանել է «Տիտանիկ» նավի նվագախմբի ղեկավար Ուոլես Հարթլիին: Ենթադրվում է, որ հենց այդ ջութակն է եղել երաժշտի ձեռքին, երբ նա իր յոթ ընկերների հետ վերջին անգամ նվագել է 1912թ. ապրիլի 15-ին վթարի ենթարկված նավի սրահներից մեկում: News.am-ի փոխանցմամբ` ջութակի ներկայիս սեփականատերն ասում է, որ Հարթլիի մահից հետո ջութակը հայտնվել է նրա հարսնացուի` Մարիա Ռոբերթսոնի մոտ: Գործիքի վրա գրություն կա` «Ուոլեսին` մեր նշանադրության կապակցությամբ: Մարիա»: Հենց դրանով կարելի է բացատրել այն, որ Հարթլին այնքան էր սիրում ջութակը, որ կապել էր իրեն: Այդ ժամանակ թերթերը գրել էին, որ երբ 33-ամյա Հարթլիի մարմինը հանեցին ջրից, ջութակն ամուր կապված էր նրա կրծքին: Գտնված գործիքը պետք է ուղարկվեր Անգլիա` նրա հարազատներին, սակայն հետագայում ջութակի հետքերը կորել են: Գործիքի իսկությունը ստուգելու փորձի համար աճուրդի ներկայացուցիչներն արդեն ծախսել են հազարավոր դոլարներ, սակայն այն` որպես Հարթլիի իսկական գործիք, դեռ չեն շտապում հրապարակել: Գիտնականները որոշել են խորացված վերլուծություն կատարել` հաստատ պարզելու համար, թե իրականում ում է պատկանում ջութակը, եւ արդյո՞ք այն է մնացել ջրի տակ 100 տարի առաջ: Գործիքը վաճառելու մտադրության մասին սեփականատերը դեռեւս չի հայտարարել: Ամենայն հավանականությամբ, ջութակը կդառնա ցուցահանդեսի նմուշը: «Տիտանիկի» աղետի հարյուրամյակին` 2012 թվականին, բրիտանական նավահանգստային Սաութհեմփթոն քաղաքում նախատեսվում է այդ լեգենդար ուղեւորատար զբոսանավին նվիրված թանգարանի բացումը: Հավելենք, որ «Տիտանիկի» հետ պատահած ողբերգությունից 100 տարի անց Իտալիայի ափերին նավաբեկության ենթարկված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավում է եղել 28-ամյա ջութակահար Շանդոր Ֆեհերը` Հունգարիայից: Ըստ ականատեսների` երաժիշտը խեղդվել է ջութակը փրկելիս: Այս մասին գրում է NEWSru.com-ը: