Ջակոմո Լեոպարդի «Գովք թռչնոց»

02/02/2012 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Մի անգամ, գարնանային մի առավոտ Ամելիոսը, մենավոր փիլիսոփան, նստած էր գրքերով իր քաղաքամերձ տան ստվերում եւ ընթերցում էր, բայց հանկարծ, ողջ շրջակայքով մեկ երգող թռչունների ձայներով տարված, ցնցվեց, հետո նրանցով հափշտակված խորհրդածությունների մեջ ընկավ, գրքերը մի կողմ դրեց, եւ, վերջապես, գրիչը ձեռքը վերցրեց եւ իսկույնեւեթ տեղում գրեց հետեւյալը. Իրենց բնույթով ամենայն էակներից ամենաբերկրալիներն աշխարհում` թռչուններն են: Ես չեմ խոսում այն մասին, որ ամեն անգամ, երբ տեսնում ու լսում ես նրանց, նրանք զվարթացնում են քո հոգին, ես նկատի ունեմ հենց իրենց եւ բերկրանքի եւ հաճույքի այն զգացողությունը, որը ներհատուկ է նրանց առավել, քան մնացյալ բոլոր կենդանի էակներին: Աչք է զարնում, որ մնացյալ կենդանիները լուրջ են ու ծանրաբարո, եւ շատերը նույնիսկ տրտում են թվում, լոկ երբեմն նրանք բերկրանքի նշաններ են ցուցաբերում, դե, իսկ դրանք էլ թույլ են ու արագ անհետում են, իսկ մեծ մասամբ, բավականություն ստանալով եւ ախորժանք ապրելով, մոլեգին չեն հրճվում եւ ոչ մի կերպ չեն ցուցաբերում իրենց ուրախությունը: Եթե նրանց հաճելի էլ են կանաչ մարգագետինները, լայնարձակ եւ հիասքանչ տեսարանները, շողշողուն արեւոտ օրերը, վճիտ եւ քաղցրավետ օդը, նրանք սովորաբար ոչ մի կերպ դա ցույց չեն տալիս, ի բացառյալ, երեւի թե, նապաստակների, որոնց մասին ասում են, որ լուսընկա գիշերները, հատկապես լիալուսնի ժամանակ, նրանք, ըստ Քսենոֆոնի` ամենքը միասին թռչկոտում ու խաղում են:

Իսկ թռչունները, թե իրենց շարժումներով եւ թե տեսքով ցուցաբերում են մեծ բերկրանքը, հենց մեզ ուրախացնելու նրանց հատկությունն այլ բանից չէ, քան նրանց կերպարանքից ու շարժուձեւից, որոնցում բնականապես դրսեւորվում է առ գոհությունն ու զվարճանքը նրանց ունակությունն ու հակումը, եւ այդ երեւութականությունը չպետք է մեզ դատարկ ու խաբուսիկ թվա: Ամենայն գոհունակություն, ամենայն հաճույք նրանց ստիպում է երգել, եւ որքան շատ է գոհունակությունն ու հաճույքը, այնքան ավելի եռանդուն ու ջանադիր են նրանք երգում: Այդպես համարյա թե ողջ ժամանակ նրանք երգում են, ինչից կարելի է եզրակացնել, որ սովորաբար նրանք գոհ են եւ լավ տրամադրության մեջ են կենում: Եվ եթե նկատվել է, որ սիրո ժամին նրանք երգում են եւ ավելի լավ, եւ ավելի հաճախ, եւ ավելի երկար, քան որեւէ այլ պահի, ապա այդուհանդերձ հարկ չկա մտածելու, թե նրանց առ երգը չեն դրդում, սիրայինից զատ, այլ բերկրանքներն ու հաճույքները: Չէ՞ որ կարելի է ակնհայտորեն տեսնել, որ պարզկա, անդորրավետ օրերին նրանք ավելի շատ են երգում, քան միգամած ու թխպոտ օրերին, ամպրոպի ժամանակ լռում են, ինչպես եւ ամենայն ահ ապրելիս, իսկ երբ ամպրոպն անցնում է, դարձյալ վեր են թռչում, դայլայլելով եւ միմյանց հետ խաղալով: Նույն կերպ կարելի է տեսնել, որ նրանք սովորաբար երգում են առավոտյան, արթնանալիս, եւ նրանց մասամբ ստիպում է երգել նոր օրը դիմավորելու բերկրանքը, մասամբ, բոլոր կենդանի էակների համար ընդհանրական, քնից հանգստացած եւ թարմացած լինելու հաճույքը: Նրանց չափազանց ուրախացնում են նաեւ ճոխ կանաչը, պտղաբեր հեռաստանները, փայլփլուն ջրերը, գեղեցիկ վայրերը: Այդ ամենից կարելի է նկատել, որ մեզ համար բերկրալին ու հիասքանչն` այդպիսին է թվում եւ թռչուններին, նույնը կարելի է հասկանալ եւ այն խայծերը, որոնցով նրանց գրավում են առ ծուղակներն ու ցանցերը, թռչնորսական կտուցատեղերն ու թակարդները: Եվ նույնը կարելի է հասկանալ, նայելով քաղաքից դուրս գտնվող այն վայրերին, ուր սովորաբար ամենից շատ են թռչուններ լինում, եւ ուր նրանք երգում են անխոնջ եւ առանձնահատուկ խանդավառությամբ: Եվ միաժամանակ` այլ կենդանիներից, ի բացառյալ ձեռնասունների եւ մարդկանց հետ ապրելուն ընտելների, եւ ոչ մեկը, կամ շատ քչերն են դատում այնպես, ինչպես մենք, զանազան վայրերի հաճելիության եւ գրավչության մասին: Եվ այստեղ զարմանալու ոչինչ չկա, որովհետեւ նրանց բավականություն է պատճառում լոկ ամենայն բնականը, այնինչ, բոլոր այն բաները, որ մեր տեսակետից հաճելի են հորջորջվում, ոչ միայն բնական չեն, այլ նաեւ` հակաբնական, օրինակ, հերկած դաշտերը, կամ մարդկանց ճիշտ կարգով տնկած ու աճեցրած ծառերն ու այլ բույսերը, կամ, նեղացված եւ սահմանված վայրում եւ նշված ուղղությամբ եւ հունով տեղակայված գետերը, եւ այդ տիպի շատ այլ բաներ, միանգամայն այլ տեսք կունենային, եթե բնական վիճակում մնային: Այդ պատճառով յուրաքանչյուր տեղանքի պատկերը, քաղաքակիրթ մարդկանց ցանկացած խմբակցությամբ բնակեցված, մանավանդ քաղաքներինն ու այլ բնակավայրերինը, ուր մարդիկ ստիպված են միատեղ ապրելու, անբնական է, քանզի այն միանգամայն փոխել է իր բնական տեսքը: Ոմանք ասում են (եւ այստեղ տեղին կլինի այդ մասին հիշատակելը), որ թռչունների ձայնն ավելի գեղեցիկ ու քաղցր է, իսկ երգն ավելի ներդաշնակ է մեր կողմերում, քան այն վայրերում, ուր մարդիկ վայրենի ու կոպիտ են, եւ դրանից եզրակացնում են, որ թռչունները, նույնիսկ ազատության մեջ, փոխառում են լուսավորության որոշակի մասն այն մարդկանցից, ում կացարաններին ընտելանում են:

Ճիշտ են ասում այդ մասին, թե ոչ, սակայն անկասկած է, որ բնությունը մեծ հեռատեսություն է ցուցաբերել, ընծայելով կենդանի էակների միեւնույն տեսակին երգելու եւ թռչելու ընդունակություն, դրա շնորհիվ էակները, որ նախատեսված են իրենց ձայնով ամենքին ախորժանք պարգեւելու, կարող են համարյա միշտ գտնվել օդում, ուրկից նրանց ձայնը տարածվում է շրջակայքում, հեռավոր տարածություններով մեկ, եւ հասնում է բազմաքանակ ունկնդիրներին: Շնորհիվ դրա` եւ օդը, տարերքը, որ տրամադրվել է ձայներին, ստացել է ձայնարկու եւ երաժշտությանը հաղորդակից բնակիչներ: Հիրավի թռչնոց երգը լսելը մեծ մխիթարանք եւ հաճույք է ոչ միայն մարդկանց, այլ նաեւ, ինչպես ինձ է թվում, այլ կենդանիների համար: Եվ ես կարծում եմ, որ դրա գլխավոր պատճառը ոչ թե հենց ձայների քաղցրությունն է, թեպետ եւ դա կա նրանցում, ոչ թե նրանց բազմազանությունն ու վայելչակազմությունն է, այլ դրանցում արտահայտված բերկրանքը, որ բնության մեջ ներհատուկ է ամենայն երգի, եւ հատկապես թռչնոց երգին: Քանզի այն, այսպես ասած, ծիծաղն է, որով թռչունը գեղգեղում է, երբ լավ է ու բերկրալի:

Այդ պատճառով ինչ-որ առումով կարելի է ասել, որ թռչուններն էլ հաղորդակից են մարդկանց արտոնությունը կազմող ծիծաղին, քանզի մյուս կենդանիներն այդ ունակությունից զուրկ են, ինչի պատճառով ոմանք նույնիսկ մտածում էին, որ մարդը, ում բնութագրում են որպես մտածող կամ բանական կենդանի, լիովին բավական կլինի բնութագրել որպես ծիծաղող կենդանի, քանզի նրանց տեսակետից` ծիծաղը մարդու նույնքան առանձնահատուկ հատկությունն է, որքան`բանականությունը: Բավական զարմանալի է, որ մարդը, ամենախղճուկ, ամենատառապյալ արարածն ամենքից, օժտված է ծիծաղելու ունակությամբ, ինչից որ զուրկ են այլ կենդանիները: Զարմանալի է նաեւ այն, թե ինչպես ենք մենք կիրառում մեր այդ ունակությունը, չէ՞ որ կարելի է մարդուն տեսնել մեծագույն դժբախտության մեջ, կամ հոգով տրտմության մեջ խորասուզված, կամ համարյա կյանքի հանդեպ սերը կորցրած եւ մարդկային բարիքների ունայնության մեջ համոզված, անընդունակ ուրախանալու եւ ամենայն հույսից զուրկ, ով, այդուհանդերձ, ծիծաղում է: Ավելին, որքան լավ են հասկանում որոշ մարդիկ, թե որքան ունայն են նշված բարիքները, եւ դժբախտ է կյանքը, որքան սակավ են նրանց հույսերն ու բերկրելու առիթները, այնքան նրանցում ուժգնանում է ծիծաղելու հակումը: Ընդհանրապես, ծիծաղի բնույթը եւ նրա խորագույն պատճառները եւ տեսակներն այն չափով, որչափ այդ ամենը կապված է մարդկային հոգու հետ, դժվար կլիներ բացատրել եւ բնութագրել, եթե միայն ծիծաղը չկոչենք կարճատեւ խելագարություն կամ թե մթագնում եւ բանդագուշանք: Քանի որ մարդկանց մոտ, որոնք ոչնչից ախորժանք չեն ապրել եւ որոնք ոչնչից ճշմարիտ հաճույք չեն ստացել, ծիծաղի համար չեն կարող լինել բանական եւ օրինական պատճառներ: Հետաքրքիր կլիներ նաեւ հասու լինել, թե ինչու եւ որ իրավիճակներում մարդն առաջին անգամ կիրարկեց իր այդ ունակությունը եւ իմացավ դրա մասին: Չէ՞ որ կասկած չկա այն բանում, որ նախնադարյան եւ վայրի վիճակում նա, մյուս կենդանիների նման, մեծ մասամբ լուրջ էր եւ նույնիսկ` արտաքնապես տխուր: Այդ պատճառով ես այն կարծիքին եմ, որ ծիծաղը ոչ միայն հայտնվել է աշխարհում լացից ավելի ուշ, դրա դեմ ոչինչ չեք կարող առարկել, այլ` որ այն սոսկ դժվարությամբ եւ ոչ քիչ ժամանակ անց, առաջին անգամ նկատեցին եւ փորձարկեցին: Եվ ողջ այդ ժամանակ մայրը չէր ժպտում մանկանը, եւ նա էլ չէր ժպտում, ճանաչելով նրան, ինչպես ասում է Վերգիլիոսը: Փոխարենն` այժմ, համենայն դեպս` այնտեղ, ուր մարդիկ ստիպված են ապրելու քաղաքակիրթ կյանքով, ծնվելուց քիչ անց նրանք սկսում են ծիծաղել, եւ մեծ մասամբ դա անում են ուրիշի օրինակին հետեւելով, տեսնելով, թե ինչպես են ծիծաղում մյուսները: Նաեւ ես հակված եմ կարծելու, որ առաջին իրադրությունը, որում մարդիկ ծիծաղել են, եւ դրա առաջին պատճառը եղել է արբեցումը` մարդու այլ տարբերակիչ հատկությունը: Դրա ծագումն ավելի հին է, դեռեւս այն ժամանակից, երբ մարդիկ գոնե ինչ-որ չափով լուսավորվեցին, չէ՞ որ մենք չգիտենք մի այնպիսի վայրի ժողովրդի, որ ինչ-որ ըմպելիք կամ հարբելու այլ միջոց չի հորինել եւ ագահությամբ դրանից չի օգտվել: Դրա վրա զարմանալու պատճառ չկա, հարկ է միայն հիշել, որ մարդը բոլոր մնացած կենդանի էակներից ամենադժբախտն է եւ այդ պատճառով բոլոր նրանցից առավել ուրախ է ուղեղի ամենայն մթագնության եւ ինքն իրեն մոռանալու ամենայն հնարավորության համար, եւ կենաց, այսպես ասած, ամենայն ընդհատման համար, այդ պատճառով նրա համար մեծ բարօրություն է, եթե նա մի կարճ ընթացք դադարում է զգալ ու գիտակցել սեփական դժբախտությունները, եւ կամ թե դրանք այնքան ուժգին չի զգում: Ինչ վերաբերում է ծիծաղին, ապա վայրենիները, այլ ժամանակ արտաքնապես ծանրաբարո ու տրտում, պռնկեպռունկ հարբելով, քրքջում են, ինչպես դա բազմիցս տեսել են, եւ հակառակ իրենց սովորույթի` դուրս են տալիս ու երգում: Սակայն այդ ամենի մասին ավելի ընդարձակ ես կպատմեմ ծիծաղի պատմության մեջ, որը մտադիր եմ կազմել, եւ դրանում, հետազոտելով դրա ծնունդը, այդ ժամանակից ի վեր կանեմ իմ պատմությունը նրա գործերի մասին, նրա դժբախտությունների եւ ճակատագրի մասին, ընդհուպ` մինչեւ մեր օրերը, երբ այն գերագույն հարգանքի է արժանացել, քանզի լուսավորյալ մարդու մեջ անպիսի տեղ է գրավել եւ այնպիսի փառքի է արժանացել, որ իր վրա է վերցրել առաքինության, արդարության, պատվի նախկին պարտավորությունները, սանձահարելով մարդկանց եւ ետ պահելով չարագործություններից: Իսկ այժմ, թռչնոց երգի մասին զրույցն ավարտելու համար, ես կասեմ. քանի որ ուրիշի զվարճանքը, երբ մենք այն տեսնում ենք ու ճանաչում, բայց չենք նախանձում, սովորաբար մեզ կազդուրում եւ ուրախացնում է, ապա եւ բավական գովասանքի արժանի է բնության հոգածությունը, որ այնպես է արել, որ թռչնոց երգը` բերկրանքի արտահայտություն է, այդ արտասովոր ծիծաղը` ընդհանրական է, իսկ մարդու ծիծաղն ու երգը, այլ մարդկանց ուղղված հարգանքից ելնելով` ծածուկ է, եւ հետո բնությունը շատ իմաստուն է վարվել, ծավալելով երկրի վրա եւ օդում կենդանի էակներին, որոնց բերկրալի ձայները, զրնգուն եւ հանդիսավոր, հնչում են ողջ օրը, ասես ծափահարելով համաշխարհային կյանքին եւ դրդելով այլ արարածներին ուրախանալու անդադար վկայության համար, թող եւ փուչ, ամենուր տիրող երջանկության համար:

Թռչունները կան եւ թվում են ամենազվարթը կենդանիներից, իհարկե, ոչ առանց դրա համար ծանրակշիռ պատճառի: Բանն այն է, որ նրանք, ինչպես ես սկզբում ակնարկեցի, իրենց բնույթով ավելի լավ են հարմարված հաճույքի եւ երջանկության համար: Առաջին հերթին, թվում է, թե նրանք ձանձրույթի ենթակա չեն: Ժամանակ առ ժամանակ նրանք փոխում են տեղը, թռչում են` որքան հնարավոր է հեռու, հեռավոր մի վայրից այլ տեղ, կամ օդի նրբին սահմաններից դեպ նրա ամենաբարձունքները, եւ այդ ամենը շատ կարճ ժամանակահատվածում, զարմանալի թեթեւությամբ, այնպես որ, իրենց կյանքի ընթացքում նրանք հասցնում են տեսնել ու ապրել անթիվ-անհամար տարակերպ բաներ: Նրանք անդադար վարժեցնում են իրենց մարմինը, եւ նրանց արտաքին կյանքը չափազանց հարուստ է: Բոլոր մնացած էակները, հոգալով իրենց կարիքները, գերադասում են հանգիստն ու պարապությունը, նրանցից եւ ոչ մեկը, բացի ձկներից ու որոշ թռչող միջատներից, միայն հաճույքի համար երկար տեղից տեղ չեն շարժվում: Այդպես վայրենիները եթե հոգ չեն տանում առօրյա կարիքների մասին, որոնք մեծ ու երկարատեւ աշխատանք չեն պահանջում, եւ եթե նրանց ամպրոպը կամ վայրի գազանը, կամ նմանատիպ այլ մի բան չի քշում, սովորաբար քայլ անգամ չեն անի, գերադասելով պարապությունն ու ծուլությունը, համարյա օրնիբուն նստում են լուռ ու անբան, մի կերպ սարքած հյուղակի ծածկի ներքո, կամ բաց երկնքի տակ, կամ լեռների ու կիրճերի ճողվածքներում եւ քարայրներում: Իսկ թռչուններն, ընդհակառակը, մի տեղում շատ քիչ են մնում, առանց որեւէ կարիքի թռչում ու վերադառնում են, սավառնում են հաճույքի համար եւ երբեմն, զբոսանքի դուրս գալով հարյուր մղոններով հեռու այդ վայրերից, որտեղ նրանք անցկացնում են իրենց կյանքը, հենց նույն օրը երեկոյան վերադառնում են: Նույնիսկ այն կարժ ժամանակաընթացքը, որ նրանք անցկացնում են նույն տեղում, դու չես տեսնի, որ նրանք անշարժ նստեն, մեկ էլ տեսար` այս ու այն կողմ են դառնում, պտտվում են, բացում եւ փակում են թեւերը, թափահարում են իրենց, այս ու այն կողմ են շարժվում, եւ այդ ամենն` անպատմելի ճարպկությամբ, թեթեւությամբ ու արագությամբ: Մի խոսքով, թռչունն այն պահից, որ ձվից դուրս է գալիս, եւ մինչ ի մահ, բացի քնի պահերից, ոչ մի րոպե հանգիստ չի մնում: Այսպիսի դիտարկումների հիման վրա, ինչպես երեւում է, կարելի է պնդել, որ բոլոր կենդանիների սովորական վիճակը, ներառելով մարդուն` դա հանգիստն է, թռչունների սովորական վիճակը` շարժումը:

Այդ իրենց արտաքին հատկանիշներին եւ սովորություններին համապատասխանում են եւ ներքինները, այսինքն` հոգեկան հատկությունները, որոնց շնորհիվ նրանք ավելի լավ են հարմարվում երջանկությանը, քան մնացյալ էակները: Օժտված լինելով այդչափ նուրբ լսողությամբ, որ մեր հոգին դժվար թե կարող է նրանց մասին համապատասխան պատկերացում կազմել, թռչուններն այդ իրենց ունակության միջոցով ավելի լավ են հարմարված երջանկությանը, քան այլ արարածները: Օժտված լինելով այդչափ նուրբ լսողությամբ եւ այդքան սուր, կատարյալ տեսողությամբ, որ մեր հոգին դժվարությամբ կարող է նրանց մասին համապատասխան պատկերացում կազմել, թռչուններն այդ իրենց ընդունակության շնորհիվ ողջ օրը ախորժանք են ապրում անպարագրելի լայնարձակությունների զանազան տեսարաններից եւ բարձրից ակնթարթաբար տեսնում են երկրի այնպիսի մի տարածություն, հայացքով տարբերակում են այնքան զանազան վայրեր, որոնք մարդը հազիվ թե զորու է ընդգրկելու մեկ ակնթարթում` մինչեւ անգամ մտքով: Այստեղից հետեւում է, որ թռչունները չափազանց ուժեղ եւ կենսալի երեւակայություն ունեն, որը երբեք պարապ չի մնում: Սակայն դա այն խորունկ, մոլեգին եւ փոթորկալի երեւակայությունը չէ, որով օժտված էին Դանթեն կամ Տասոն, որովհետեւ դա ամենակործանարար շնորհն է եւ անդադար ու ծանր տագնապների եւ տառապանքների պատճառը, որ այդ երեւակայությունը հարուստ է, փոփոխական, թեթեւասահ, խաղացկուն եւ կայտռուն, այն բերկրալի մտքերի, քաղցրավետ մոլորությունների եւ ամենայն հաճույքների եւ մխիթարանքների շռայլ ակունք է, բոլոր շնորհներից լավագույնն ու պտղաբերը, որով օրհնյալ բնությունն օժտել է կենդանի հոգիներին: Այնպես որ` թռչուններն այդ շնորհից բազում բարիքներ ու մեծ օգուտ են քաղում, իրենց հոգեւոր բերկրանքի համար, մնալով անհաղորդ դրա վնասաբեր ու տանջալից հատկություններին: Եվ որքան շռայլ է նրանց արտաքին կյանքը, նույնքան հարուստ է եւ ներքին կյանքը, ընդ որում, այդ հարստությունը բարեբեր է նրանց համար եւ ծառայում է ի մեծ հաճույք իրենց, ինչպես երեխաներին, այլ ոչ` ի նպաստ դժբախտությունների եւ վնասների, ինչպես դա սովորաբար լինում է հասուն մարդկանց մոտ: Քանի որ թռչունը եւ ճարպկությամբ, եւ արտաքին շարժունությամբ ակնհայտորեն նման է երեխայի, ապա ողջամիտ է ենթադրելը, որ այն նման է նրան նաեւ ներքնապես, իր հոգեւոր հատկանիշներով: Սակայն, եթե այդ տարիքի բարիքները ներհատուկ լինեին եւ բոլոր մնացածներին, իսկ վշտերը չգերազանցեին մանկական վշտերը, ապա, գուցե թե, մարդն էլ հիմք կունենար համբերատար տանելու իր կյանքը:

Իմ տեսանկյունից, թռչունների բնույթը, եթե դրան նայես որոշակի կողմերից, մնացած կենդանիների բնույթից ավելի կատարյալ է: Օրինակ, եթե մենք հիշենք, որ թռչունը տեսնելու եւ լսելու ընդունակությամբ շատ ու շատ գերազանցում է բոլորին, իսկ տեսողությունն ու լսողությունը, ըստ բնական կարգի, զգացողություններից առաջինն են, ապա կստացվի, որ թռչունների բնությունն ավելի կատարյալ է, քան որեւէ այլ կենդանի էակինը: Նաեւ, քանի որ բոլոր մնացյալ կենդանիները, ինչպես վերը գրվել է, իրենց բնույթով հակված են հանգստի, իսկ թռչունները` շարժման, եւ քանի որ շարժումն ավելի կենդանի վիճակ է, քան հանգիստը, քանի որ կյանքն ինքը շարժում է, իսկ թռչուններն ավելի հարուստ են արտաքին շարժմամբ, քան ցանկացած այլ կենդանի, եւ բացի այդ, քանի որ լսողությունն ու տեսողությունը, որով նրանք գերազանցում են մնացյալ բոլորին եւ որոնք գերիվեր են նրանց այլ ունակություններից, ըստ էության, կենդանի էակի ամենակարեւոր տարբերակիչ առանձնահատկություններն են եւ բոլոր զգացողություններից ամենակենսալին ու շարժունն են, ինչպես ինքնին, այնպես էլ այն սովորություններով, որ նրանց շնորհիվ ձեռք է բերում կենդանին, եւ իրենց այլ արտաքին ու ներքին հետեւանքներով, ի վերջո, մնացյալ ամեն ինչն էլ այնպես է, ինչպես մենք նախկինում ասացինք, կնշանակի նաեւ, որ թռչունն օժտված է արտաքին եւ ներքին կյանքի ավելի մեծ պաշարով, քան այլ կենդանիները: Իսկ եթե կյանքն առավել կատարյալ է, քան նրա հակադրությունը, համենայն դեպս, կենդանի էակների համար, եւ եթե այդ պատճառով կենաց ավելի մեծ պաշարը առավել կատարելություն է նշանակում, ապա այստեղից եւս հետեւում է, որ թռչունների բնույթն ավելի կատարյալ է: Այդ կապակցությամբ չի կարելի լռության մատնել մի հանգամանք եւս. թռչուններն առավելագույնս հարմարված են այն բանին, որպեսզի տանեն ծայրահեղ ցուրտն ու ծայրահեղ տապը, եթե նույնիսկ դրանց միջեւ որեւէ ընդհատում չլինի, չէ՞ որ մեզ հաճախ է վիճակվում տեսնել, թե ինչպես նրանք գետնից համարյա անթարթային արագությամբ օդ են բարձրանում` նրա ամենաբարձրաբերձ բարձունքները, այսինքն` անչափ ցուրտ տեղերը, իսկ նրանցից շատերը չվելու ժամանակ կարճ ժամանակաընթացքում մի քանի կլիմա են փոխում:

Ի վերջո, համանման այն բանին, թե ինչպես Անակրեոնտը կամենում էր հայելու վերածվել, որպեսզի սիրած էակն անդադար իրեն նայի, կամ` շրջազգեստի, որպեսզի ծածկի նրա ծնկները, կամ էլ շփման, որ սիրեցյալը մերսվի իրենով, կամ էլ ջրի, որպեսզի նա այնտեղ լողանա, կամ փաթաթանի, որով նա կձգի յուր կրծքերը, կամ` մարգարտի, որը նա վզի վրա կկրի, կամ էլ սանդալի, որպեսզի նա գոնե ոտքով իրեն սեղմի, այդպես էլ ես կկամենայի, թեկուզ եւ մի կարճ ընթացք, վերածվել թռչնի, որպեսզի ճաշակեմ նրանց կենաց գոհությունն ու բերկրանքը:

ՖԻԶԻԿՈՍԻ ԵՎ ՄԵՏԱՖԻԶԻԿՈՍԻ ԶՐՈՒՅՑԸ

Ֆիզիկոս. Էվրիկա, էվրիկա:
Մետաֆիզիկոս. Ի՞նչ: Ի՞նչ ես դու գտել:
Ֆիզիկոս. Կյանքը երկարացնելու արվեստը:
Մետաֆիզիկոս. Իսկ այդ ի՞նչ գիրք է ձեռքիդ:

Ֆիզիկոս. Այստեղ ես ամեն ինչ շարադրել եմ: Եվ եթե մարդիկ իմ հայտնագործության շնորհիվ երկար ապրեն, ես ամենաքիչը հավերժ կապրեմ, այսինքն` ես ուզում եմ ասել, որ անմահ փառքի կարժանանամ:

Մետաֆիզիկոս. Լսիր, արա այն, ինչ ես քեզ կասեմ: Մի կապարե արկղ գտիր, նրա մեջ գիրքը կողպիր, թաղիր այն հողի տակ, իսկ մահից առաջ չմոռանաս որեւէ մեկին տեղը բանալ, որպեսզի կարելի լինի այնտեղ գնալ եւ գիրքը դուրս բերել, երբ կհորինեն երջանիկ ապրելու արվեստը:

Ֆիզիկոս. Իսկ մինչ ա՞յդ:

Մետաֆիզիկոս. Իսկ մինչ այդ դա պետք էլ չի: Ես այն ավելի շատ կգնահատեի, եթե այնտեղ բացատրված լիներ կյանքը կրճատելու արվեստը:

Ֆիզիկոս. Դե, այդ արվեստը վաղուց է հայտնի, եւ այն հորինելն այնքան էլ դժվար չէր լինի:

Մետաֆիզիկոս. Համենայն դեպս, ես այն ավելի բարձր եմ գնահատում, քան քոնը:

Ֆիզիկոս. Ինչո՞ւ:

Մետաֆիզիկոս. Որովհետեւ, մինչեւ այն պահը, որ կյանքը երջանիկ դառնա, իսկ մինչ այժմ այն երջանիկ չի եղել, մեզ համար ավելի լավ է, որպեսզի այն ավելի կարճ լինի:

Ֆիզիկոս. Ոչ, դա այդպես չէ, չէ՞ որ կյանքն ինքնին բարիք է, եւ յուրաքանչյուրը ծարավի է դրան եւ սիրում է այն, որովհետեւ դա մարդու համար բնական է:

Մետաֆիզիկոս. Այո, այդպես են մտածում մարդիկ, բայց նրանք խաբվում են, համանման այն բանին, որ ռամիկները խաբվում են, ենթադրելով, որ գույնն առարկաների հատկությունն է, այնինչ դա ոչ թե առարկաների, այլ լույսի հատկությունն է: Ես ահա թե ինչ նկատի ունեմ` մարդը ծարավի է եւ սիրում է լոկ իր երջանկությունը: Իսկ կյանքը նա սիրում է սոսկ այնքան, որքան այն խորհում է այդ երջանկությանը հասնելու գործիքը կամ դրա սուբյեկտը, եւ ոչ թե կյանքն է սիրում, թեպետ եւ հաճախ կյանքին է վերագրում իր սերն առ երջանկություն: Ճիշտ է լոկ այն, որ այդպիսի մոլորությունը նույնքան բնական է, որքան եւ գույնին վերաբերող մոլորությունը: Իսկ սերն առ կյանքը այնպիսի հատկություն չէ, որ բնականաբար եւ անխուսափելիորեն բնորոշ է մարդկանց, դու դրանում կհամոզվես, եթե հիշես, որ հնում շատ ու շատերն ընտրում էին մահը, թեեւ կարող էին ապրել, եւ որ մեր օրերում շատերն են մահ կամենում ամենատարբեր իրավիճակներում, իսկ ոմանք նույնիսկ ինքնասպան են լինում: Այդ ամենը չէր կարող տեղ գտնել, եթե սերն առ կյանքը ինքնին լիներ մարդու բնույթում: Փոխարենը` սերն առ սեփական երջանկությունը յուրաքանչյուր կենդանի արարածի բնույթում է, եւ ավելի շուտ աշխարհը փուլ կգա, քան նա կդադարի սիրել իր երջանկությունը եւ իր ձեւով դրան հասնել: Այժմ ես քեզնից սպասում եմ ֆիզիկական, մետաֆիզիկական կամ ցանկացած այլ գիտությունից քաղած ապացույցներ այն բանի, որ կյանքն ինքնին բարիք է: Ըստ իս, երջանիկ կյանքը բարիք է, անկասկած, բայց սոսկ որպես երջանիկ կյանք, այլ ոչ` որպես պարզապես կյանքը: Կյանքը դժբախտ է, քանզի այն դժբախտ է, կա չարիքը եւ ուշադրության տակ առնելով, որ բնությունը, համենայն դեպս` մարդկայինը, հանգեցնում է այն բանին, որ կյանքն ու դժբախտությունն անբաժան են, դու ինքդ դատիր, թե ինչ է դրանից հետեւում:

Ֆիզիկոս. Խնդրում եմ քեզ, թողնենք դա, ամենայն ինչ չափազանց տրտում է: Դու պարզապես պատասխանիր ինձ, այդպիսի նրբությունների մեջ չմտնելով, եթե մարդն ապրեր ու կարողանար հավերժ ապրել, այսինքն` չմահանալով, եւ ոչ թե մահից հետո, դա նրան հաճելի՞ կլիներ, թե՞ ոչ:

Մետաֆիզիկոս. Ես քո առասպելական ենթադրությանը կպատասխանեմ որեւէ առակով, մանավանդ որ, ինքս էլ հավերժ չեմ ապրել եւ ոչինչ չեմ կարող ասել իմ սեփական փորձից, դե, նաեւ անմահներից չկա մեկը, ում հետ զրուցեմ, եւ, բացի դրանից, առակներում չկա մեկը, որ նրանց մասին տեղեկություններ քաղեմ: Եթե մեզ հետ լիներ Կալիոստրոն, նա կկարողանար որոշակի լույս սփռել այդ բանի վրա, որովհետեւ ապրել է մի քանի հարյուրամյակ, թեպետ, դատելով այն բանից, որ նա մահացել է մյուսներից ոչ պակաս, եւ նա, երեւում է, անմահ չի եղել: Քեզ կասեմ միայն, որ իմաստուն Քիրոնին, թեեւ նա աստված էր, ժամանակ անց կյանքն այնքան ձանձրացրեց, որ նա Զեւսից մեռնելու իրավունք հայցեց եւ մահացավ: Ինքդ մտածիր, եթե անմահությունը աստվածների համար ծանր է գալիս, ապա ինչպե՞ս կլիներ մարդկանց համար: Հիպերբորիացիները, ամենքին անհայտ մի ժողովուրդ, չփառաբանված, որոնց չես կարող հասնել ոչ ցամաքով, ոչ ծովով, որ հարուստ է ամենայն բարիքով եւ հատկապես հիասքանչ ավանակներով, որոնց այնտեղ զոհաբերելու սովորություն ունեն, հիպերբորիացիները, եթե ես չեմ սխալվում, կարող են անմահ լինել, որովհետեւ նրանց մոտ չկա ոչ հիվանդություն, ոչ տաժանակիր աշխատանքներ, ոչ պատերազմներ, ոչ պառակտություններ, ոչ քաղց, ոչ արատներ, ոչ հանցագործություններ, չնայած դրան, բոլորը մահանում են, քանի որ հազարամյա կամ մոտավորապես այդքան տեւող կյանքից հետո, կշտանալով այն ամենից, ինչ կա երկրի երեսին, նրանք ինքնակամ իրենց ցած են նետում ինչ-որ ժայռից ծովն եւ զոհվում են: Կարելի՞ է մի առակ եւս օրինակ բերել: Եղբայրներ Բիտոնն ու Կլեոբիսը տոնական մի օր, այն պատճառով, որ նրանց ձեռքի տակ ջորիներ չկային, իրենք մտան իրենց մոր` Յունոնայի մոգուհու կառքի տակ եւ տարան նրան կռատուն, եւ նա պաղատեց Յունոնային, որպեսզի նա վարձահատույց լինի որդիական առաքինության համար մեծագույն բարիքով, որը կարող է մարդկանց բաժին հասնել: Եվ Յունոնան, նրանց անմահ դարձնելու փոխարեն, ինչպես նա կարող էր անել եւ, ինչպես այն ժամանակ սովորույթն էր, այնպես արեց, որ նրանք հենց այդ ժամին հանդարտ մահանան: Այդպես պատահեց Ատամեդոսի եւ Տրիթոնասի հետ: Ավարտելով տաճարի կառուցումը Դելփիքում, նրանք պահանջեցին, որպեսզի Ապոլոնը վճարի իրենց, եւ նա պատասխանեց, որ յոթ օրից նրանց պատասխան կտա, իսկ մինչ այդ թող իրենց փողով խրախճանք անեն: Յոթերորդ օրը նա նրանց վրա քաղցր քուն բերեց, որից նրանք դեռ կարող էին արթնանալ, սակայն նրանք ստանալով դա, այլեւս ուրիշ վարձ չուզեցին: Դե, քանի որ մենք արդեն անցանք առակներին, ահա քեզ եւս մեկը, եւ դրա առթիվ ես քեզ մի հարց կտամ: Որքան ես գիտեմ, քեզ նման, ոմանք անվիճելի են համարում, որ մարդու կյանքը, որ կլիմայում էլ նա բնակվի, բնականաբար, ձգվում է, զանց առնելով` որոշակի տարբերությունները, ժամանակային առումով համարյա միանման, եթե դիտարկենք յուրաքանչյուր ժողովուրդն ամբողջությամբ: Սակայն հներից մեկը հաղորդում է, որ Հնդկաստանի եւ Եթովպիայի որոշ շրջաններում քառասուն տարուց ավելի չեն ապրում, եւ ով մահանում է այդ տարիքում, մահանում է` որպես զառամյալ ծերունի, իսկ յոթ տարեկան աղջիկները համարվում են ամուսնական տարիքի հասած: Ինչ վերաբերում է դրան, ապա մեզ հայտնի է, համարյա համանման երեւույթ կա եւ Գվինեայում եւ արեւադարձային գոտուն մոտ այլ վայրերում: Այսպիսով, եթե մենք ճշմարտության տեղ ընդունենք այն, թե գոյություն ունեն մեկ կամ մի քանի ժողովուրդներ, ուր մարդիկ ապրում են քառասուն տարուց ոչ ավելի, եւ դա տեղի է ունենում բնական պատճառներով, այլ ոչ թե ինչ-որ այլ պատճառներից, ինչպես ենթադրում էին գոթենտոտների մասին, ապա հարց է ծագում, արդյո՞ք այդ ժողովուրդները, դրա հետեւանքով, ավելի երջանիկ են, թե՞ դժբախտ, քան մնացյալ բոլորը:

Ֆիզիկոս. Անշուշտ, ավելի դժբախտ են, քանի որ մահը նրանց ավելի վաղ է այցելում:

Մետաֆիզիկոս. Իսկ ես կարծում եմ, որ նրանք, հենց այդ պատճառով, մեզնից երջանիկ են: Սակայն կարեւորը դա չէ: Ավելի ուշիմ խորհրդածիր: Ես ժխտում էի, որ կյանքն ինքնին, այսինքն` սեփական գոյության պարզ զգացողությունը, հաճելի եւ ցանկալի է մեզ` հենց մեր բնույթի պատճառով: Բայց այն, որ դա կյանք է կոչվում եւ, գուցե թե, առավել արժանի է այդ կոչմանը, այսինքն` լարվածությունը եւ զգացողությունների առատությունը, իրոք հաճելի եւ ցանկալի է բոլոր մարդկանց իրենց բնույթով, որովհետեւ բոլոր մեր արածն ու ապրածը առավել կենսունակությամբ եւ ուժով, եթե, իհարկե, դա տրտունջք ու ցավ չի հարուցում, մեզ հաճելի է թվում սոսկ իր կենսունակության եւ ուժի շնորհիվ, դե, թեկուզ, եթե այնտեղ այլ ախորժանք պարգեւող հատկություններ չլինեն: Կնշանակի, նրանց մոտ, ում կյանքը, բնականաբար, ավարտվում է քառասուն տարեկանում, կրկնակի ավելի կարճ է, քան այն, որ բնությունը պարգեւում է այլ մարդկանց, կյանքն իր ամեն մի մասնիկով կրկնակի կենսունակ է, քան մերը, չէ՞ որ նրանք անպայման աճում եւ հասնում էին կատարելության, եւ ուստի թոշնում էին, հասցնում էին զառամել մեզ հատկացված ժամկետի կեսից, հետեւաբար, նրանց բնության բոլոր կենաց ազդակները, այդպիսի արագությանը համապատասխան, ամեն մի պահին, երկու անգամ ավելի ուժեղ էին, քան մյուսների մոտ, նաեւ այդ մարդկանց կամայական գործողությունները, նրանց արտաքին շարժունակությունը ու կենսալիությունը համապատասխանում էին այդ մեծ լարվածությանը, նրանց տրված է կյանքի նույն պաշարը, ինչը եւ մեզ, բայց ավելի կարճ ժամանակով: