Նորից զինվոր է սպանվել

31/01/2012

Հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Փայլակ Շահնազարյանի սպանության պատճառը եղել է ատամի մածուկը: Կայքերի հաղորդմամբ` միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ գիշերը քնած Շահնազարյանի երեսին ծառայակիցը կատակով ատամի մածուկ է քսել: Ըստ tert.am-ի` զինվորն արթնանալով` հայհոյել է մածուկը քսողին, ինչն էլ առաջացրել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանի վրդովմունքը, որը նախ տեղից բացականչել է, թե` «ում մայրի՞կը…», ապա կրակել է Շահնազարյանի վրա: Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՊՆ քննչական ծառայությունից հաստատել են, որ սպանություն կատարելու մեղադրանքով Խ. Սարգսյանը ձերբակալված է: Փ. Շահնազարյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ: