«Մեծամասնական ընտրակարգով մեր կուսակցությունում տեսնում եմ անհատականություններ, ովքեր կարող են առաջադրվել եւ ռեալ հաջողություններ ունենալ արդար ընտրությունների պարագայում, իսկ կեղծիքների ու խախտումների դեպքում ՀԱԿ-ին բերել 5-10.000 եւ ավելի ձայն: Որպեսզի ներկայացրածս ավելի կոնկրետ դառնա, կարող եմ նաեւ թվարկել այդ մարդկանց անունները: Գյումրիում` Աշոտ Զաքարյան, Արթիկում` Սեւակ կամ Մուշեղ Սաղաթելյաններ, Թալինում` Սափեյան եղբայրներից որեւէ մեկը: Աշտարակում` Ռաֆիկ Մկրտչյան, Երեւանում` Սմբատ Այվազյան, Սուրեն Աբրահամյան, Արտակ Զեյնալյան, Եղվարդում` Խաչիկ Սիմոնյան, Մասիսում` Հուսիկ Բաղդասարյան, Արարատում` անկուսակցական Ռազմիկ Թեւոնյան, Սիսիանում` Հովիկ Արսենյան, եւ էլի կարող եմ թվարկել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով ՀԱԿ նախընտրական քննարկումներին: «Կարելի է ասել, որ ում անունը տվեցի, այդ մարդիկ կարող են առաջադրվել այդ տարածքներում: Բայց մեծամասնական ընտրակարգով թեկնածություն առաջադրելու խնդիրը յուրաքանչյուր անհատ որոշում է ինքնուրույն: Թեկնածությունների առաջադրման համար անհրաժեշտ է նաեւ որոշակի նյութական միջոցների ապահովում, ինչի պարագայում նշված անհատները, հասարակական պահանջարկի դեպքում, ՀԱԿ-ում մեր մյուս գործընկերների հետ ընդհանուր հայտարարի գալուց հետո, համոզված եմ, որ կառաջադրվեն»,- ավելացրել է Ա.Սարգսյանը: