Երեկ երեկոյան նախագահի նստավայրում կայացել է իշխող կոալիցիայի ղեկավարների հանդիպումը, որի վերաբերյալ միակ տեղեկատվությունը ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն է, թե կոալիցիայի ղեկավարների հանդիպումները սովորական երեւույթ են Հայաստանի ներքաղաքական կյանքում, եւ որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, այնքան հաճախակի կդառնան այդ հանդիպումները: Մինչդեռ երեկ օրվա ընթացքում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ երեկվա հանդիպման արդյունքում պետք է հստակեցվի` 2013 թ. նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելո՞ւ է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը` ստորագրելով կոալիցիոն հերթական հուշագիրը: Հակառակ դեպքում, ըստ նույն տեղեկությունների, ԲՀԿ-ն դուրս է գալու կոալիցիայից եւ ընտրություններին մասնակցելու է որպես ոչ իշխանական ուժ: Երեկվա հանդիպման արդյունքների մասին տեղեկատվության բացակայությունը եւ իշխանական շրջանակներից ստացվող լուրերը վկայում են այն մասին, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լարվածությունը ոչ միայն չի հարթվել, այլ ավելի սրվել է: Հիմնական պատճառը, ըստ մեր աղբյուրների` այն է, որ ԲՀԿ-ն ցանկանում է ստանալ մեծամասնական ընտրակարգով 11 պատգամավոր ունենալու քվոտա, մինչդեռ ՀՀԿ-ն պատրաստ է տրամադրել ընդամենը 8 մեծամասնական տեղ, ինչպես 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում: Մինչդեռ ԲՀԿ-ն 11 մեծամասնական տեղ է ուզում, քանի որ անցած ընտրություններից հետո մեծամասնականով ընտրված երեք պատգամավորներ` Սամվել Բալասանյանը, Ռուստամ Գասպարյանը եւ Մարտուն Գրիգորյանը, անդամագրվել են ԱԺ ԲՀԿ խմբակցությանը: Հենց այս հարցի շուրջ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, եւ դատելով այն մթնոլորտից, որն «ուղեկցում» էր կոալիցիոն երեկվա հանդիպումը, հազիվ թե դա տեղի ունենա: Երեկ ողջ օրվա ընթացքում հեռակա «հակամարտություն» էր ընթանում ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական պատգամավորների միջեւ: Առիթն այն էր, որ Էդուարդ Շարմազանովը` մեր թերթին տված հարցազրույցում խոսելով 100 տոկոսանոց ընտրակարգի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշման մասին, կասկածի էր ենթարկել վերջինիս` «Մեր խոսքը գործ է» կարգախոսը: Ի պատասխան` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ Շարմազանովին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ խոսքի եւ գործի անհամապատասխանության մասին դատողություններից: Վերջինիս շտապել է պատասխանել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, մոտ մեկ ժամ անց հետեւել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանի պատասխան հայտարարությունը, որին էլ պատասխանել է ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը: ԲՀԿ-ից հերթական պատասխանը հնչեցրել է Վահե Էնֆիաճյանը: ՈՒշ երեկոյան ՀՀԿ-ից դեռեւս հերթական հակապատասխանը չէր հնչել: