Պարզվում է` ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին, ոչ միայն առաջիկա խորհրդարանում ընդգրկվելու ցանկություն ունի, այլեւ` հաջորդ գումարման ԱԺ-ի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դառնալու լուրջ հավակնություններ: «Տնտեսական գիտությունների թեկնածու Վահե Հակոբյանը, թեեւ ԱԺ նիստերում հաճախ ելույթներով հանդես չի գալիս, սակայն ակտիվորեն մասնակցելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին` արդյունավետ գործունեություն է ծավալում այդ ոլորտում: Շատ հավանական է, որ հաջորդ խորհրդարանում հենց նա ընտրվի ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ»,- գրել է slaq.am-ը: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ` ՀՀԿ-ում նույնիսկ նրա անունը չի էլ շոշափվում որպես պատգամավորի հավանական թեկնածուի, եւ զուր է նա ավելորդ ջանքեր գործադրում` ապացուցելու համար, թե առանց հրապարակային գործունեություն ծավալելու որքան «արդյունավետ» է եղել նրա գոյությունն ԱԺ-ում: Մանավանդ, որ այն մինչ օրս տեսանելի է բոլորին: