Փոխադարձ սպառնալիքներ

31/01/2012

Կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, կարելի է ասել` արդեն իսկ սկսվել են հրապարակային քննադատությունները: Մեր թերթի նախորդ համարում հրապարակված ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը, ինչպես եւ սպասվում էր` լուրջ արձագանք ունեցավ ԲՀԿ-ի կողմից: Հիշեցնենք, որ Էդ. Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում լուրջ կասկածի էր ենթարկել ԲՀԿ-ի` «Մեր խոսքը գործ է» կարգախոսը: Նա, անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկին, որին միացել էր նաեւ ԲՀԿ-ն, ասել էր. «Քաղաքականության մեջ հաջողում են այն ուժերը, ում այո-ն`այո է, ոչ-ը` ոչ: Սա քաղաքական հնարք է, եւ այստեղ մենք տեսնում ենք խոսքի եւ գործի հստակ տարբերություն»: Ի պատասխան Էդ. Շարմազանովի այս հայտարարությանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ lragir.am-ի հետ զրույցում Շարմազանովին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ խոսքի եւ գործի անհամապատասխանության մասին խոսելիս: «Խորհուրդ եմ տալիս ձեռնպահ մնալ խոսքի եւ գործի անհամապատասխանության մասին դատողություններ անելուց: Այլապես` խոսքի եւ գործի անհամապատասխանության, կատարյալ անգործության ու ավելին` գործունեության վնասարարության այնպիսի դասական օրինակներ կան, որ, անհրաժեշտության դեպքում, կարող ենք հերթով թվարկել: Մենք ասել ենք, որ կողմ ենք բացառապես քաղաքակիրթ բանավեճի, բայց նաեւ նշել ենք, որ որեւէ հոխորտանք, ոչ կոռեկտ խոսք եւ փաստի խեղաթյուրում անպատասխան չի մնալու: Նախ` փաստի մասին. կրկին հիշեցնեմ, որ դեռեւս 2007թ. կուսակցության համագումարը միաձայն ընդունել է կուսակցության ծրագիրը, որտեղ ամրագրված է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման անհրաժեշտությունը: Ուստի, սեփական կամ թելադրված մտքերի ենթատեքստերում խճճվածներն ընդամենը կարող են բացել կուսակցության ծրագիրն ու կարդալ: Ի դեպ` կոալիցիոն հուշագրի մասին. խորհուրդ եմ տալիս կրկին վերընթերցել 2008թ. կոալիցիոն հուշագիրը եւ փորձել տրամաբանել` ո՞վ է իրականում շեղվում այդ հուշագրից: Երկրորդ` ներկա իրավիճակի մասին. «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ կողմ է հարցի բաց եւ հրապարակային քննարկմանը: Ինչի մասին, ի դեպ, խոսել են նաեւ ՀՀԿ այլ պատգամավորներ: Ի վերջո, միայն հրապարակային քննարկումները, միմյանց փաստարկներն ու տեսակետը լսելը կարող է բերել ճշգրիտ լուծումների: Եվ երրորդ` մեր կոչը քաղաքական ուժերին` ցանկացած քննարկում ծավալել բացառապես կոռեկտ եւ քաղաքակիրթ, մնում է ուժի մեջ: Իսկ այդ հորդորը համառորեն չհասկացողներին պատրաստ ենք իրենց իսկ գործի եւ խոսքի անհամապատասխանության մի ամբողջ ժողովածու նվիրել: Վստահ եղեք` փաստերի պակաս չկա: Միայն թե ժողովածուն կարող է բազմահատոր ստացվել»,- ասել է Ն. Զոհրաբյանը: Վերջինիս արձագանքին ի պատասխան, երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասել է. «Տիկին պատգամավորն ասելիքի բացակայության պատճառով սկսել է կրկնվել եւ խորհուրդներ տալ, իսկ խորհուրդներ տալիս են նրանք, ովքեր ավելի շատ խորհուրդների կարիք ունեն: «Բազմահատորյակ» նվիրելու փոխարեն` տիկին Զոհրաբյանը ճիշտ կանի գիտակցի, որ ՀՀԿ-ում միշտ էլ կգտնվի ասեղ, որը ցանկացած պահի կարող է պայթեցնել նույնիսկ քաղաքական ամենամեծ փուչիկը»: Թվում էր` այսքանով ՀՀԿ-ԲՀԿ հեռակա մեղադրանքներն ու սպառնալիքները կավարտվեն, սակայն, Գ. Մելիքյանի պատասխանին մեկ ժամ անց հետեւեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանի արձագանքը` Մելիքյանին: Խաչիկյանն էլ անդրադառնալով Մելիքյանի` «փուչիկներ պայթեցնելու» վերաբերյալ հնչեցրած սպառնալիքին, երեկ հայտարարել է. «Քաղաքական փուչիկներ պայթեցնող համարձակներին բարեկամաբար խորհուրդ ենք տալիս չդառնալ դատարկ օդով լցված փուչիկներ, որոնք< որպես կանոն, արագորեն օդ թռչելու հատկություն ունեն»: Մեկ ժամ անց ՀՀԿ-ից հաջորդ պատասխանողը ԲՀԿ-ի խոսնակին Սուքիաս Ավետիսյանն էր. «Հորդորում եմ օդերից, «բազմահատորյակներից», ի վերջո, իջնել հողի վրա, ինչպես հատուկ է քաղաքական փուչիկներին միշտ վերջում»: