Երեքշաբթի օրը Հայաստան ժամանեց ռուս «սկանդալային» պարուհի Անաստասիա Վոլոչկովան, որը երեկ Երեւանի օպերային թատրոնում հայ հանդիսատեսին ներկայացավ մեկ համերգային ծրագրով:
Պարուհու մամուլի ասուլիսը պլանավորված էր երեքշաբթի երեկոյան «Գոլդեն Փելես» հյուրանոցում, սակայն այն սկսվեց նույնքան սկանդալային ձեւով, որքան Վոլոչկովայի կենսագրությունն է: Լրագրողները մեկ ժամից ավելի սպասում էին պարուհուն: Կազմակերպիչներից ոչ ոք չներկայացավ՝ ուշացման պատճառները մեկնաբանելու համար: Այն պահին, երբ վիրավորված լրագրողները միահամուռ կերպով ուզում էին լքել հյուրանոցը, «հայտնվեց» մեկը, որը ողջ ընթացքում դահլիճում էր ու լռում էր: Նա ներկայացավ որպես Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչ, հեռախոսով զրուցեց կազմակերպիչների հետ եւ լրագրողներին խնդրեց եւս մի քանի րոպե սպասել: Իսկապես մի քանի րոպեից հյուրերը ժամանեցին: Կազմակերպիչներից «Գարանտ-Մեդիա» ընկերության նախագահ Արմեն Դավթյանը ներողություն խնդրեց լրագրողներից: Բացատրեցին, իբրեւ թե «անկազմակերպության» պատճառն ինքնաթիռի ուշացումն էր: Իր հերթին, պարուհին շնորհակալություն հայտնեց այն անձանց, ովքեր ներողամիտ են եւ մնացել են դահլիճում: Իհարկե, զրույցի ընթացքում նա պատահաբար նշեց, որ հասցրել է նույնիսկ ծանոթանալ Օպերային թատրոնի բեմին:
Ա. Վոլոչկովան Հայաստան է ժամանել գործընկերների՝ համաշխարհային բալետի աստղեր Մարկ Պետրոկինի եւ Սերգեյ Մաքսիմենկովի հետ: Առաջին անգամ է Հայաստանում, ընդ որում, երկու ամսական դստեր ծնունդից հետո առաջին անգամ է համերգ տալիս: Հայաստան է ժամանել իր հայ ընկերներից մեկի՝ «Գրեյթ Վելլի» ՍՊԸ-ի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի առաջարկով: Պարուհին նշեց, որ որեւէ պայմանագիր չունի նշյալ ընկերության հետ, սա համագործակցություն է՝ հիմնված մարդկային հարաբերությունների վրա: Հայ ընկերների շարքում Վոլոչկովան նշեց նաեւ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի անունը, որի ստեղծագործությունն ընդգրկված է համերգային այս ծրագրում: Ա. Գեւորգյանի հետ հնարավոր սիրավեպի ասեկոսեների մասին՝ լրագրողներից մեկի հարցը պարուհին հերքեց՝ նշելով, որ կողմնակի սիրավեպի դեպքում իր ամուսինը՝ գործարար Իգոր Վդովինը «իրեն կսպանի»:
Պատահական չէ, որ 30 տարին դեռ չբոլորած պարուհին կրում է «Բալետի սկանդալային պրիմա» տիտղոսը: Դեռ 17 տարեկանում, երբ Մարիինյան թատրոնում խաղաց «Կարապի լիճ» բալետում, նրան անմիջապես ուղեկցեցին բամբասանքներն ու դավաճանությունները: Ոմանք նրան անվանում են «բալետի Կուռնիկովա», իսկ ոմանք էլ ազգանվան սկզբից ավելացնում են «ս» տառը: 1998թ. Վոլոչկովան սկսեց իր աշխատանքը Մեծ թատրոնում, սակայն այստեղ եւս մեծ աղմուկ բարձրացավ նրա շուրջ: Նրան հեռացրին թատրոնից, նա տարիներ շարունակ դատական գործընթացների մեջ էր եւ միայն 2001թ. վերականգնվեց աշխատանքի: «Իմ դեմ պայքարում էին փողն ու իշխանությունը, սակայն ես ունեմ իմ միակ պահապանը՝ դա հանդիսատեսն է»,- ասում է Վոլոչկովան: Անձնական կյանքի նկատմամբ լրագրողների հետաքրքրասիրությունից պարուհին չէր նեղվում. «Ես թաքցնելու ոչինչ չունեմ: Երջանիկ եմ ամուսնուս եւ իմ դստեր հետ, եւ պատրաստ եմ իմ ուրախությունը կիսել բոլորի հետ»:
Ժամանակի սղության պատճառով պարուհին չի հասցնի լավ ծանոթանալ Հայաստանին, սակայն նախատեսում է այցելել հայկական եկեղեցի, մանկական խանութներ եւ ռուսական բաղնիք: Հիացած է Օպերայի եւ բալետի պետական թատրոնի շենքով՝ նշելով, որ քիչ դեպքեր են լինում, երբ վերանորոգումից հետո մշակութային արժեք ներկայացնող կառույցը պահպանում է իր գեղարվեստական տեսքը: Հայաստանի հետ համագործակցությունն այս այցով Վոլոչկովան մտադիր չէ սահմանափակել: Գարնանը պլանավորում է բարեգործական համերգով ներկայանալ հայ հանդիսատեսին: Ի դեպ, իր կարիերայի ընթացքում Վոլոչկովան Մարկ Պետրոկինի հետ պարել եւ պարելու է Արամ Խաչատրյանի «Սպարտակում»:
Ի՞նչ պլաններ ու նպատակներ ունի գեղեցկուհին: «Իմ երազանքը թատրոն եւ պարային դպրոց հիմնելն է»,- ասում է Վոլոչկովան: Նրա մայրը կազմակերպել է «Անաստասիա Վոլոչկովան` երեխաների համար» նախագիծը, որի շրջանակներում պարուհու հանդիսատեսը կլինեն միայն երեխաները: Դստեր ծնունդից հետո առաջին մենահամերգը Մոսկվայում տեղի կունենա հունվարի վերջին: Ի դեպ, ծննդաբերությունից ընդամենը երկու օր հետո արտիստուհին վերադարձավ պարային վարժություններին: Համաշխարհային բալետի պատմության մեջ ոչ մի պարուհի այսքան արագ չի վերականգնել իր գործունեությունը:
Իր շքեղ զարդերի կապակցությամբ Վոլոչկովան նշեց, որ դրանք նվերներ են, եւ ինքը ոչ մի ֆիրմայի չի գովազդում: Այնուամենայնիվ, պարուհին զերծ չմնաց հայկական ընկերություններին գովազդելուց: Բացի «Գրեյթ Վելլի»-ին, «Մասիս Տաբակ»-ին, «Գարանտ-Մեդիա»-ին, «Արմավիային» եւ «Գոլդեն Փելես»-ին շնորհակալություն հայտնելուց, նա նշեց նաեւ «VivaCell»-ին: «Ամուսնուս հետ մեր հաջողության գաղտնաբառը «VIVA»-ն է (Վդովին Իգոր, Վոլոչկովա Անաստասիա): Երբ հասանք Հայաստան, հեռախոսիս վրա գրվեց «VivaCell», ես մտածեցի, որ Իգորից հաղորդագրություն եմ ստացել: Հետո պարզվեց, որ դա ձեր կապն է ինձ ողջունում»,- ասաց պարուհին: