Կանխվել է կեղծ օղի եւ կոնյակ իրացնելու խոշոր դեպք

31/01/2012

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Պետական եկամուտների կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում 2012թ. հունվարի 20-ին հայտնաբերվել եւ կանխվել է կեղծված օղի եւ կոնյակ իրացնելու հերթական խոշոր դեպքը: Ըստ հաղորդագրության` կեղծարարների համար գայթակղիչ այս բիզնեսը մշտապես գտնվում է ՊԵԿ տեսադաշտում: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցները, ստանալով հերթական ահազանգը կեղծիքի խոշոր խմբաքանակի վերաբերյալ, Օպերատիվ հետախուզության եւ Հետաքննության վարչությունների աշխատակիցների հետ համատեղ մեկնել են դեպքի վայր: Արսեն Անտոնյանի եւ Հայկ Առաքելյանի կողմից առանձնակի խոշոր չափի կեղծ օղու եւ կոնյակի իրացումը կանխվել է Երեւանի Իսակովի պողոտայում` դեպի Մալաթիա-Սեբաստիա համայնք տանող կամրջի վրա: Պարզվել է, որ հայտնի սուպերմարկետներից մեկի մենեջեր Արսեն Անտոնյանը եւ տարադրամի փոխանակման կետի անվտանգությունն ապահովող ոստիկան Հայկ Առաքելյանը, նախապես համաձայնության գալով ոմն Սամվելի հետ, վերջինիցս վերավաճառելու եւ վաճառքից միջնորդավճար ստանալու նպատակով ձեռք են բերել տարբեր տարողությամբ կեղծված` հայտնի ապրանքանիշի օղու պիտակներով 60 շիշ, ինչպես նաեւ` «Ախթամար» եւ «Նաիրի» կոնյակների պիտակներով 16 շիշ: Հայտնաբերված կեղծ օղիները եւ կոնյակները խոշոր հարկ վճարողների տեսչությունը ուղարկել է ՊԵԿ հետաքննության վարչություն, որտեղ եւ փաստի առթիվ ՀՀ քր. օր. 188 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել: Մանրամասները պարզելիս գործով վկաներ Արսեն Անտոնյանը եւ Հայկ Առաքելյանը կեղծված ապրանքի վերաբերյալ տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ: Ավելին, քրեական գործի քննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Սամվելը Երեւանի բնակիչ Սարմեն Գասպարյանն է, ում բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել են հանրության կողմից առավել ընդունված օղու եւ կոնյակի տարատեսակ պիտակներով տարբեր տարողությամբ` շուրջ 70 դատարկ շիշ, ինչպես նաեւ ոսկեփայլ ստվարաթուղթ, հանրահայտ օղիների եւ կոնյակների պիտակներ, դատարկ տուփեր, ալյումինե խցանատիպ թաղանթներ: Ինքնակոչ ձեռներեց Սարմեն Գասպարյանն իր ցուցմունքում խոստովանել է, որ սա իր առաջին նման ձեռնարկն է, միաժամանակ պարզաբանելով, որ կեղծված արտադրանքը պատրաստել է էժանագին օղուց եւ կոնյակից` դրանք մատուցելով թանկարժեք շշերով: