«Սյունիքի մարզպետը քաղաքական հաշվեհարդար է տեսնում իմ դեմ»,- ասում է Գորիսի բնակիչ, ՀԿԿ շրջկոմի առաջին քարտուղար Մարտին Մայսուրյանը

31/01/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրեր առաջ մեր խմբագրություն էր դիմել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ Մարտին Մայսուրյանը` ասելով, թե ինքը ստիպված էր Գորիսից հասնել Երեւան` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից իր դեմ կատարված անօրինականությունները ներկայացնելու համար: «Մեր նամակները հասցեատերերին չեն հասնում, որովհետեւ Գորիսում էսպիսի մի տրադիցիա կա` եթե բողոք ես ներկայացնում ղեկավարների վերաբերյալ, այդ նամակները տեղ չեն հասնում, ինչպես թերթերի դեպքում է` եթե հանրապետության որեւիցե թերթ Գորիսի ղեկավարության մասին մի տող հոդված է գրում, այդ թերթերը առհասարակ Գորիս չեն հասնում»,- նշեց Գորիսի բնակիչը: Վերջինս ՀԿԿ շրջկոմի առաջին քարտուղարն է, եւ այս հանգամանքով էլ, ըստ նրա, պայմանավորված են իր դեմ կատարված բոլոր անօրինականությունները, որոնց թիրախը դարձել է վերջինիս կողմից տարիներ շարունակ օգտագործվող շուրջ 900քմ հողատարածքը: Ընդ որում` հողատարածքը խոտան տարածություն էր, ավելի ճիշտ` ձոր, որը, ըստ զրուցակցիս, դեռեւս 1933-58թթ. վերականգնել են ինքն ու իր հայրը: Նույնիսկ 200մ երկարությամբ նոր փողոց էին բացել: Նրա խոսքով` ինքն արդեն 20 տարի է` պայքարում է այդ հողատարածքի սեփականաշնորհման իրավունք ստանալու համար, բազմաթիվ գրավոր դիմումներ է ներկայացրել Գորիսի քաղաքապետարան` վերոնշյալ հողատարածքն ուղիղ վաճառքով, աճուրդով եւ նույնիսկ պայմանագրով իրեն հատկացնելու խնդրանքով, բայց այդպես էլ որեւէ պատասխան չի ստացել: Ավելին` հողի սեփականաշնորհման իրավունք չստանալու հարցը փորձել է լուծել դատական ճանապարհով: «2011թ. ապրիլին ՀՀ Հողային օրենսգրքի 68 հոդվածի կոպիտ խախտումով կազմակերպված եւ անցկացված ձեւական աճուրդով` հողատարածքներից մեկը սեփականաշնորհվել է Սյունիքի մարզպետի կնոջ եղբորը` Մելիք Բարսեղյանին, երկրորդը` վերջինիս մտերիմ ընկերոջը: Հաջորդ օրն ընկերը նոտարական գրասենյակում 2 մլն դրամով վաճառք է կազմակերպել Մելիք Բարսեղյանին` նրան դարձնելով 840քմ-ի սեփականատեր»: Մ. Մայսուրյանի խոսքով` վերոգրյալ գործընթացից հետո ինքը դիմել է դատարան` աճուրդն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու հայցապահանջով: «Մինչ հայցադիմումը վարույթ ընդունելը եւ հայցի ապահովում կիրառելը, այդ մասին դատարանը տեղեկացրել է Մելիք Բարսեղյանին, որն էլ անմիջապես հողամասը նվիրատվություն է ձեւակերպել իր մորը, իսկ մայրն էլ 5մլն դրամով վաճառել է Մելիք Բարսեղյանի զոքանչին: Այդպիսով, կայացել է փաստացի գոյություն չունեցող չափերով երկու 420քմ հողակտորների առք ու վաճառք-սպեկուլյացիա` հետագայում իմ բողոքարկման դեպքում հնարավոր խոչընդոտներ ստեղծելու նպատակով»,- իր նամակում գրել է Մ. Մայսուրյանը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ սեփականաշնորհման իրավունք չեն տվել, երբ նույնիսկ, ըստ նրա, 1985թ. Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ` նշյալ տարածքը ճանաչվել է տնամերձ, որը նոր բացված փողոցի հետ միասին` ներառվել էր քաղաքի գլխավոր հատակագծում, Մ. Մայսուրյանը պատասխանեց. «Չեն սեփականաշնորհել, որովհետեւ տարիներ շարունակ ինձ ստիպել են, որ ՀԿԿ-ից պետք է հրաժարվեմ: Իսկ ինձ ստիպել է այն անձնավորությունը, ում մասին գրել եմ նաեւ իմ նամակի մեջ` Սյունիքի մարզպետը: Նրանք ամեն ինչ արել են, որ դառնամ իրենց կամակատարը: Ինձ առաջարկում էին, որ կա՛մ պետք է հրաժարվեմ ՀԿԿ-ից եւ առաջին հերթին ընտրություններին արտակարգ կամք ցուցաբերեմ, այսինքն` անպայման Հանրապետական կուսակցության անդամ դառնալ, կա՛մ ընտրությունները կեղծել` հօգուտ ՀՀԿ-ի»: Մեր այն հարցին, թե նման առաջարկ անձամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ստացե՞լ է, Մարտին Մայսուրյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, տասնյակ անգամ, եւ ասել են, որ ոչ մի հարցում չեն ընդառաջի: Ինձ հետ կատարվածը միայն քաղաքական հաշվեհարդար է: Ապրիլի 11-ից առ այսօր տնային կալանքի տակ եմ, այսինքն` ամեն րոպե իմ կյանքին վտանգ է սպառնում: Նրանք պատճառաբանում են, թե ինչու եմ իրենց դատի տվել: Ամբողջ քաղաքի բնակչության 99%-ին ճորտացրել է, հետո ասում է (նկատի ունի Սյունիքի մարզպետին.- Մ.Մ.), թե ռիսկ եմ անում իր հանձնարարությամբ կատարված գործի դեմ քրեական գործ հարուցել»,- մեզ հետ զրույցում նկատեց զրուցակիցս: Իսկ հարցին, թե արդյոք մեր թերթի հրապարակումը չի՞ վնասելու իրեն, վերջինը պատասխանեց. «Ես գիտեմ, որ եթե գրեք, ազգուպուպով կվերանանք, բայց ուրիշ ճանապարհ չեմ տեսնում: Իմ նպատակը միայն այն է, որ իմ ստեղծած հողատարածքից օգտվի իմ ծոռը, իմ թոռը: Արդեն 10 ամիս է` կալանքի տակ եմ: 8-9 ամիս է` միլիցիան մեր դռները կտրել է: Ասում են` հողը ազատեք, որպեսզի մեր ոսկեջրած վիլլայի շինարարությունը սկսենք: Էն տղան ուզում ա ռեստորան կառուցի,- ասաց զրուցակիցս` ավելացնելով,- Հիմա մեր գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում, բայց համոզված եմ, որ նրա ձեռքը հասնելու է նաեւ այդտեղ, հարցը չեն լուծելու, բայց ես չեմ լռելու, ես բացահայտելու եմ այդ ամբողջ կեղծիքները` դիմելու եմ Վարչական դատարան, Եվրոդատարան: Մինչեւ վերջ գնալու եմ եւ ապացուցելու եմ, որ դա սենսացիոն ավազակային գործարք է»:

Մայսուրյանի խոսքով` ինքը օրեր առաջ նամակներով դիմել է նաեւ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ արդարադատության նախարարին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Երեկ որոշ տեղեկություններ փորձեցինք ստանալ նաեւ Գորիսի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնից: Ճարտարապետ Խիկար Միրզոյանի խոսքով` նշյալ տարածքը պատկանել է ոչ թե Մարտին Մայսուրյանին, այլ` քաղաքին: «Կադաստրով այդ հողի համար անձնագիր է հանվել` որպես քաղաքի սեփականություն: Ավագանու նիստով էլ որոշվեց, որ հանվի աճուրդի»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Խ. Միրզոյանը: Ի պատասխան Մ. Մայսուրյանի փաստարկներին` ճարտարապետն ասաց. «Կարող է մարդ շատ բան ասի, բայց մենք գենպլան ունենք, եւ գենպլանով այդ հողերը քաղաքի սեփականությունն են: Իսկ ինչ վերաբերում է, որ ինքն այդ հողերը մշակել էր, գուցե բարձիթողի վիճակում էր, ապօրինի ձեւով մշակում է եղել, հարեւանները բոլորն էլ գիտեն, որ ինքն է մշակելուց եղել: Իսկ հիմա քաղաքում քաղաքաշինական զարգացում է գնում, եւ մենք հարմար ենք գտել էդ հողերում` արդեն դիմորդներ եղել են, կառուցապատման տրամադրենք: Եթե ինքը տասնյակ տարիներ մշակել է, չի նշանակում, որ իր սեփականությունն է»: Հարցին, թե` քաղաքի քաղաքաշինական զարգացման համար ո՞ւմ է հատկացվել նշյալ հողատարածքը, Գորիսի քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց. «Ես հիմա չեմ հիշում, թե ո՞վ է աճուրդին հաղթել: Մասնակցողներ եղել են, մեկը հաղթել է»: «Մե՞կը, թե՞ Սյունիքի մարզպետի կնոջ եղբայրը` Մելիք Բարսեղյանը» հարցին ի պատասխան` Խ. Միրզոյանն ասաց. «Կարող ա, չեմ իմանում` ում եղբայրն է»: Ընդ որում` Խ. Միրզոյանը նաեւ նշեց, թե Մ. Մայսուրյանին նախապես զգուշացրել էին աճուրդին մասնակցելու մասին, բայց վերջինս չէր համաձայնել: Իսկ թե ի՞նչ է կառուցվելու նշյալ հողատարածքում, ճարտարապետը պատասխանեց. «Երկու տարբեր հոգի շահել են, առանձնատուն են կառուցելու»: Ի դեպ, ավելի ուշ աճուրդին չմասնակցելու պատճառը փորձեցինք պարզել Մ. Մայսուրյանից, ով այսպես պատասխանեց. «Ընդհանրապես աճուրդի մասին ոչ մի գաղափար չեմ ունեցել: Նրանք 60-70 տարվա հողատարածքը ձեւակերպել են որպես անհայտ, անօգտագործելի տարածք, որպեսզի գաղտնի կերպով հնարավորություն ունենան օտարել աճուրդի միջոցով: Ի՜նչ աճուրդ, ի՜նչ հրավիրել: Ոչ միայն պաշտոնական աճուրդ չեն կազմակերպել, այլեւ ընդհանրապես ես գաղափար չունեի, որ աճուրդի միջոցով նման գործարք են կազմակերպել: Իմ միակ պահանջը արդարադատությունն է»: