Պարզեցվել

31/01/2012

ՊԵԿ-ի կողմից իրականացվող շարունակական բարեփոխումների արդյունքում պարզեցվել են մաքսային ընթացակարգերը, էապես կրճատվել փաստաթղթաշրջանառության ծավալը, ազատականացվել է ամբողջ գործընթացը: Ըստ ՊԵԿ տարածած հաղորդագրության` բարեփոխումներին զուգահեռ` չի թուլացել մաքսային հսկողությունը: «Ավելին, այն խստացվել է` տեխնիկական վերազինման եւ հսկողության այլ գործիքների կիրառման արդյունքում: Իսկ մաքսային հսկողության նոր մեխանիզմների շարունակական կատարելագործումը հիմնականում ուղղված է այն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին, ովքեր փորձեր են անում, օգտվելով պարզեցված ընթացակարգերից, շրջանցել օրինական դաշտը: Մասնավորապես, այսպես կոչված` «տուրիստական բեռների» անվան տակ փորձ է արվում նաեւ բարձրարժեք բեռներ տեղափոխել` դրանք ձեւակերպելով որպես էժանագին ապրանք»,- ասած է հաղորդագրության մեջ: Ըստ

ՊԵԿ-ի` մաքսային արժեքների բարձրացումների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Պարզապես այդ ապրանքների նկատմամբ ավելի ակտիվ եւ խիստ հսկողություն է իրականացվում: «Ընդհանրապես, մաքսային ընթացակարգերի պարզեցումը, արագացումը եւ դրանց արդյունավետ կիրառումը մեծապես պայմանավորված է բիզնեսի վարքագծով»,- նշված է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: