«Օգնություն» արյան քաղցկեղով տառապող երեխաներին

31/01/2012

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ նախաձեռնել է հերթական բարեգործական ծրագիրը: Այս մասին երեկվա ասուլիսում հայտարարել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանը: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը «Օգնեմ» հիմնադրամի միջոցով արյան քաղցկեղով հիվանդ եւ այս պահին բուժում ստացող 27 երեխաներից յուրաքանչյուրին փոխանցելու է 2000 ԱՄՆ դոլար: «Օգնեմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, երգահան Էդգար Գյանջումյանի հավաստմամբ` այդ գումարը պետք է օգտագործվի երեխաներին անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման եւ հետազոտության համար: «Գումարն առձեռն նրանց չի տրամադրվելու: Թե ինչպես են ծախսվելու այս գումարները, յուրաքանչյուր ոք կարող է հետեւել մեր կայքէջի միջոցով: Այս գումարը նրանք կարող են օգտագործել նաեւ այն պարագայում, երբ ցանկանան բուժումը շարունակել արտասահմանում»,- հայտարարել է Էդ. Գյանջումյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված արյան քաղցկեղով տառապող երեխաներին հենց այդ չափով գումարի հատկացումը, եւ արդյո՞ք դա բավարար է վերջնական բուժման համար, Մարիաննա Քաբաբյանը պատասխանել է. «Խորհրդակցելով «Օգնեմ» հիմնադրամի հետ, մեզ առաջարկեցին, որպեսզի հատկացվելիք գումարի չափը լինի 500.000 դրամ, սակայն Կարեն եւ Սամվել Կարապետյանները որոշեցին շատ ավելի գումար հատկացնել, որպեսզի բուժումը լինի վերջնական եւ ավելի արդյունավետ»: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանի խոսքով` առաջիկայում երեխաները կստանան ծանուցում այն մասին, որ բանկում ունեն գումար եւ կարող են այն ծախսել ցանկացած պահի: Հավելենք, որ 27 երեխաների մեջ ընդգրկված են նորածիններից մինչեւ 17 տարեկան երեխաներ: «Հայաստանում ամեն տարի արյան քաղցկեղով բուժում է անցնում շուրջ 40 երեխա: Այս պահին բուժման կարիք է զգում 27 երեխա, որոնց էլ կաջակցի «Տաշիր» հիմնադրամը»,- նշել է Էդգար Գյանջումյանը:

Ի դեպ, Էդգար Գյանջումյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներով անձամբ զբաղվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: